Դուք արդեն լեզվին եք տալիս … վեճ ԱԺ-ում

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Ռուբեն Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Թևան Պողոսյանի, Արծվիկ Մինասյանի, Էդմոն Մարուքյանի, Արմեն Բաբայանի ու Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողով ներկայացված` մշտադիտարկում իրականացնելու մասին ԱԺ որոշման նախագիծ ընդունելու հարցը: Այն նախատեսում է մշտադիտարկում անցկացնել էներգետիկ համակարգում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մինչ հիմնական հարցին անդրադառնալը, ինչպես մնացած ընդդիմադիր պատգամավորները իր պարտքը համարեց անդրադառնալ Բաղրամյան պողոտայում կատարված դեպքերին, սակայն Գալուստ Սահակյանը ինչպես նախորդ դեպքերում ընդհատեց նրան:
Հակոբյանը զայրացավ ու բավականին խիստ ու բարձր ձայնով ասաց. «Ինձ, խնդրում եմ, չընդհատեք, ես տեղյակ եմ ԱԺ կանոնակարգին, ավելին քան Դուք: Մի’ սրեք իրավիճակը, Դուք ավելի շատ եք սրում իրավիճակը»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես Ձեզ կզրկեմ խոսքից, որովհետև Դուք արդեն լեզվին եք տալիս, և ոչ թե` մտքին»:
«Ես կարող եմ շատ բանի տալ», հակադարձեց Հակոբյանը, ապա շարունակեց. «Թույլ տվեք խոսել, էս ամբիոնը թանկ է ինձ համար: Չի կարելի չտեսնել դեպքեր, որոնք լուրջ հասարակական հնչեղություն ունեն: Այսօր վստահության լուրջ դեֆիցիտ կա` թե’ իշխանություն-ընդդիմություն, թե’ ժողովուրդ-ընդդիմություն, թե’ ժողովուրդ-իշխանություն»: