17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը ցուցանիշները վերանայելու հիմք չի տեսնում

Չնայած միջազգային ֆինանսական կազմակերպությունների բացասական սպասումներին, այնուհանդերձ կառավարությունն այս փուլում հիմքեր չի տեսնում նախատեսված աճի ցուցանիշները վերանայելու համար։ Տարեսկզբին տնտեսական գործընթացներն անշուշտ շատ ակտիվ չեն։ Բայց դա պատճառ չի համարում ցուցանիշները նվազեցնելու համար։ Կառավարությունը հույս ունի, որ առաջիկայում նախատեսվող մի շարք ծրագրերի իրականացմամբ կկարողանա ակտիվություն մտցնել տնտեսության մեջ։

Ինչպես հայտնի է, պետական բյուջեով ակնկալվում է այս տարի համախառն ներքին արդյունքն ավելացնել 4,1 տոկոսով։ Առաջին եռամսյակի տվյալներով, տնտեսական ակտիվությունը կազմեց 2,5 տոկոս։ Իհարկե, կառավարության կարծիքով, հրապարակված ցուցանիշներն ամբողջական չեն արտացոլում արձանագրված զարգացումները։

Մասնավորապես լիարժեք չէ պատկերը ԵԱՏՄ հետ առեւտրային հարաբերությունների առումով։ Պատճառն այն է, որ դեռեւս ներդրված չէ հաշվարկի էլեկտրոնային համակարգը։ Ուստի ենթադրվում է, որ առաջիկայում հրապարակված ցուցանիշները կբարելավվեն։

Անկախ դրանից, տնտեսական աճի ապահովման ռեսուրսների առումով կառավարությունը լավատեսորեն է տրամադրված։ Առաջիկայում ակնկալվում է իրականացնել մի շարք խոշոր տնտեսական ծրագրեր։ Այդ մասին վերջերս հայտարարեց կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ դրանք նպաստավոր ազդեցություն կունենան տնտեսական գործընթացների վրա։

Խոսքը մասնավորապես վերաբերում է ենթակառուցվածքների ոլորտում նախատեսվող ծրագրերին։ Չնայած դժվարություններին, այնուհանդերձ կառավարությանը հաջողվեց արտաքին աղբյուրներից զգալի ֆինանսական միջոցներ ներգրավել։

Դրանց շրջանակներում նախատեսվող խոշոր տնտեսական ծրագրերից է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որի 3-րդ տրանշի ֆինանսավորման համար Ասիական զարգացման բանկը կտրամադրի 100 մլն դոլար՝ Վանաձոր-Բավրա հատվածի կառուցման համար։ Ծրագրի իրականացման նպատակով հաջողվեց 60 մլն եվոյի չափով վարկային միջոցներ ստանալ Եվրոպական ներդրումային բանկից։ Եվս 12 մլն եվրո կլինի դրամաշնորհի տեսքով։ Այն կուղղվի Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության իրականացմանը։

Մեկ այլ վարկային ծրագրով Եվրասիական զարգացման բանկից Հայաստանը պատրաստվում է ստանալ 150 մլն դոլար։ Գումարը նախատեսվում է դարձյալ ուղղել Հյուսիս-հարավի շինարարությանը, բայց արդեն Ագարակ-Քաջարան հատվածի կառուցմանը։

 Կառավարությունը մտադիր է իրականացնել ծրագրեր նաեւ էներգետիկայում եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։ 

Մասնավորապես վերջերս ստորագրվեց վարկային համաձայնագիր էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վերաբերյալ, որի շրջանակներում Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը համաձայնեց Հայաստանին տրամադրել 52 մլն դոլար։ Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ակնկալվում են վարկային ներդրումներ մի շարք ջրամբարների կառուցման նպատակով։

Սրանք ծրագրեր են, որոնք անշուշտ կարող են որոշակի լիցքեր հաղորդել տնտեսությանը։ Առավել եւս, նպաստել ներքին ֆինանսական ռեսուրսների բացը լրացնելուն։ Իսկ թե դրանք որքանով կփոխեն տնտեսական աճի կառուցվածքը, ցույց կտա ժամանակը։

Վ,ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ