Օրենքը չունի զգացմունքային պահեր. Գասպարյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդուց /վիդեո/
«Ինչ-որ իրադարձություններ տեղի ունենում, բայց հավատացեք ինձ, շատ ուռճացվում են»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե չի կարծում, որ պետք է այցելել Սյունիք, որպեսզի ինչպես Գյումրիում, այնտեղ ևս քրեածին մթնոլորտը փոքր-ինչ փոփոխվի: «Սյունիքը, Գյումրին և մյուս տարածքները ոչնչով չեն տարբերվում մեծ հաշվով, մի քիչ էթնիկ բնավորության տարբերություններ կան, ասենք սարի ժողովուրդը մի քիչ ավելի ագրեսիվ է լինում, իսկ շատ ավելի հանգիստ են լինում լոռեցիները, բայց մեկ էլ կտեսնես՝ լոռեցին մի այնպիսի բան կանի, որ ուղեղի ցնցում կստանաս»,-բացատրեց նա:
Հարցին, թե չի կարծում, որ անպատժելիությունից է գալիս այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին անընդհատ միջադեպերի մեջ է հայտնվում, նա ասաց, որ դա քննչական կոմիտեի ու դատախազության գործերն են դա, սակայն չի կարծում, որ Տիգրան Խաչատրյանը վտանգ է ներկայացնում հասարակության համար:
Հարցին, թե օրենքն է թույլ, որ Խաչատրյանը կրկին նման պատմությունների մեջ է հայտնվում, Գասպարյանը պատասխանեց. «Դուք մտածո՞ւմ եք, որ եթե ինչ-որ մեկին դեռ չեն նստացրել, ուրեմն օրենքը չի՞ աշխատում: Օրենքն աշխատում է այնպես, ինչպես որ պետք է աշխատի, օրենքը չունի զգացմունքային պահեր, չունի, որ էս մեկը դուրս գալիս է, էն մեկը չի գալիս, կա օրենք, խախտել է օրենքը, պատժվում է, չի խախտել, ազատ է արձակվում»: