Կճշգրտենք, պարոն վարչապետ
Կառավարությունն ու «Մայքրոսոֆթ» ընկերությունը պայմանագիր են կնքելու: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Էկոնոմիակայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ասաց, որ ըստ այդ պայմանգրի «Մայքրոսոֆթ» ընկերությունից պետք է ձեռք բերվի կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթ:
Նախագիծը ներկայացնելուց հետո Հովիկ Աբրահամյանը Ճշմարիտյանին հարցրեց, թե ինչու է գումարը նախագծում ավելի շատ գրված, քան նախապես պայմանավորվել էին. «Բայց այստեղ մեր պայմանավորված գումարից ավելի է գրված»: Նախարարը պարզաբանեց, որ պայմանավորված գումարը ներկայացված է հավելվածներում, և ճշգրտումների համար են խնդրում երկու օր : Հովիկ Աբրահամյանը կրկին հարցրեց, որ պայմանավորվել են երեք տարի, ամեն տարի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ ներկայացնել, բայց փաստաթղթում գրված է 602 միլիոն:
Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ճշգրտված հաշվարկներն այդքան են ցույց տալիս: «Ի՞նչ է նշանակում ճշգրտված հաշվարկներ, մենք մի բան ենք պայմանավորվում, վերջում մի բան է գրվում:Այ քեզ բան»,- նկատեց վարչապետը: «Կճշգրտենք, պարոն վարչապետ»,- ասաց նախարարը: «Ոչ, պայմանավորվածությունը չպետք է խախտվի»,- ասաց վարչապետը: