19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՕԵԿ-ը նիստ է արել ու որոշել

Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, այնպես էլ կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր: Քաղխորհուրդը կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հաստատել է Թելման Արամյանին, իսկ գլխավոր քարտուղարի տեղակալ պաշտոնում՝ Աշոտ Հովակիմյանին:

Հաջորդիվ, քաղխորհրդի անդամներին է ներկայացվել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղարկված  նամակը, որում տեղեկացվում է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՕԵԿ առաջարկությունները սկզբունքորեն համահունչ են հանձնաժողովի դիրքորոշումներին և իրենց արտացոլումը կգտնեն սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթում:

Քաղխորհուրդը դրական է գնահատել հանձնաժողովի կողմից կուսակցության  փաստարկված առաջարկները ընդունելու փաստը:

Քաղաքական խորհուրդը ևս մեկ անգամ վերահաստատել է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցության բազմիցս արտահայտած դիրքորոշումը և ձևավորված տեսակետները, այն է՝ գործուն և արդյունավետ զսպումներով և հակակշիռներով քաղաքական համակարգի առկայություն, ընտրական բարեփոխումների իրականացում՝ հատկապես հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում, իրական անկախ դատական համակարգի ձևավորում և այլն: ՕԵԿ-ը դեմ է քաղաքական մենիշխանությանը, կարևորում է իշխանության ճյուղերի առավել բալանսավորվածությունը: «Օրինաց երկիրը» կողմ չէ նաև նախագահի ինստիտուտի վերացմանը, կամ դրա խորհրդանշական բնույթ ունենալուն` հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրողությունները և ԵՏՄ  անդամակցությունը:

Ի լրումն. Ս.թ. մայիսի 7-ին Օրինաց երկիր կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին էր ներկայացրել կուսակցության քաղաքական խորհրդի նիստում հավանության արժանացած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր սկզբունքային նշանակություն ունեցող հինգ հիմնարար առաջարկությունները: Ստորև ևս մեկ անգամ ներկայացնում ենք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Օրինաց երկիր»  կուսակցության առաջարկությունները.

1. Խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ընդլայնել խորհրդարանի լիազորությունները` նախարարների, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց նշանակումը և կառավարության գործունեության վերահսկումը խորհրդարանական խողովակներով քննարկելու միջոցով,

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական կառավարման պայմաններում  վարչապետն է հանդիսանում գործադիր իշխանության ղեկավարը` քաղաքական մենիշխանության վտանգից խուսափելու համար բալանսավորել իշխանության թևերը` (ի դեպ, այս գաղափարն արդեն դրված է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում) վերապահելով լիազորություններ ՀՀ նախագահին և ԱԺ նախագահին: ՀՀ նախագահի համար ամրագրել մի շարք լիազորություններ` ներառյալ պետության գլխի, գերագույն գլխավոր հրամանատարի, սահմանադրության ապահովման երաշխավորի` երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովման, ինչպես նաև արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի լիազորություններ ամրագրելու միջոցով, իսկ ԱԺ նախագահի մասով ամրագրել մի շարք լիազորություններ` ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու, խորհրդարանական դիվանագիտության ոլորտում լիազորություններ սահմանելու` ներառյալ միջազգային խորհրդարանական վեհաժողովներում ներկայացուցիչներ նշանակելու, միջխորհրդարանական պատգամավորական խմբեր, հանձնաժողովներ ձևավորելու, ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և այլն:

3. Իշխանության  կայունությունն ու լեգիտիմությունն ապահովելու նպատակով նախատեսել հանրապետության նախագահի ընտրության և պաշտոնանկ անելու գործընթացների առավել պաշտպանված մեխանիզմներ, մասնավորապես` նախագահի համար նախատեսել ընտրության կարգ պատգամավորների 3/4-րդի մասնակցությամբ ինչպես արվում է բազմաթիվ խորհրդարանական երկրներում: Վարչապետի և խորհրդարանի նախագահի քաղաքական լեգիտիմության բարձրացման նպատակով առաջարկվում է ընտրությունը կատարել խորհրդարանի անդամների 2/3  ձայներով, իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահներինը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սա հնարավորություն կտա տարբերակում մտցնել պետության կառավարման գործում առանցքային դերակատարում ունեցող պաշտոնատար անձանց համար` ապահովելով լայն քաղաքական լեգիտիմություն: Նկատի ունենալով, որ խորհրդարանական կառավարման երկրներում նախագահ կարող է ընտրվել մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կամ ուժերի հավանությունը ստացած թեկնածուն` նախագահի երկրորդ անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքը պետք է պաշտպանվի, ինչպես դա իրականացվում է Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում: Որպես սահմանադրության երաշխավոր` նախագահի պաշտոնանկության գործընթացը  նույնպես անհրաժեշտ է իրականացնել պաշտոնանկության դեպքերը և իրավական հիմքերը մատնանշելով,  պատգամավորների 3/4–ի նախաձեռնությամբ` հարցը քննարկելով իրավասու սահմանադրական պատասխանատվության ինստիտուտի միջոցով:

4. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրներում և հատկապես խորհրդարանական կառավարման համակարգեր ունեցող պետություններում գործող ընտրական համակարգը համամասնական է, առաջարկում ենք նախատեսել հստակ մեխանիզմներ` անցնելու 100% համամասնական ընտրական համակարգին, իսկ քաղաքական շրջանակներում առկա մտահոգությունը փարատելու նպատակով (իբր  համամասնական ընտրակարգը հնարավորություն չի ընձեռի մարզերից ընդգրկել պատգամավորներ), առաջարկվում է կուսակցական ընտրական ցուցակներում նախատեսել պարտադիր քվոտաներ մարզերից պատգամավորներ ներառելու համար: Ի դեպ, քվոտավորման նման կարգ կանանց և ազգային փոքրամասնությունների համար գործում է ինչպես Հայաստանում, այնպես էլ բազմաթիվ երկրներում:

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդավարական երկրների համար առանցքային նշանակություն ունի իշխանության երեք թևերի` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անկախ գործունեությունը` առաջարկում ենք սահմանադրորեն երաշխավորել այդ իրավունքի անխոչընդոտ իրականացումը: Միաժամանակ ապահովելու համար երկրի քաղաքական կայունությունը` իշխանության թևերի միջև հնարավոր անհաղթահարելի տարաձայնությունների դեպքում սահմանել հանրապետության նախագահի` որպես հնարավոր ճգնաժամային իրավիճակներում արբիտր հանդիսանալու լիազորություններ, ինչպես նաև բարձրացնել Սահմանադրական դատարանի դերը նման դեպքերում: Այս համատեքստում սկզբունքային է դիտարկվում անկախ դատական համակարգ ձևավորելու համար անհրաժեշտ սահմանադրաիրավական մեխանիզմների սահմանումը: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ