23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աստծո նախագծած ընտանիքի մոդելը` կին, տղամարդ … crossnews.am

Մերօրյա հասարակության մեջ իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի ընտանիքը: Ընտանիքն է որոշում պետության, ազգի ու ժողովրդի միասնությունը, ուժը, այն կարծես մի փոքր պետություն լինի պետության ներսում:

Եվ որքան ամուր ու ուժեղ է մեր ընտանիք-պետությունը,  այդքան էլ ամուր և ուժեղ կլինի մեր ընդհանուր պետությունը՝ մեր երկիրը:

Մեզ՝ քրիստոնյաներիս համար շատ կարևոր է շեշտել այն փաստը, որ ընտանիքի հեղինակն Աստված է: Նա էր, որ Ծննդոց գրքում ասաց՝ «Լավ չէ, որ մարդը մենակ լինի», այնուհետև արարեց կնոջը, միացրեց նրանց և տվեց բոլորիս քաջ հայտնի պատվերը՝ «աճեցեք, շատացեք ու երկիրը լցրեք»:

Օրվա խորհուրդին համահունչ՝ կարծում եմ տեղին կլինի մեկ անգամ էլ փաստել Աստծո նախագծած ընտանիքի մոդելը, այն է՝ մեկ կին, մեկ տղամարդ, և որոնցից էլ ծնվում են երեխաներ: Ցանկացած այլ երևույթ, ընտանիքի այլ բացատրություն կլինի թերի, սխալ և ոչ Սուրբ Գրային:

Ինչպիսի՞ն է Աստծո նախագծած ընտանիքը:

Այդ ընտանիքի գլուխը հայրն է, ով սիրում է իր կնոջն իր անձի պես, պաշտպանում նրան ու իր երեխաներին, կինը օգնականն է, ով հնազանդվում է ամուսնուն ու փայլում իր առաքինությամբ, իսկ երեխաները պատվում են իրենց ծնողներին:

Եվ որպեսզի մեր ընտանիքը լինի ամուր ու երջանիկ, մենք կարիք ունենք լինելու Աստծո նախագծածի շրջանակներում: Եվ ամենակարևոր հանգամանքը՝ Աստված Ինքն էլ պիտի լինի այդ ընտանիքի լիարժեք անդամը:

Հնարավոր չէ հաղթել այն ընտանիքին, ով ամուր կանգնած է Քրիստոս հիմքի վրա,հնարավոր չէ բաժանություն գցել այն զույգերի մեջ, որոնց մեջ Աստված է գործում, հնարավոր չէ արժեզրկել այն երեխաներին, որոնք աստվածային սիրո և խոստումի արդյունքն են: Հնարավոր չէ կասկածել այն ընտանիքի երջանկության վրա, որտեղ ամեն երեկո միաբան հավաքված աղոթում են ու շնորհակալություն հայտնում Աստծուն ողջ օրվա համար:

Թող ընտանիքդ համեմված լինի Աստծո լույսով, թող նրա ներկայությունը լինի քո և ընտանիքիդ մյուս անդամների վրա, թող վեճը, խնդիրն ու դժվարությունը լուծվեն աստվածային միջամտությամբ, և կհամոզվես, որ ընտանիքի երջանկությունը կախված չէ բարձր աշխատավարձից, ուտելիքներով լի սառնարանից, թանկարժեք մեքենայից ու շքեղ կահավորված բնակարանից: Այո՛, դրանք կարևոր են, բայց ոչ երբեք առաջնային: Առաջնային սերն է ու Աստծո ներկայությունն ու միջամտությունը:

Աշխարհն ասում է՝ տարիների հետ սերը սառչում է ու փոխվում հարգանքի: Ո՜չ, այն սերը, որի հեղինակն Աստված է, տարիների հետ ավելի է ուժգնանում, ավելի է ամրանում, ավելի է բորբոքվում: Այն մի կրակ է, որը վառ պահելու համար ամուսինները, իհարկե, պետք է ջանք անեն, ուշադիր լինեն ու թույլ չտան, որ կրակը հանգչի, իսկ այդ կրակը վառ պահելու լավագույն պայմաններն են՝  համատեղ աղոթքը՝ որպես վառելափայտ, Աստծո ներկայությունը՝ որպես թթվածին, անկեղծ վստահությունը, ուշադրությունն ու նվիրվածությունը այն միջավայրը, որտեղ կվառվի ձեր կրակը: Եվ հավատացեք, երբ այս ամենն առկա են, հանդիպակաց քամիներն ու փոթորիկները ոչինչ այլևս անել չեն կարող բացի նրանից, որ ավելի կբորբոքեն ու կուժեղացնեն ձեր կրակը:

Եթե դու ընտանիքի հայրն ես, սիրիր քո տունը, կնոջդ, երեխաներին, թող հայացքդ երբեք այլ կողմ երբեք չթեքվի և պատրաստ եղիր կյանքդ տալու նրանց համար. Չէ՞ որ այդպես վարվեց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը՝ իր կյանքը տալով իր հարսի՝ եկեղեցու համար:

Եթե դու մայրն ես ընտանիքի, զարդարվիր հնազանդությամբ ու առաքինությամբ: Վստահիր ամուսնուդ և շատ աղոթիր նրա համար: Թող քեզ համար առաջնային լինի ոչ թե նրա աշխատած գումարը, այլ ինքը՝ անգամ երբ աշխատանք չի ունենա: Ու նաև ջանք արա, որ երեխաներդ մեծանան Աստծո Խոսքի ու ճանապարհների մեջ:

Եթե դեռ չունես սեփական ընտանիքդ ու ապրում ես ծնողներիդ հետ, անկախ քո տարիքից՝ լինես պատանի, թե երիտասարդ, պատվիր նրանց, հարգիր ու սիրիր: Գնահատիր այն ամենը, ինչ անում են նրանք քեզ համար: Այո, գուցե դա չլինի այնքան, որքան դու կուզենայիր, սակայն միշտ հիշիր, որ ծնողներդ անում են իրենց լավագույնը:

Նրանք կյանք են տվել քեզ, անքուն գիշերներ անցկացրել քո կողքին, քեզ բավարարելու համար գուցե շատ հաճախ սոված են մնացել, և նրանց միակ ցանկությունը՝ տեսնել արժանավոր զավակ: Հաճախ ուրախացրու ծնողներիդ քո սիրով ու քո ուշադրությամբ ու հիշիր, որ Աստվածաշունչը պատվիրում է մեզ՝ պատվել նրանց:

Եթե նոր ես պատրաստվում ընտանիք կազմել, վստահիր Աստծուն, խնդրիր, որ առաջնորդի քեզ, խնդրիր, որ ինքը լինի քո ընտանիքի կառուցողը, աղոթիր, որ ընտրությունդ լինի նրա կամքի մեջ ու նրա կամքի համաձայն: Վստահ եղիր, որ Աստված քեզ համար ունի պատրաստած մի գեղեցիկ արքայազն կամ արքայադուստր, պարզապես, եթե ուզում ես հանդիպել նրան, պիտի գնաս Արքայի մոտ:

Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը: Թող բոլորիս ընտանիքները օրհնված լինեն թե երկրային, թե երկնային օրհնություններով:

Արմեն Նիազյան

Աղբյուրը` crossnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ