«Խաբեություն է, անխիղճ, անմարդկային մոտեցում». գազը պիտի էժանանա

«Սա խաբեության հաջորդ փուլն է, որովհետև, միայն մեկ տվյալ եմ բերելու, եթե սահմանի վրա 190 դոլար էր, սրանից պահվում էր մոտավորապես 35-40 դոլար ԱԱՀ, ապա 190-ը 165 դառնալու դեպքում համապատասխան չափով, օրենքով, սա որևէ մեկի կամքից դուրս է, պետք է ԱԱՀ-ը պակասեր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ԱԺ-ի գազամատակարարման հարցերով հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը: Նշենք, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ասել է, որ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին` Հայաստանի համար գազի գինը կնվազի:
«Մինչ վերջերս այն 190 դոլար էր, հիմա կդառնա 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար»,-ասել է նա: Նշենք, որ այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց:
Իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն ասել է, որ Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ:
«Եթե ոչ մի բարի կամք էլ չլինի, կորուստները քչացնելն ու շահագործման ծախսերը քչացնելն էլ չլինի, ոչ մի բան էլ այսինքն՝ չենք հաշվում, թողնում ենք վատ վիճակում, ապա միայն ԱԱՀ-ով պետք է գազի գինը համապատասպան չափով պակասի, և այն, ինչ իրենք ասւոմ են, այլանդակության հաջորդ փուլն է»,-նկատեց նա: Մանուկյանը շեշտեց, որ Ուկրաինան անցյալ տարվա մուծվելիք գազի հազար խորանարդ մետրի համար վճարել է 400 դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 245 դոլար, այսինքն՝ 150 դոլար ռուսական գազը սահմանի վրա էժանացել է:
Մանուկյանի խոսքով՝ եվրոպական մյուս երկրների համար ևս ռուսական գազն էժանացել է, այդ թվում նաև Հայաստանի համար: «Բնականաբար սահմանի վրա էժանացումը, ինչը բնական երևույթ է, պետք է անդրադառնար քաղաքացու վրա, գոնե նույն համամասնությամբ: Իրենք ոչ միայն չեն էժանացնում, այլև ներկայացնում են ծախսեր, որով արդարացնում են այս չէժանացնելը»,-նշեց ՀԱԿ պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ այս համակարգում չկա ռազմավարական մոտեցում. «Եթե իրենք ասում են, որ բոլոր գյուղերը պետք է հարյուր տոկոսով գազաֆիկացնեն, սրանից քաղաքացիների ամեն մի ընտանիքը երեք հարյուր դոլար մուծում է անում, սա մի լրացուցիչ գումար է: Երկրորդ՝ եթե այսքանից հետո գազաֆիկացման գինը գալիս, մտնում է սակագնի ինքնարժեքի վրա, այսինքն՝ մեր մուծելիք գազի գինը թանկանում է, սրա արդյունքում այս մարդիկ, ովքեր մեր փող տվողներն են, համակարգը պահողներն են, նրանք հրաժարվում են գազ առնելուց, այսինքն՝ ինքը խողովակ ունի, ջեռուցիչ ունի, գումար է մուծել, գազը հասցրել է իր տուն, բայց սկսում է աթար վառել, փայտ վառել, և տարեկան 15-17 հազար ընտանիք` թվով 55 հազար մարդ պակասում է գազ սպառողներից, հետևաբար մուծողներից»:
Արամ Մանուկյանի խոսքով՝ նման կերպ ավելանում է կառավարության հասույթը: «Գազպրոմն իր 190-ի տերն էր, հիմա էլ 160-ի, բայց այստեղ եթե իրենք համապատասան պակասեցումներ չեն անում, ամեն ինչ մնում է նույնը, ու մնում է այս գործի տիրապետողների վրա: Ուզեց-չուզես սպառողների սակագինը պետք է քչանա: Սա անխիղճ, անմարդկային, հանցագործ մոտեցում է»: