Կոշտ սցենարի դեպքում կառաջադրվի Քոչարյանը. 3 սցենար Հմայակ Հովհաննիսյանից
Իշխող ուժին չհաջողվեց իրագործել իր նպատակը` անել այնպես, որ խորհրդարանական ընտրություններով կանխորոշվեն նախագահական ընտրությունները եւ բացառվեն անակնկալները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը : Նրա խոսքով, կոալիցիոն ձևաչափը ենթարկվեց ապահարզանի և ստեղծվեց անորոշ իրավիճակ:
Առաջիկա ամիսների հիմնական ինտրիգը, Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, շարունակելու են մնալ հետեւյալ հարցերը` ԲՀԿ-ն առաջադրելու է իր թեկնածուին, թե ոչ եւ ինչպես են ձեւավորվելու ՀՀԿ-ի հարաբերություները ԲՀԿ-ի հետ, որն իրեն ներկայացնում է որպես կառուցողական ընդդիմություն` հակադրելով կազմաքանդող ընդդիմությանը, բայց իր ներկայացրած հակաճգնաժամային փաթեթի շուրջ ցանկութուն է հայտնում համագործակցել այդ ընդդիմության հետ:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, խորհրդարանում իշխող ուժը փորձելու է ապահովել ԲՀԿ լոյալությունը, իսկ ընդդիմադիր ուժերը` փորձելու են ԲՀԿ-ին մղել կտրուկ քայլերի: Հմայակ Հովհաննիսյանը, նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական հնարավոր զարգացումների սցենարներ նշեց:
Տարբերակ առաջինը նրա խոսքով` ԲՀԿ-ի` սեփական թեկնածուի առաջադրումն է ի դեմս Վարդան Օսկանյանի: Սա բանախոսի բնորոշմամբ` այսպես ասած “փափուկ” տարբերակն է, երբ ԲՀԿ-ն կպայքարի “պատվավոր 2-րդ տեղի համար”: Մյուս տարբերակը, սըտ Հմայակ Հովհաննիսյանի հետեւյալն է. ԲՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը` վարչապետի պաշտոնի եւ իր հակաճգնաժամային ծրագրի իրականացման դիմաց ստեղծվում է ազգային համաձայնության կառավարություն:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, այս ծրագրի իրականացումը ռիսկային է.” Դրա իրականացումից հետո մեզանում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ 99 թվականին, երբ Ելցինը հրաժարական տվեց եւ գործող վարչապետը դարձավ նախագահ”,-նշեց նա ու հավելեց, թե այս սցենարը արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորություն է թողնում 2014-15թթ-ին:
Հմայակ Հովհաննիսյանն այդպես էլ չնշեց, թե իր կարծիքով այս սցենարի դեպքում վարչապետն ով կարող է լինել: “Թույլ տվեք չանձնավորեմ”,-հայտարարեց նա: Քաղաքագետների միության նախագահը նշեց նաեւ “կոշտ” տարբերակի հնարավորությունը.”Առաջադրվում է Ռոբերտ Քոչարյանը եւ այդ դեպքում իրականում գնալու է կոշտ մրցակցություն”:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, բացի այս շրջանակից, առաջադրվելու մտադրություն ունի նաեւ “Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն “անհամբեր սպասում էր, թե երբ կլրանա Հայաստանում իր բնակության 10 տարին”:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը մշուշոտ է եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀԱԿ-ը կորցրեց իր քաղաքական նախաձեռնողականությունը եւ փորձում է իր սեփական ծրագրերը կառուցել իշխանական դաշտում բաժանարար գծի առաջացման վրա եւ հույսը դնում ուրիշ խաղացողների վրա:
“Կամ կոնգրեսը պետք է կտրուկ քայլեր անի, ընդհուպ մինչեւ մանդատներից հրաժարում, որ վերատիրանան հրապարակին կամ ստիպված են լինելու ներքաշվել խորհրդարանական ճահճի մեջ դրանից բխող բոլոր հետեւանքներով”,-հայտարարեց նա:
Հմայակ Հովհաննիսյանը չբացառեց, որ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի միասնական թեկնածուն նախագահական ընտրություններում լինի ԲՀԿ-ի թեկնածուն, բայց նշեց, որ չի կարծում, թե ՀԱԿ-ը կսատարի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, նրա առաջադրման դեպքում:
“Այսօր, իմ կարծիքով, ՀԱԿ-ը հույսեր է տածում, որ թեկուզ սիմվոլիկ առաջին նախագահի շուրջ կարող են համախմբվել միասնական շտաբի քաղաքական ուժերը”,-հավելեց նա: