ԱՄՆ-ը կխանգարի՞ Թուրքիայում հայկական մանկատան քանդմանը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արշավ է սկսել, որի նպատակն է Կոնգրեսին կոչ անել անհապաղ քայլեր ձեռնարկել Թուրքիայում «Քամփ Արմեն» հայկական մանկատան շենքի քանդման դեմ: Այն մինչեւ 1983 թվականն ապաստան է եղել որբերի համար:
«Asbarez»-ի փախանցմամբ , Հանձնախումբն ամերիկյան հանրությանը խնդրում է գրել իրենց սենատորներին եւ Կոնգրեսում ներկայացուցիչներին՝ կոչ անելով դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը եւ խնդրել օգնել՝ դադարեցնել «Քամփ Արմեն»-ի շենքի քանդումը:
«Այս դադարը եւ հենց Թուրքիայում զանգվածային լրատվամիջոցների ուշադրության սեւեռումն ԱՄՆ ղեկավարությանը կարճատեւ հնարավորություն է ընձեռում պահանջել, որպեսզի թուրքական կառավարությունը չքանդի Թուրքիայում հայկական մշակութային եւ կրոնական ինքնության այդ կենտրոնը»,- ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում, որը նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կոչ է անում ճնշում գործադրել թուրքական իշխանությունների վրա:
Նշենք, որ որոշվել է շենքը քանդել՝ դրա տեղում շքեղ բնակելի շինություններ կառուցելու համար: Սակայն մայիսի 6-ին աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց, բողոքների արդյունքում դադարել են քանդել շենքը: Այդ մանկատանը ժամանակին 1.500 երեխա է ապրել, այդ թվում՝ սպանված լրագրող Հրանտ Դինքն ու նրա կինը՝ Ռաքելը: