Մենք հո՞ չենք սպանելու շարժումը. Հրանտ Բագրատյան /վիդեո/
“Եթե ես ծնված լինեի ԱՄՆ-ում եւ եթե ծագումով լինեի անգլոսաքս եւ եթե ավարտեի Հարվարդը, ապա անպայման կփորձեի ստանալ Նոբելյան մրցանակ: Մնացած ամեն ինչում ես նույն Հրանտ Բագրատյանն եմ”,-այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին` եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, արդյո՞ք Հրանտ Բագրատյանը կառաջադրի իր թեկնածութնունը, ասել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Մեր հարցին, թե ըստ էության այս պատասխանով պարոն Բագրատյանը չի՞բացառում իր առաջադրվելու հնարավորությունը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.”Ես կոնկրետ ՀԱԿ-ում ասել եմ եւ կարծում եմ բոլորն էլ կամ մեծը մասը ինձ հետ համաձայն են, որ ՀԱԿ-ը պետք է եւ կունենա իր թեկնածուն: Կարող ենք հաշվել ՀԱԿ-ից քանի հոգի կան` կա Սոցիալ –դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, կարող է լինել Լյուդմիլա Սարգսյանը, կա “Ժողովրդավարական հայրենիքը”, կարող է լինել Պետրոս Մակեյանը, քանի՞ թեկնածու եք ուզում”:
Մեր դիտարկմանը, թե խոսքը իրական պոտնեցիալ թեկնածուների, այլ ոչ թե մեր ցանկության մասին է, Հրանտ Բագրատյանը կրկին փորձեց խուսանավել.”Կգա ժամանակը, կիմանաք, կլսեք, անունն էլ կլսեք, ազգանունն էլ կլսեք, հայրանունն էլ չենք թաքցնի”:
Բագրատյանին խնդրեցինք ավելի լուրջ պատասխանել այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀԱԿ-ԲՀԿ քաղաքական համագործակցությանը: “Ես պրոցեսից այս պահին տեղյակ չեմ, գիտեմ, որ պրոցեսը կա` ՀԱԿ-ԲՀԿ, ՀԱԿ-Դաշնակցություն եւ կարծեմ ՀԱԿ-“Ժառանգություն”: Ես կխնդրեի, որ այդ հարցերը ուղղեիք Զուրաբյան Լեւոնին: Լեւոնը մեզ մոտ իբրեւ համակարգող զբաղվում է այդ հարցով”:
Ինչ վերաբերվում է իր վերաբերմունքին, Հրանտ Բագրատյանն ասաց.”Ընդհանուր առմամբ նորմալ եմ վերաբերվում, թող իրար հետ բանակցեն եւ այլն եւ այլն, բայց երբեմն չեղած տեղը մի բառից մի կառչեք: Այդպիսի բաներ, կարծում եմ, չկան, իսկ իմ կոնկրետ մոտեցումն է, որ ՀԱԿ-ը պետք է ունենա իր թեկնածուն: Մենք հո՞ չենք սպանելու շարժումը”:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ ՀԱԿ-ում բացառությամբ մեկ-երկու հոգու, որոնք ասել են, որ այսպես չեն մտածում, բոլորը համամիտ են իր կարծիքին:
“Ես հիմա չասեմ Բարգավաճի մասով, ասենք, եթե մենք պաշտպանենք Աշխատանքային կուսակցությանը, ապա Հրանտ Բագրատյանը ինքը ձեւ կգտնի Աշխատանքային կուսակցության հետ խոսելու, աշխատելու կամ թողնելու-հեռանալու : Այս բաները ասվել են ՀԱԿ-ում, ինչ վերաբերվում է ընդհանրապես Աշխատանքային կուսակցության հետ բանակցություններին, խնդրեմ: Ես նույնիսկ ասել եմ մեր ընկերներին` ինչո՞ւ եք անընդհատ կենտրոնանում ԲՀԿ-ի վրա, անում եք նորմալ գործ` արեք, ինչո՞ւ եք անընդհատ կենտրոնանում ԲՀԿ-ի վրա եւ այդ մասին տեղյակ պահում հանրությանը: Նման կարծիք ես արտահայտել եմ, հիմա էլ եմ արտահայտում”,-շարունակեց Հրանտ Բագրատյանը եւ հավելեց.”Վերջում պարզվելու է, որ տակը բան չկա”:
Henaran.am-ի ճշտող դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հրանտ Բագրատյանը տեղյակ է պրոցեսից, բայց տեղյակ չէ մանրամասներից, ՀԱԿ համակարգողը արդյունքները չի՞ ներկայացնում ՀԱԿ անդամներին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. ”Կարող է պատահի ներկայացնում է, ես օրինակ` ՀԱԿ-ում վերջին երեք ամիսներին չեմ եղել”:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ խիստ զբաղված է եւ մտածում է, թե երբ ժամանակ կգտնի ՀԱԿ գնալու: Նա նաեւ նշեց, որ ՀԱԿ-ում մի անգամ է քննարկում եղել հարցի շուրջ` բանակցել, թե ոչ եւ որոշումը ՀԱԿ քաղխորհրդում ընդունվել է կոնսենսուսով:
“Ես կարիքը չեմ տեսնում, րոպեն մեկ զանգեմ ասեմ` ինձ եկեք ասեք` ինչ է եղել: Ես հարցրել եմ Լեւոնին` լուրջ բան կա՞”, -նշեց Հրանտ Բագրատյանը եւ հստակեցրեց, որ խոսքը Լեւոն Զուրաբյանի մասին է: