«Փաստորեն ի՞նչ, վախենո՞ւմ ենք»

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը գործադիրին ներկայացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոոսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Պատգամավորն առաջարկում է ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի կարգում փոփոխություն կատարել՝ հնարավորություն տալ նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետև գրավոր, քանի որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից:
Հովհաննես Մանուկյանը նշեց, որ գրավոր ձևակերպված հարցերը պարունակում են խորքային վերլուծության և ուսումնասիրման առարկա հանդիսացող մասնագիտական խնդիրներ, ուստի խնդիրը բարձրաձայնելու և նախապես աշխատանք կատարած պատգամավորի գրավոր հարցն ու դրա պատասխանը, պատգամավորի կարծիքը և կառավարության անդամի արձագանքն ուշադրության արժանանալու և լսելի լինելու իրավունքի տեսանկյունից ավելի արդարացված է: Արդարադատության նախարարն առաջարկեց նախագծին բացասական եզրակացություն տալ, սակայն վարչապետը նկատեց.
«Ես կարծում եմ, որ սա կառավարության խնդիրը չէ, դա իրենց խնդիրն է, թող իրենք որոշեն, եթե մեզ անտեղի մեղադրելու են, որ խուսափում ենք իրենց բանավոր հարցերին պատասխանել…. Գրավոր հարցերին պատասխանելը ԱԺ կանոնակարգ- օրենքի պահանջ է, թող հարցը չհնչեցնեն, մենք էլ չպատասխանենք, փաստորեն ի՞նչ, մենք վախենո՞ւմ ենք իրենց բանավոր հարցերից. թող իրենք որոշեն, եթե գտնեն նպատակահարմար, որ սկզբում բանավոր հարցերը լինի, այդպես էլ կանենք»,-ասաց վարչապետը:
Նա շեշտեց, որ պետք չէ այս նախագծին բացասական եզրակացություն տալ, որպեսզի պատգամավորները չմտածեն, թե կառավարության անդամները վախենում են իրենց հարցերից: Արդարադատության նախարարն արձագանքեց, որ վախենալու հարց չէ, պարզապես կանոնակարգի պահանջն է այդպիսին :
–Բա ինչի՞ եք դեմ,-հարցրեց վարչապետը:
-Գրավոր հարցերն ու դրանց պատասխանները ավելի ֆունդատմենտալ վերլուծություններ են պահանջում, քան իրավիճակային հարցերը, որ բանավոր հնչեցվում են,-արձագանքեց Մանուկյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց եզրակացության վերլուծական մասը թողնել անփոփոխ: «Ես դեմ եմ, որ ինի բացասական»,-նկատեց Աբրահամյանը :