Ազատ տնտեսական գոտիները, որպես տնտեսական աճի գործոն

Կայուն տնտեսական զարգացման կարևորագույն նախապայման է արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը՝ արտաքին աշխարհի նկատմամբ ազգային տնտեսության բաց լինելը: Ազատ տնտեսական գոտիները արտաքին տնտեսական գործունեությանը միտված պետական կարգավորման ձև է:
ԱՏԳ-ն տնտեսական գործունեության համեմատաբար նոր տեսակ է, որը համաշխարհային պրակտիկայում հայտնվել է 1950-ականների վերջում և լայն տարածում ստացել 1960-ական թվականներին: Այսօր ԱՏԳ-ը գործում են ավելի քան 80 երկրներում: ԱՏԳ-ի միջոցով է տեղի ունենում համաշխարհային ապրանքաշրջանառության 10%-ը:
Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակն է՝ օտարերկրյա ներդրումների, առաջադեմ տեխնոլոգիաների, աշխատանքի կազմակերպման նոր և արդյունավետ ձևերի ու մեթոդների ներգրավումն է, նոր աշխատատեղերի ստեղծմունը, արտահանման ծավալների աճի խթանումը:
Հայաստանում ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտ ստեղծվեց 2011 թ. «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները ապահովելու համար մի շարք այլ օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով: ԱՏԳ–ում գործունեություն իրականացնողներին տրվում է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի, գույքահարկի, մաքսային և այլ արտոնություններ:
Վերջերս գործադիրը որոշեց տրամադրել «ԼԱԿՈՒԶԵՌ ՀԱՅԱՍՏԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն` հատուկ տեխնոլոգիայով կոնյակի սպիրտի/կոնյակի դիստիլյատի վերամշակման և արտադրության իրականացման համար:
Ըստ ներկայացրած գործարար ծրագրի, նախատեսվում է 2015թ. ընթացքում իրացնել 5 մլն լիտր կոնյակի սպիրտ: Պատրաստի արտադրանքը պլանավորվում է արտահանել ԵՏՄ և ԵՄ երկրներ:
Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները առաջին տարում կկազմեն մոտ 2,3 մլն. ԱՄՆ դոլար, իսկ արդեն 2019թ.-ին` 3,2 մլն ԱՄՆ դոլար:
Ընկերությունն ունենալու է 1 400քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը մինչև 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:
Նշեմ, որ Հայսատանում արդեն իսկ գործում է «Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտին: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն են ստացել «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ն` լուսադիոդային սարքերի արտադրության ոլորտում, «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲԸ-ն` դեղագործության ոլորտում, «ԼԻՖՏՏԵԽՆԻԿ» ՍՊԸ-ն` վերելակների նախագծման և արտադրության ոլորտում:
«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Արդյունաբերական զագացած երկրներում ԱՏԳ-ը հիմնականում ստեղծվում են տնտեսապես առավել ընկճված շրջաններում, փոքր և միջին բիզնեսի աշխուժացման նպատակով, և ուղված են տարածաշրջանային անհավասարությունների հարթեցմանը: Զարգացող եկրներում շեշտը դրվում է արտասահմանյան կապիտալի, նորագույն տեխնոլոգիաների ներգրավման, արդյունաբերության արդիականացման, աշխատուժի որակավորման բարձրացման և առհասարակ արդյունավետ բիզնես մշակույթի ձևավորմանը: