Հերմինե ջան, էդպես չի. թող Տիգրան Սարգսյանը հաշվի` բանկում ինչքան փող ուներ 1996-ին, հիմա ինչքան ունի
“96-ին պետությունը ընդամենը երեք տարի է դրամը մտցրել էր, բյուջեն կազմում էր 120 միլիարդ դրամ, գնաճը եղել է 2,3 բյուջեն ծախսերով 912 էր: Այս նույն սխալը թույլ տվեց նաեւ Հերմինե Նաղդալյանը, որը կարդաց այն, ինչ տվել էր վարչապետը: Ես նրան ասացի, Հերմինե ջան, էդպես չի’’-քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, թե 1996 թվականին, օրինակ, պետբյուջեն ավելի քիչ էր, քան ներկայիս բյուջեն էր եւ որ այն ժամանակ ի տարբերություն այսօրվա, աշխատավարձերը երեք-չորս հազար դրամ էին կազմում:
“16 տարի է անցել, մի 30 տոկոս էլ կյանք ա ավելացել, 1996-ին 5 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացին կարտոֆիլն առնում էր 30 դրամով: Էն ժամանակվա 5 հազարը հիմիկվա 20 հազարն է”,-շարունակեց Հրանտ Բագրատյանը եւ նկատեց, թե 1996-ին Հայաստանը միլիարդատեր չուներ, իսկ այսօր երկու-երեք միլիարդատեր կա:
“Թող Տիգրան Սարգսյանը հաշվի` բանկում ինչքան փող ուներ 96-ին, հիմա ինչքան ունի”,-գործող վարչապետին առաջարկեց նախկին վարչապետը եւ հավելեց.”Իր եկամուտներն աճել են տասնհինգ հազար անգամ` ի տարբերություն այն քաղաքացիների, որոնց եկամուտները իննսունվեցից երեսուն տոկոսով են աճել”:
Հրանտ Բագրատյանը նկատեց նաեւ, որ 1996-ը հետպատերազմյան երկրորդ խաղաղ տարին էր: Նրա խոսքով, անցել է եւս տասնվեց խաղաղ տարի եւ վիճակն այսպիսի ողորմելի է: