Կառավարությունը կարող է 1 օրում լուծել ՀԷՑ-ի խնդիրը. Ժողովուրդ

էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների տարածմանը զուգահեռ՝ հատկապես իշխանության ներկայացուցիչների շուրթերից վերջին օրերին հաճախ կարելի է լսել հարց, թե ինչպես կարելի է էլէներգիայի թանկացում թույլ չտալ:
Նման հարց հնչեցնողները պնդում են, որ անկախ նրանից, թե ինչպես է գոյացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 220 միլիոն դոլարի պարտքը, եթե այսօր Էլէներգիայի սակագինը չբարձրանա, ապա Էներգամատակարարման համակարգը լուրջ խնդիրների առջեւ կկանգնի, այլ ելք էլ չկա:
«ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանություններին լուծման մի տարբերակ է առաջարկում. ՀՀ կենտրոնական բանկը կարող է պետական պահուստների հաշվին, օրինակ, տասը տարով 220 մլն դոլարի վարկ տրամադրել ՀԷՑ-ին՝ դիմացը որպես գրավ վերցնելով այդ ընկերության բաժնետոմսերը:
Այս մոտեցումը լիարժեք տեղավորվում է ՀՀ Սահմանադրության 83.3 հոդվածի սահմաններում, որտեղ նշված են ՀՀ ԿԲ-ի գործառույթները: Ըստ այդմ, Սահմանադրությունը սահմանում է.
«ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունությունն ապահովելն է»: Իհարկե, որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կլինի այս տարբերակը կիրառելու դեպքում, ինչը ՀՀ Կառավարությունը կարող է 1 օրում կազմակերպել:
Դրանից 10 օր անց համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, ու օրենսդրական դաշտն արդեն հնարավորություն կտա գործարքը կնքել: Այդ գործարքով եւ ՀԷՑ-ի խնդիրը կլուծվի, եւ հնարավոր կլինի հմուտ քարոզչությամբ հակառուսական տրամադրհւթյունները չեզոքացնել երկրում, ինչն այդքան ցանկանում են իշխանական կոնկրետ շրջանակներ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: