Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարին /վիդեո/
Ապրիլի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արգենտինայի
արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Տիմերմանին, ով Հայաստան է
ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին
մասնակցելու նպատակով։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց իր արգենտինացի
գործընկերոջը` Երևանում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներին
մասնակցության համար։
Նախարարները հանդիպման ընթացքում անդրադարձան երկկողմ հարաբերությունների
օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև մտքեր փոխանակեցին երկու երկրների
խորհրդարանների միջև փոխգործակցության շուրջ:
Երկուստեք ընդգծվեց ցեղասպանության և մարդկության դեմ
հանցագործությունների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի
միավորման կարևորությունը: Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց
միջազգային հանրության միասնական ջանքերը` ցեղասպանությունների
կանխարգելման գործում, և շնորհակալություն հայտնեց Արգենտինային՝ մարտ
ամսին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած՝
«Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը համահեղինակելու համար։
Հանդիպումից հետո Ծիծեռնակաբերդի հիշատակի պուրակում Հայաստանի և
Արգենտինայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Հեկտոր
Թիմերմանը և Արգենտինայի Պատգամավորների պալատի առաջին փոխնախագահ Նորմա
Աբդալա դե Մատարասոն եղևնի տնկեցին Արգենտինայի նախկին Նախագահ Նեստոր
Կարլոս Քիրշների հիշատակին՝ ի գնահատումն Հայոց ցեղասպանության ճանաչման
գործում նրա ավանդի:
Ծառատունկից հետո նախարար Նալբանդյանը կարևորեց Արգենտինայի կողմից դեռ
1994թ. Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ընդգծեց հայ-արգենտինական
հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում
Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը: