Վստահության դեֆիցիտ կա.Արծվիկ Մինասյան

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Ռուբեն Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Թևան Պողոսյանի, Արծվիկ Մինասյանի, Էդմոն Մարուքյանի, Արմեն Բաբայանի ու Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողով ներկայացված` մշտադիտարկում իրականացնելու մասին ԱԺ որոշման նախագիծ ընդունելու հարցը:
Իր ելույթում Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախագծի քննարկումը համընկավ հասարակական լարված իրավիճակի հետ, և հասկանալի է առանձին պատգամավորների զայրույթը:
«Այն մեծածավալ աշխատանքը, որը կատարեց գազամատակարարման ոլորտում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, չպետք է մնա թղթի վրա: Հարկավոր է, որ այն առաջարկություններն ու մոտեցումները, որ եղան այս ընթացքում, քննարկվեն պատկան մարմինների հետ:
Այս նախագծով տնտեսական հարցերի հանձնաժողովը համակարգված աշխատանքներ կարող է իրականացնել` այդ առաջարկությունների հիման վրա եզրակացությունները ներկայացնելով ԱԺ-ին»,- ասաց պատգամավորը:
Նա համաձայնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն տեսակետի հետ, որ կա վստահության դեֆիցիտ հասարակության շրջանում, և ներկայացվող նախագիծը միտված է նրան, որ հասարակությանը հավուր պատշաճի տեղեկություն ներկայացվի ու փորձ արվի բարձրացնել այդ վստահությունը:
«Այո, այսօր հանրությունը դժգոհում է շատ բաներից, որովհետև չունի ամբողջական ինֆորմացիա: Այսօր պաշտոնյաները կարող են ասել՝ այո , մենք չունեինք այլընտրանք, պետք է թանկացնեինք հոսանքը, բայց, մյուս կողմից, ասելը քիչ է, անհրաժեշտ է որ հիմնավորում լինի` պատշաճ հիմնավորում: Իսկ այսօր մենք չունենք վստահություն այս համակարգերի նկատմամբ»,- ասաց պատգամավորը:
Նա կարևորեց հանրային լայն համախմբումը խնդիրների շուրջ: Եվ եթե առաջարկվող նախագիծն իրականություն դառնա, ապա, ըստ պատգամավորի, դա կարևոր քայլ կլինի թե’ ԱԺ վերահսկողական ընդլայնման, թե’ հանրության մոտ ԱԺ դերակատարումը մեծացնելու ուղղությամբ:
Պատգամավորը հավելեց, որ, բացի ՀԱԿ-ից, բոլոր խմբակցությունները և անկախ պատգամավորները կողմ են արտահայտվել ներկայացված նախագծին: