04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կենտրոնական բանկն անհանգստացած է. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհն» անդրադառնում է Էլեկտրաէներգիայի սակագների հավանական բարձրացմանն ու դրահետեւանքներին, նշելով, որ ստեղծված իրավիճակը սկսել է մտահոգել Կենտրոնական բանկին։ Վերջինս կարծում է, որ դրա հետեւանքով ճնշումը գնաճի վրա կմեծանա։ Թերթը գրում է.

«Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ այժմվանից ԿԲ-ն փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճի ակտիվացման ռիսկերը հնարավորինս մեղմելու, այն գոնե նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթում պահելու ակնկալիքով։ 

Կենտրոնական բանկի մտահոգությունները գնաճի ակտիվացման հետ կապված ամենեւին էլ անհիմն չեն։ Նախկինի փորձը ցույց է տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը ապրանքների եւ ծառայությունների շուկաների վրա մեծ է լինում։

Պատահական չէ, որ ինչքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայումս Հայաստանում զգալիորեն բարձր է, որի հետեւանքով տուժում է տնտեսությունը, այնուհանդերձ Կենտրոնական բանկը առայժմ մտադիր չէ այն վերանայել։ Անցած օրը տեղի ունեցած խորհրդի նիստում հերթական անգամ որոշվեց այն թողնել անփոփոխ։ Ինչպես հայտնի է, սա այն հիմնական միջոցներից մեկն է, որով Կենտրոնական բանկը, թանկացնելով տնտեսության մեջ մտնող փողը, փորձում է ազդել գնաճի միտումների վրա։ 

Նախորդ բարձրացումներից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում հաստատվել է 10,5-ի սահմանում, ինչը 3,75 տոկոսով ավել է անցած տարեվերջի համեմատ։ Որքան էլ թվում է, թե այն վերանայելու եւ նվազեցնելու համար գնաճային պայմանները վերջին ամիսներին բարենպաստ են, այնուհանդերձ արդեն երրորդ անգամ Կենտրոնական բանկը որոշում է այն թողնել անփոփոխ։ Եթե նախկինում մտահոգությունները կապված էին հիմնականում ֆինանսական շուկայի դրսեւորումների, ապա այս անգամ՝ գերազանցապես հանրային ծառայությունների ոլորտում սպասվող սակագների հնարավոր փոփոխությունների հետ։ 

Ընդհակառակը՝ արտաքին ապրանքային շուկաներից Կենտրոնական բանկը գնաճային ճնշումներ ընդհանրապես չի սպասում։ Ավելին՝ այստեղից կանխատեսվում են նույնիսկ գնանկումային ազդեցություններ։

-Փաստացի զարգացումների համաձայն, արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը։ Ելնելով այդ զարգացումներից՝ Կենտրոնական բանկի խորհուրդը համարում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են գնանկումային ազդեցություններ,- ասվում է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ մայիս ամսվա արձանագրության մեջ։ 

Մի կողմից ներքին տնտեսության թույլ զարգացումների, առավել եւս, հասարակության ծախսումների նվազման եւ առեւտրաշրջանառությունների կրճատման, մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտում բարենպաստ իրավիճակի հետեւանքով ակնկալվող դրական զարգացումների պայմաններում սպասվում են նույնիսկ գնանկումային երեւույթներ։

-Առաջին եռամսյակի ընթացքում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2,5 տոկոս աճ՝ պայմանավորված կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության ճյուղի ավելի բարձր աճով եւ շինարարության ճյուղի ավելի քիչ անկմամբ։ Գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների ներքո կդիտվի նաեւ պարենային ապրանքների գների սեզոնային ավելի մեծ նվազում,- կարծում է ԿԲ խորհուրդը։ 

Սակայն դա գնաճի ցուցանիշների վրա հիմնականում չի արտահայտվի։ Սպասվում է, որ արտաքին հումքային եւ ներքին գյուղատնտեսական ապրանքների շուկաներից թելադրված դրական զարգացումները չեն նկատվի էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացման հետեւանքով. 

-Գնահատվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման արդյունքում վերոնշյալ գնանկումային ազդեցությունները կչեզոքանան։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ այդ պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը «հնարավորություն կտա տասներկուամսյա գնաճը մինչեւ տարեվերջ կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ»։ 

Իհարկե, այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Առավել եւս, որ առայժմ հայտնի չէ անգամ, թե ինչքանով կարող է բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագինը։ Մինչդեռ դրանից շատ բանով կախված կլինի գնաճի վրա հոսանքի թանկացման ազդեցության չափը։ Ամեն դեպքում այս քայլով Կենտրոնական բանկը փորձում է նախապես ապահովագրել իրեն։ 

Բանկը կարծես դադարել է քայլեր ձեռնարկել ֆինանսական գործիքները կիրառելու միջոցով տնտեսական գործընթացներն ակտիվացնելու մասին։ Ինչպես հայտնի է, այն շատ բանով տուժել է նաեւ նախկինում իր ձեռնարկած գործողությունների հետեւանքով։ Այնպիսի տպավորություն է, որ տարեսկզբին իրականացված որոշ մեղմացուցիչ քայլերը ԿԲ-ն բավարար է համարում տնտեսական իրավիճակը բարելավելու համար։ 

Խոսքը վերաբերում է առաջին հերթին կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը, ինչպես նաեւ բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմի սահմանմանը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման փոխարեն վերջին գործոնը Կենտրոնական բանկի խորհուրդը համարում է դրամավարկային պայմանների թուլացում, ինչը պետք է նպաստի տնտեսական ակտիվության աճին։ Բավարա՞ր է այն, թե՞ ոչ, այլ հարց է»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ