Նա եղել է ինձ մոտ. Վ. Գասպարյանը՝ Լյովա Երանոսյանից /վիդեո/
«Երեկ Երանոսյանը, ես գիտեմ, որ խոսել է, մեկնաբանություններ տվել է, բացի դրանից նա եղել է ինձ մոտ, ես եմ խոսել նրա հետ, եթե ծանոթ չեք իր պարզբանումներին, կխնդրեի ծանոթանալ: Ես կարծում եմ, որ լուրջ հետևություններ կանի Երանոսյանը»,-այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հիշեցնենք, որ երեկ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը իրենից գումար մուրող կնոջն ասել էր՝ դեռ չես սատկել:
Հարցին, թե չի կարծում, որ Երանոսյանն իրավունք չուներ նման կերպ խոսելու, նա ասաց. «Իհարկե, ես կարծում եմ»: Հարցին, թե իր մատնանշած կերպարի մեջ տեղավորվում է Երանոսյանը, նա ասաց, որ Երանոսյանն ունի իր անցած ուղին, առանձնահատկությունները: «Երբ որ հասկանամ, որ Երանոսյանը ձեր ենթադրյալ կերպարն է, չկասկածեք, որ մեր համակարգում չի կարող աշխատել, բայց այդպես չէ»:
Ոստիկանապետը նկատեց, որ հաճախ լրագրողներն են թեժացնում նման իրավիճակները, ինչի խորհուրդը չէր տա: «Գրելուց առաջ մի պահ մտածեք՝ արժի թեժացնել դա, թե ավելի արդյունավետ լուծում տալ: Լավ մի բան թույլ տվեց, հիմարություն թույլ տվեց, աշխարհը շուռ տվեցին, խնդիր չկա, ամեն ինչ բևեռվում է և մի շծաբաթ շարունակ: Նման սայթաքումներ կարող են ունենալ բոլորը»: