Րաֆֆին կվերցնի էպոսագետի գումարը մի պայմանով
‘Ժառանգությունը’ կընդունի Վարդան Սեդրակյանի առաջարկած գումարը, եթե վերջինս չառաջադրի սեփական թեկնածությունը նախագահական ընտրություններում և սատարի ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նշենք, որ այսօր ասուլիսում էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ պատրաստ է վճարելու “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական գրավը:
Խուրշուդյանի խոսքով` իրենց համար զարմանալի է, թե ինչու է էպոսագետ Վարդան Սեդրակյանը կարծում, որ իրենք ընտրագրավի համար գումար չունեն, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման հայտարարություն չի արել: Նա հայտնեց, որ ‘Ժառանգությունը’ ընտրագրավի համար գումար ունի:
Սակայն ինչ վերաբերում է նրան, որ Սեդրակյանը կարող է գումար տրամադրել քարոզարշավի համար, ապա Հովհաննիսյանը այդ գումարը միայն վերոնշյալ դեպքում կընդունի, քանի որ դա թույլատրված է օրենքով:
‘Մենք պատրաստվում ենք օգտվել օրենքով տված այդ հնարավորություններից և կարծում եմ` լավ ավանդույթ կլինի, որպեսզի քաղաքացիները իրենց նվիրատվություններով, աջակցելով այս կամ այն իրենց նախընտրած թեկնածուին` ձևավորեն իշխանություն, որը կծառայի իրենց’,-ասաց խոսնակը:
Սակայն եթե Սեդրակյանը ևս առաջադրի իր թեկնածությունը, ապա Հովհաննիսյանը կոռեկտ չի համարի վերցնել այդ գումարը: ‘Դա իր PR-ի նպատակներն է հավանաբար օգտագործում: Մենք կոչ կանենք PR-ի այլ մեթոդներ կիրառել այդ դեպքում’,-նկատեց Խուրշուդյանը: