Ով այդ պահին այնտեղ լինի, կընդունի տիկնոջը. “Ժառանգությունում” լուրջ չեն համարում ԲՀԿ-ի ձեռնարկը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երեկոյան տեղի կունենա ԲՀԿ-“Ժառանգություն” հանդիպումը` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնած քաղաքական քննարկումների շրջանակներում:
Henaran.am–ի հետ զրույցում ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ասաց.
”Քանի որ այդ հանդիպումները ոչ պաշտոնական բնույթ են կրում, քաղաքական գործիչը, որը որոշել է ինքը բանակցություններ վարել եւ ինչ-որ հանդիպումներ ունենալ, հավանաբար կգնա “Ժառանգություն” կուսակցություն: Իհարկե, “Ժառանգություն” կուսակցության դուռը բոլորի համար բաց է եւ տիկնոջը, այո, կընդունեն “Ժառանգություն” կուսակցության` տվյալ պահին այդտեղ գտնվող ներկայացուցիչները եւ իր հայտարարության համաձայն` իր հետ զրույց կունենան”:
Վերը նշված քննարկումներին Զարուհի Փոստանջյանը այնքան էլ լուրջ չի վերաբերվում:
“Այդ հայտարարությունը անհատի հայտարարություն է եւ հաշվի առնելով, որ հիմնականում անհատների ցանկությունները չեն դառնում լուրջ քաղաքական որոշման հիմք, այդ քննարկումներին լուրջ չեմ վերաբերվում:
Կոնսուլտացիաների կարիքը բացարձակապես չկա: Կա խնդիր, կա խնդրի լուծում եւ եթե այդ խնդրի լուծման համար իրական ցանկություն կա, ապա առնվազն կուսակցությունների վարչությունների կողմից պետք է համապատասխան որոշումներ ընդունվեին եւ առաջնորդների կողմից հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեին”,-Henaran.am-ին ասաց Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը շեշտեց, որ այս նախաձեռնությունը որեւէ կերպ քաղաքական կազմակերպության պաշտոնական տեսակետ համարել չի կարելի. “Իրական ցանկությունը ոչ թե ուղղակի, մի անհատի միջոցով կոնսուլտացիաներ անցկացնելու ձեւաչափով պետք է դրսեւորվի, այլ քաղաքական կազմակերպությունը պետք է հստակ որդեգրի, որ ինքն ընդունում է այդ ծրագիրը, մինչդեռ մենք հասկանում ենք, որ քաղաքական կազմակերպության կողմից ծրագրի եւ դրա իրագործման վերաբերյալ ծրագրավորված որոշում չկա”:
“Ժառանգության” պատգամավորն անդրադառնալով մեր դիտարկմանը, թե այսօր ՀԱԿ-ԲՀԿ քաղաքական քննարկումներից հետո ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի բացառել միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը նախագահական ընտրություններին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ “Ժառանգությունը” միասնական թեկնածուի հարց չի քննարկել:
Մեր զրուցակիցը նաեւ նկատեց. “Որն է միասնականը, նախ, պետք է ճշտենք, թե Բարգավաճը որ դաշտում է գործում: ԲՀԿ-ն ինքը պետք է կողմնորոշվի` իր գործունեությունը որ դաշտում է ծավալում, նոր դրանից հետո ինչ-որ քննարկումներ լինեն”: