Մամայիս եմ ուզում …Երևանի Մաշտոցի պողոտայում թուրք լրագրող է վրաերթի ենթարկվել. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվեց 2014 թվականի դեկտեմբերի 26-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում լրագրող Գայե Ջոշարի վրաերթի գործով դատական քննությունը:
Գայե Ջոշարը Ավստրալիայի քաղաքացի էր, «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավված էր որպես լրագրող ու հետազոտող Թուրքիայից:
Գայեն Հայաստանում էր 2014 թվականի նոյեմբերից: Վրաերթից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ 2015 թվականի հունվարի 7-ին մահացել է:
Գայեն պատրաստվում էր դեկտեմբերի վերջին մեկնել Թուրքիա՝ ծնողներին այցելության…
Մահվան ելքով վրաերթի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Արամ Գրիգորյանին:
Ըստ մեղադրանքի՝ 34-ամյա Արամ Գրիգորյանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում իր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Մաշտոցի պողոտայով դեպի Մատենադարան շուրջ 40 կմ/ժամ արագությամբ:
Իր ուղեմասի երկրորդ շարքով երթևեկելով՝ հեռահար լույսերը միացված վիճակում, Մաշտոց-Թումանյան խաչմերուկին չհասած՝ «Քեյ-Էֆ-Սի»-ի մոտ, Գրիգորյանը թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություն՝ իր ընթացքի ուղղությամբ, առջևում, երթևեկելի ուղեմասում պառկած Գայե Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու, ընկածի նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով ժամանակին չի արգելակել ու մեքենան չի կանգնեցրել մինչև ընկած կնոջը հասնելը, ինչի հնարավորությունը, ըստ մեղադրանքի, Արամ Գրիգորյանն ունեցել է: Մինչդեռ խախտելով կանոնները, նա ինքն իրեն զրկել է վրաերթը՝ վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջևի մասով վրաերթի է ենթարկել Գայե Ջոշարին ու անզգուշությամբ պատճառել է մահ:
Դատարանում մեղադրող Չախոյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Արամ Գրիգորյանն ասաց, թե առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ երթևեկել է ոչ թե մեքենայի հեռահար, այլ մոտակա լույսերով, ընկածին նկատել է 10-15 մետր հեռավորությունից և անմիջապես արգելակել է մեքենան, սակայն տեխնիկապես հնարավորություն չի ունեցել կանխելու վրաանցումը:
Դատարանը ստուգեց ամբաստանյալի կենսագրական տվյալները: Արամ Գրիգորյանի խնամքին են, իր հայտարարությամբ, երկու անչափահաս երեխաները, կինը և անառողջ ծնողները:
Դատարանի հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ որևէ կուսակցության անդամ չէ, պատգամավոր չէ, իր ընտանիքի միակ կերակրողն է, վաստակել է «Օպել Վեկտրա» մեքենան որպես տաքսի ծառայեցնելով:
Ամբաստանյալը հայտնեց նաև, որ հինգ տարի առաջ դատվել է Ռուսաստանում ու, իր կարծիքով, դատվածությունը մարված է:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Ն. Նորիկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով գործով իրեղեն ապացույց ճանաչված ու ճանապարհային ոստիկանությանն ի պահ հանձնված «Օպել Վեկտրա» մեքենան սեփականատիրոջը՝ ամբաստանյալին վերադարձնել:
Պաշտպանը իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Արամ Գրիգորյանն ընտանիքի միակ կերակրողն է, նա վաստակում է մեքենան որպես տաքսի ծառայեցնելով: Ներկայումս նա վարձով վարում է ուրիշի մեքենան, ինչի պատճառով էապես քիչ է վաստակում ու չի կարողանում հոգալ ընտանիքի հոգսերը:
Ն. Նորիկյանը հենվեց օրենքի այն դրույթի վրա, որ կարող են սեփականատիրոջը վերադարձվել իրեղեն ապացույց ճանաչված թռչունները, ընտանի կենդանիները և մեքենաները, եթե դրանց վրա կալանք դրված չէ ու քաղհայց ներկայացված չէ:
Տվյալ գործով «Օպել Վեկտրա» մեքենայի սեփականատերը Արամ Գրիգորյանն է, մեքենայի վրա կալանք դրված չէ, մեքենան ճանաչվել է որպես իրեղեն ապացույց, ներկա դրությամբ տուժող կողմը քաղհայցի պահանջ չի ներկայացրել:
Մեղադրող Չախոյանը միջնորդության վերաբերյալ ասաց, թե դա վաղաժամ միջնորդություն է, գործի քննության ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված մեքենան կարող է հարկավոր լինել, տուժող կողմն էլ դեռ կարող է քաղհայց ներկայացնել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ն. Բաղդասարյանը ըստ էության, դեմ չեղավ պաշտպանական կողմի միջնորդությանը, միայն հիշեցրեց, որ պաշտպանական կողմը միգուցե միջնորդություն ներկայացնի մեքենան ավտոտեխնիկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ, այդ դեպքում մեքենայի շահագործումը կարող է և նպաստավոր չլինել:
Դատարանը, կողմերին լսելով, միջնորդությունը համարեց վաղաժամ, այն թողեց առանց քննության, քանի որ մեքենան իրեղեն ապացույց է ճանաչված, դատարանը դեռևս չի հետազոտել իրեղեն ապացույցները: Գործի քննության համապատասխան փուլում պաշտպանը կարող է նույն միջնորդությամբ դարձյալ հանդես գալ:
Պաշտպան Նորիկյանը հայտարարեց, որ հարգում է դատարանի որոշումը, ճիշտ պահին անպայման հանդես կգա նույն միջնորդությամբ, չնայած որպես պաշտպան և որպես իրավաբան՝ համոզված է, որ ներկայացրել է անթերի միջնորդություն:
Նախագահող դատավորը այս հայտարարությունն անպատասխան չթողեց ու նկատեց. «Շնորհավորում եմ ձեզ, եթե Ձեզ համարում եք անթերի…»:
Այնուհետև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդեց գործով վկաների հարցաքննությունը, դատաբժշկական փորձաքննության եզրակացության, գործում առկա լուսանկարների և տեսանյութերի հետազոտությունը կատարել դռնփակ պայմաններում, քանի որ կարող են արծարծվել տուժողի անձնական կյանքին վերաբերող փաստեր:
Դատարանը մերժեց այս միջնորդությունը՝ նշելով, որ վկաները հարցաքննվելու են մեղադրանքի շուրջ, իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, մեծ ցանկություն կունենան տուժողի անձնական կյանքի վերաբերյալ նույնպես ցուցմունք տալ, դատարանը կարող է իր նախաձեռնությամբ հարցաքննության տվյալ մասն անցկացնել դռնփակ պայմաններում: Այս գործով անձնական կյանքի անձեռնմխելիության վերաբերյալ խնդիրներ չկան, դատական քննությունը կկատարվի դռնբաց պայմաններում:
Գործով ապացույցների հետազոտման կարգ սահմանվեց:
Սկզբում կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործում առկա ապացույցները, վերջում կհարցաքննվի մեղքը չընդունող ամբաստանյալը:
Առաջին վկան, որ հրավիրվեց դահլիճ, հայերեն չգիտեր: Նախագահողը տեղեկացրեց, որ դատական նիստի վերաբերյալ իրազեկված համապատասխան գրասենյակը թարգման չի ուղարկել՝ հայտնելով, թե տեխնիկական խնդիրներ կան դատական դեպարտամենտի հետ կապված:
Թարգմանների տրամադրման ասպարեզում պարբերաբար ի հայտ եկող «տեխնիկական խնդիրները» մեկ անգամ չէ, որ խոչընդոտում են դատական նիստերի անցկացմանը:
Դատարանը հարցաքննեց վկա Արա Վ.-ին: Վկան Գայե Ջոշարի ծանոթներից էր, անգլիացի հայ, ուսանող, սովորում է երևանյան կոնսերվատորիայում:
2014 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 21-22-ի սահմաններում այս վկան, նրա ընկերուհին, ևս մի ընկեր ու տուժող Գայե Ջոշարը Փարպեցի-Պուշկին խաչմերուկում գտնվող «Կալումետ» փաբում են եղել, գարեջուր են խմել:
Վկան այդ օրն իր ընկերուհուն պետք է օդանավակայան տաներ ու ճանապարհեր, այդ պատճառով ցանկացել են գնալ ընկերուհու տուն: Գայեն մնացել է փաբում:
Հետո խումբը որոշել է մեկնումից առաջ սնվել: Գնացել են Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս» պանդոկ:
Գայեն եղել է նրանց հետ, ոգելից խմիչք է օգտագործել:
Պանդոկից դուրս են եկել, մեքենայով ցանկացել են Գայեին իջեցնել նրա տան մոտ, որովհետև նա խմիչքի ազդեցության տակ էր, սակայն Գայեն մեքենայից իջել է Թումանյան փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ՝ ասելով, թե տարադրամ պիտի փոխանակի:
Ընկերները տեսել են, որ Գայեն սուպերմարկետ չմտավ, այլ սկսեց իջնել Փարպեցի փողոցով:
Անհանգստանալով Գայեի համար՝ ընկերները մեքենան քշել են Փարպեցի փողոցով, բայց Գայեին կորցրել են տեսադաշտից, պտույտ են կատարել: Ընկերներից մեկն իջել է մեքենայից՝ Գայեին գտնելու համար, իսկ Արան ցանկացել է ուղևորվել օդանավակայան, որ ընկերուհուն ճանապարհի:
Այդ ժամանակ նրան զանգել է մեքենայից իջած ընկերն ու ասել է, որ Արան շտապ մոտենա Մաշտոց-Թումանյան խաչմերուկին, որովհետև Գայեն վրաերթի է ենթարկվել:
Արան շտապել է այնտեղ ու տեսել է, որ շատ մարդ է հավաքվել: Գայեն պառած էր փողոցի կենտրոնում: Անմիջապես շտապօգնություն և ոստիկանություն են զանգել: Վկան տեսել է, որ աջ կողմում մի մեքենա է կանգնած, որի վարորդն ասել է, թե ինքը տուժողին վրաերթի չի ենթարկել, տեսել է նրան ընկած ու արգելակել է: Այդ վարորդը եղել է ամբաստանյալի տեղում նստած Արամ Գրիգորյանը:
«Իմ մտահոգությունը Գայեն էր, ոչ թե նրան վրաերթի ենթարկած մեքենան»,- ասաց վկան: Նա ավելացրեց, որ աջ կողմում կանգնած մեքենայի վրա՝ առջևի մասում, ինքը վնասվածք չի նկատել: Գայեն ասել է, որ ավտո է անցել, բայց թե ինչ ավտո՝ չի ասել…
Վկան հայտնեց, որ երբ ինքը մոտեցել է, Գայեն խոսում էր, «բայց գիտակից չէր, ուժեղ ցավի մեջ էր, ձայներ էր հանում»:
Մինչև շտապօգնության գալը տևել է մոտ 15-20 րոպե: Ընկերները նստած են եղել Գայեի կողքին. «Մենք բժիշկ չէինք, չգիտեինք՝ ինչով կարող ենք նրան օգնել, սպասում էինք բժիշկներին … Գայեին չենք տեղաշարժել… »:
Գայեն, ըստ վկայի, անգլերեն կրկնել է՝ մամայիս եմ ուզում…
Վկան շտապօգնության գալուց հետո հասել է հիվանդանոց, Գայեն շարունակում էր ցավից գոռալ: Հետո վկան ընկերուհուն տարել է օդանավակայան, վերադարձել է հիվանդանոց: Գայեին այդ ժամանակ տանում էին վիրահատության …
Երկրորդ վկան Հարություն Շ.-ն էր: Հարությունը դեպքի պահին եղել է ամբաստանյալ Արամ Գրիգորյանի ուղևորը: Գրիգորյանը այս ուղևորին վերցրել էր «Զվարթնոց» օդանավակայանում և տանում էր Զեյթուն:
Վկան ասաց, որ Երևան էր եկել Մոսկվայից: Թռիչքը երեք ժամ ուշացումով էր կատարվել, ինքը տեղ էր հասել ուշացումով: Հենց օդանավակայանի մուտքի մոտ տեսել էր մի «Օպել» մեքենա, վարորդի հետ պայմանավորվել էր, որ իրեն Զեյթուն տանի:
Քանի որ շատ հոգնած էր, մեքենայի մեջ անընդհատ ննջել է:
Մաշտոցի պողոտա մտնելուն պես, երբ դուրս են եկել թունելից, արթնացել ու տեսել է, որ պողոտայի լույսերն անջատված են, նույնիսկ այդ առումով ինչ-որ արտահայտություն է արել:
Հետո նորից է ննջել, բայց արթնացել է վարորդի գոչյունից՝ արա, վայ, վայ: Անմիջապես «դմփոց» է լսվել: Վարորդն ասել է՝ մարդ էր, պառկած էր: Նա անմիջապես արգելակել է, մեքենան առաջ է շարժվել ու կանգնել:
Վկան ասաց, որ ինքն ու վարորդն իջել ու անմիջապես գնացել են մեքենայի հետնամասը՝ մտածելով, թե այն, ինչին հարվածեց մեքենան, հետնամասում կլինի: Բայց այնտեղ ոչինչ չի եղել:
Այդ պահին լսել են կնոջ տնքոց: Գնացել են դեպի մեքենայի առաջամասը:
Տեսել են, որ մեքենայի առջևի «շիտի» տակ կնոջ գլուխ է: Մարմինը եղել է մեքենայի անիվների միջև:
Վարորդն անմիջապես նստել է մեքենա ու հետընթաց է կատարել՝ մինչև տուժողի մարմինը դուրս գա մեքենայի տակից: Վկայի կարծիքով՝ մեքենայի անիվները տուժողի մարմնի վրայով չեն անցել:
Այս վկայի հեռախոսով են զանգել շտապօգնություն և ոստիկանություն: Վկան տեսել է, որ անմիջապես մի մեքենա մոտեցավ, որից իջած երիտասարդը երևի տուժողի ծանոթն էր, նրա անուննէր կանչում: Քիչ անց մոտեցել է տուժողին ծանոթ մի կին…
Շտապօգնության ու ոստիկանների ժամանումից հետո վկան մեկ այլ տաքսիով տուն է գնացել:
Վկան հիմնականում կանգնած է եղել մայթեզրին, շատ չի մոտեցել տուժողին: Վերջինս տաք շորերով էր, վկան նրա դեմքին քերծվածք է նկատել, բայց արյուն, մեքենայի պոկված մասեր, վրաերթի այլ հետքեր փողոցում չեն եղել:
Վկան ասաց, թե իր կարծիքով՝ Արամ Գրիգորյանը մեքենան վարում էր մոտ 40-60 կմ/ժամ արագությամբ, թե ինչ լույսերով՝ հեռահար- մոտակա, չի կարող ասել, որովհետև անընդհատ ննջել է ու չի հետևել վարորդի վարելու տեխնիկային: Հիշում է, որ Մաշտոցի պողոտայում մութ էր, լույսերը հանգած էին, ենթադրում է, որ Արամի մեքենան շարժվել է մոտակա լույսերով: Եղանակը պարզ էր, ասֆալտը՝ չոր… Հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 8-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:
Օրվա ամբողջական հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: