28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

« … չար ճանապարհներիցը ետ դառնան»

Նախօրեին կատարվեց միանգամից երկու եկեղեցիների օծման արարողություն. մի նորակառույց եկեղեցի ունեցանք Սևանում՝ «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին, մյուսն Արտաշատում՝ «Սուրբ Հովհաննեսը»: Սոցիալական ցանցերում քննադատություն է հնչում Հայ առաքելական եկեղեցու դեմ: Նշվում է եկեղեցիների կառուցման վրա մեծահարուստների ծախսած հսկայական գումարները, որոնցով կարող են կերակրել աղքատներին, կացարանով ապահովել անօթևաններին, կամ վերջին օրինակը՝ Սևանում եկեղեցու փոխարեն կարող էին ասֆալտապատել քարուքանդ եղած փողոցները: Կարծիք կա նաև, որ նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն կարելի է հները վերանորոգել:

Այո, մեր երկրում խնդիրները շատ են, եկեղեցիներն էլ քիչ չեն: Աստծո խոսքի համաձայն` Աստված ամենուր է եւ եկեղեցի են այն երկուսը, որոնք կանչում են նրա անունը: Այսինքն` եկեղեցի է մեր տունը, աշխատավայրը, ցանկացած տեղ, որտեղ աղոթք է հնչում: 

Հոգեւորականներից մեկը մեզ հետ զրույցում համաձայնեց, որ երկրում շատ են սոցիալական խնդիրները, որ Հայ առաքելական եկեղեցին, հոգեւոր հայրերը արթնության կարիք ունեն, որ Տիրոջ առաջնորդության կարիքն ունեն առաջին հերթին հոգեւորականները` հոտը հովվելու համար, որ մեր եկեղեցում շատ բան Տիրոջ խոսքից դուրս է, միաժամանակ նշելով, որ տեղաշարժ դրական առումով կա: Եկեղեցին դեմ չէ, որ գործարարներն ու բարերարները գործարաններ բացեն, կացարաններ կառուցեն, անապահովներին օգնեն: Մայր Աթոռը չի որոշում, թե այս կամ այն բարերարը կամ գործարարը պետք է եկեղեցի կառուցի: Դա անհատական որոշում է: Եկեղեցին քննադատողների պակաս չունի, Հայաստանում գործող աղանդներն ու նրանց ներկայացուցիչները բավական են: Միայն թե քննադատությունը պետք է հիմնավոր լինի:

Դարեր շարունակ մեր կաթողիկոսները երկու բացարձակ արժեքի ` Արարչի եւ Հայրենիքի զինվորն ու ծառան են եղել: Աստծո հրաշքով, եկեղեցու առաջնորդությամբ է, որ այսօր կա հինավուրց հայ ժողովուրդը` պետականության դրսեւորմամբ` հաստատված տարածքում:

Մեզանից շատերն այսօր փնտրում են Աստծուն, հոգեւոր առողջ սնունդի կարիք ունենք: Ոմանց համար կարեւոր չէ, թե որտեղ է այդ խոսքը հնչում, մարդիկ ուզում են սնվել եւ հաճախում են այնտեղ, որտեղ ճիշտ, թե սխալ քարոզվում է Ավետարանը: Իսկ եթե կառուցվում են եկեղեցիներ, թող կառուցվեն, թող դրանցում Աստված բնակվի, թող եկեղեցին հովվի իր հոտը, որ առավել քան երբեւէ ունի Տիրոջը գտնելու կարիքը:

Փառք Աստծո, այսօր մեր եկեղեցիներում Աստծո խոսք է հնչում, թող Աստված օծի մեր հոգեւորականներին, բարձրացնի նրանց` համազգային արթնություն բերելու առաջին քրիստոնյա ժողովրդին:

Աստծո հետ հարաբերություններում մենք օրհնված ժողովուրդ ենք` եւ հրաշքով գոյատեւելու, եւ ծեծվելու առումով. այստեղ իջավ Նոյն իր որդիների հետ, այստեղ մարդկությունն առաջին անգամ երկրպագեց Աստծուն, այստեղ Աստված առաջին ուխտն արեց մարդկության հետ` այլեւս ջրհեղեղի միջոցով չոչնչացնել մարդկությանը: 

Ավարտենք Աստվածաշնչյան մարգարեությամբ /Բ Մնացորդաց7.14/, որը աստվածաբանների պնդմամբ` հայ ժողովրդին է վերաբերում.

«Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհվեն, աղոթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը եւ կներեմ նրանց մեղքը եւ կբժշկեմ նրանց երկիրը»: 

Ամեն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ