Կատաղած ցլի հայացքով ոստիկան ու տուժած լրագրողներ /վիդեո/
Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երեկ Բաղրամյան պողոտայի վրա ցույցի ժամանակ ոստիկանական գործողություններից տուժած լրագրողները մանրամասնեցին կատարվածը:
Նրանք նշեցին, որ իրենց լրագրողական վկայականները հիմք չեն հանդիսացել, որպիսի իրենք կարողանան հանգիստ աշխատել ու ապօրինաբար չտեղափոխվել ոստիկանություն:
«Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրող Անի Հովհաննիսյանը նախ ափսոսանք հայտնեց, որ բռնությունների ենթարկված բոլոր լրագրողները չեն ներկայացել ասուլիսին, այլ միայն 2-3-ը :
Անի Հովհաննիսյանը պատմում էր, որ նկատել է խումբ խումբ դեպի ցուցարարները շարժվող քաղաքացիական հագուստով մարդկանց, նրանք ծեծի են ենթարկել մարդկանց, իսկ երբ նկատում էին, որ իրենց նկարահանում են, փորձում էին խլել հեռախոսները և տեսանկարահանող սարքերը: Երբ Անին հասել է Ազատության հրապարակ իր քրոջ հետ միասին, տեսել է, թե ինչպես են ոստիկանները ծեծելով բերման ենթարկում ջրցան մեքենաներից դեպի Ազատության հրապարակ քշված ցուցարարներին:
«Եվ երբ ես նկարահանում էի, քաղաքացիական հագուստով մի խոշոր ոստիկան` կատաղած ցլի հայացքով վազեց դեպի իմ կողմը»,- պատմեց Անին, նշելով, որ երբ ոստիկանները վազել է լրագրողների հետևից, լրագրողները մի պահ սկսել են փախչել, հետո որոշել են կանգ առնել: Եվ երբ այդ ոստիկանը հասել է լրագրողներին, ներկայացել է որպես Գագո, ասել է, որ իրեն չի հետարքրում լրագրողների բեյջը, ու սպառնացել է, որ կտանի ոստիկանական բաժանմունք:
Մանրամասները՝Henaran.am-ի տեսանյութում: