Ցուցարարների մոտ սառը զենք է հայտնաբերվել. ոստիկանության ողջամիտ ժամկետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում էր: Սակայն նա չմոտացավ ակտիվիստներին: Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքող քաղաքացիների մոտ տարբեր տեսակի սառը զենքեր են հայտնաբերվել:
«Ոստիկանությունը բացի տեսանելի աշխատանքից, անտեսանելի աշխատանք է կատարում, ինչի մասին երբեմն չենք բարձրաձայնում, դուք չեք էլ իմանում: Երեկվա անտեսանելի աշխատանքի արդյունքում բիզեր, դանակներ են հայտնաբերվել քաղաքացիների մոտ, որոնք կարող էին օգտագործվել և ցուցարների, և ոստիկանների դեմ»,-նշեց Պողոսյանը:
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյո՞ք ցուցումներ ստացել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից: Նա ասաց, որ ոստիկնապետի կողմից մշտապես ցուցումներ ստանում են: Նա նաև ընդգծեց, որ Վլադիմիր Գասպարյանը գոհ է եղել իրենց աշխատանքից: Պողոսյանն, անդրադառնալով այսօր իրենց կողմից կատարվելիք գործողություններին, նկատեց, որ դեռ ոչինչ չի կարող հայտնել, քանի որ դեռ սպասողական վիճակում են:
Փոխոստիկանապետը շեշտեց, որ ողջամիտ ժամկետներում ցուցարարները պետք է ազատեն Բաղրամյան պողոտան: