Ձեր անցյալը փորփրեք, տեսեք՝ ով եք եղել ձեր անցյալ կյանքում. պատգամավորը՝ Փոստանջյանին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը ոչ թե ստանձնել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի ջատագովի դերը, այլ պարզապես սաստել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որ նա սխալ չխոսի: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ Փոստանջյանը խոսել էր մարզպետի որդու հետ կապված վերջին միջադեպի մասին, իսկ Գրիգորյանն էլ հորդորել էր կոռեկտ արտահայտվել:
«Նա, մասնագիտությամբ լինելով իրավաբան, չի հասկանում, որ այս պահին հետաքննություն է ընթանում, և նա պարտավոր է հարգել հետաքննության արդյունքը, էլ չասեմ, որ անմեղության կանխավարկածը ոտնահարելով` ինչ ասես ասում է՝ թմրամոլ, եսիմ ինչ: Հլը մի հատ ձեր անցյալը փորփրեք, տեսեք՝ դուք ով եք եղել ձեր անցյալ կյանքում»,- ասաց Հայկ Գրիգորյանը: Նա պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի հասցեին արված հայտարարությունները զուտ քաղաքական միավորներ շահելու նպատակ ունեն:
«Որոշները քաղաքական դիվիդենտներ են շահում՝ ուրիշներին փնովելով: Որոշներն այնքան են հմտացել, որ քլունգն ու բիզը վերցրել են ու «բզահարում» են, քլնգում են, բայց մոռանում են, որ դա կարող է ունենալ բումերանգի էֆեկտ և նրանց գլխին զարկել»,- շեշտեց նա: