14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստան-Ճապոնիա համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, 2012թ. հունիսի 5-7-ը պաշտոնական այց կատարեց Ճապոնիա, բարձր մակարդակի հանդիպում ունեցավ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան (այսուհետև «կողմերը»),

Հայտնելով գոհունակություն, որ 1992թ. սեպտեմբերի 7-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ձևավորվել են երկարատև և լայնածավալ բարեկամական հարաբերություններ,

Հաստատելով, որ երկու երկրները երկկողմ հարաբերությունները կառուցել են` հիմնվելով փոխադարձ հարգանքի, վստահության և հավասար գործընկերության, ինչպես նաև միմյանց անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու վրա` Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև 2001թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված  Բարեկամության համատեղ հայտարարությանը համապատասխան,

Վստահ լինելով, որ Նախագահ Սարգսյանի` դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին իրականացրած այցն էլ ավելի կխորացնի երկու երկրների բարեկամությունը և գործընկերությունը,

Համատեղ շեշտելով Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում գտնվող Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևորությունը,

Հանդես եկան հետևյալ Համատեղ հայտարարությամբ.

I     Երկու երկրների ընդհանուր հարաբերություններ

1.            Կողմերը վերահաստատեցին երկու երկրների միջև առկա բարեկամական կապերը և փոխադարձ վստահությունը և համատեղ կարծիք հայտնեցին, որ երկու երկրները` օգտվելով ընթացիկ տարում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի ընձեռած հնարավորությունից, կշարունակեն զարգացնել բարեկամությունն ու գործընկերությունն այնպիսի ոլորտներում, որպիսիք են քաղաքականությունը, տնտեսությունը և մշակույթը,

2.           Կողմերն իրենց բավարարվածությունը հայտնեցին տարբեր, այդ թվում` բարձր մակարդակի այցերի և քաղաքական երկխոսության առաջընթացով և արտահայտեցին իրենց մտադրությունը` էլ ավելի խթանել քաղաքական երկխոսությունը որպես երկկողմ հարաբերությունների զարգացման արժեքավոր և արդյունավետ միջոց.

3.            Կողմերը ողջունեցին Ճապոնիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Համագործակցության հուշագրի ստորագրումը: Հուշագիրը նախատեսում է քաղաքական խորհրդակցություններ այնպիսի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, որպիսիք են տարածաշրջանային և միջազգային խնդիրները, երկկողմ հարաբերությունները և համագործակցության խթանումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

4.            Կողմերը, ընդունելով, որ խորհրդարանների միջև փոխանակումների խթանումը մեծապես կնպաստի երկու երկրների հետագա հարաբերությունների զարգացմանը, հույս հայտնեցին, որ խորհրդարանական փոխանակումները, մասնավորապես Հայաստան-Ճապոնիա և Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով, հետագա զարգացում կստանան:

5.            Կողմերը վերահաստատեցին, որ երկու երկրները գործընկերներ են, որոնք կիսում են  ազատության, ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների, օրենքի գերակայության և շուկայական տնտեսության  արժեքները:  Ճապոնական կողմը գնահատում է, որ անկախությունից ի վեր Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրել վերոհիշյալ արժեքների հաստատման ուղղությամբ:  Հայկական կողմը մեծապես արժևորում է Ճապոնիայի աջակցությունը Հայաստանի` շուկայական տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերին` կենտրոնացված ենթակառուցվածքների, մարդկային ռեսուրսների որակավորման բարձրացման, գյուղական և սոցիալական  ոլորտների զարգացման վրա:

6.            Կողմերն ընդգծեցին ռեզիդենտ դեսպանությունների կարևոր դերը երկու երկրների միջև բարեկամության և գործընկերության խորացման գործում: Այս կապակցությամբ ճապոնական կողմը ողջունեց Տոկիոյում Հայաստանի դեսպանության բացումը: Հայկական կողմն ակնկալիք հայտնեց, որ ճապոնական կողմը մոտ ապագայում դեսպանություն կբացի Երևանում:

7.            Ճապոնական կողմի տրամադրած անձնակազմը ընդգրկվել էր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության կազմում` ընթացիկ տարվա մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ճապոնական կողմը իր բավարարվածությունը հայտնեց այն կապակցությամբ, որ  վերջին խորհրդարանական ընտրարշավն անցել է մրցակցային, եռանդուն և խաղաղ  պայմաններում, ինչպես դա արձանագրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  կողմից:

 

II   Համագործակցություն աղետների կանխարգելման ոլորտում

1.            Ճապոնական կողմը իր երախտագիտությունն է հայտնում ցավակցության և աջակցության համար, որ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը, նաև Նախագահ Սարգսյանն արտահայտել են Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի կապակցությամբ: Մասնավորապես, ճապոնական կողմը շնորհակալ է Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին նվիրված Հոգեհանգստի արարողության համար, որը` Նախագահ Սարգսյանի բարձր հովանու ներքո, տեղի ունեցավ Երևանում, անցյալ տարվա մայիսին, այն ժամանակ Ճապոնիայի ԱԳՆ Խորհրդարանական փոխնախարար պրն. Հիսաշի Տոկունագայի այցի ընթացքում: Ճապոնական կողմը հայտնում է իր վճռականությունը հասնելու արագ և արդյունավետ վերականգման:

2.            Կողմերը երախտագիտությամբ անդրադարձան 1988թ. Հայաստանում և 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի կապակցությամբ միմյանց ցուցաբերած աջակցությանը, մասնավորապես` շինարարական սարքավորումների տրամադրմանը և Ճապոնիայի` Աղետների վերականգնողական խմբի գործուղմանը, իսկ Հայաստանի կողմից` առաջին օգնության տրամադրմանը և նվիրատվություններին:  Կողմերը համակարծիք էին աղետների կանխարգելման ոլորտում համագործակցության հետագա ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ: Կողմերը ողջունեցին Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից 2010թ. հունվարին Երևանում կազմակերպված աղետների կանխարգելման սեմինարը և վերջերս հրապարակված Հայաստանին վերաբերվող միջանկյալ զեկույցը «Սեյսմիկ ռիսկի գնահատման  և ռիսկերի կառավարման ծրագրումե նախագծի շրջանակներում երկրաշարժի կանխարգելման վերաբերյալ:

3.            Ճապոնական կողմը հայտնեց իր մտադրությունը` ցուցաբերել հետագա աջակցություն Հայաստանում աղետների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ինչը ներառում է Հայաստան փորձագետների գործուղումը` որպես Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության կողմից աղետների կանխարգելման ոլորտում մարդկային ռեսուրսի զարգացմանը ուղղված տեխնիկական աջակցության մի մաս: Ճապոնական կողմը ողջունեց Հայաստանի մտադրությունը` մասնակցելու «Տոհոկուում Աղետների նվազեցմանը նվիրված համաշխարհային նախարարական կոնֆերանսինե:

4.            Ճապոնական կողմը հայտնում է իր նպատակադրվածությունը` կիսելու միջազգային հանրության հետ Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում  տեղի ունեցած վթարի արդյունքում քաղված գիտելիքները և դասերը: Հայկական կողմը արտահայտեց իր մտադրությունը առավել բարելավելու Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգությունը՝ հիմնվելով ճապոնական փորձի վրա: Այս կապակցությամբ  ճապոնական կողմը հայտնեց  իր ակնկալիքը 2012թ. դեկտեմբերին ատոմային անվտանգությանը նվիրված Ֆուկուսիմա նախարարական կոնֆերանսում Հայաստանի համապատասխան նախարարի մասնակցության վերաբերյալ: Հայկական կողմը հայտնեց իր պատրաստակամությունը մասնակցելու հիշյալ կոնֆերանսին:

 

III   Տնտեսական համագործակցություն

1.            Հայկական կողմն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի` «Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնությանե համար` տրամադրված 41 միլիարդ յենի չափով վարկերի, դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով, և ընդգծել է, որ Ճապոնիայի օժանդակությունը նպաստել է Հայաստանի` շուկայական տնտեսության զարգացմանը և  աղքատության նվազեցմանը ուղղված ջանքերին:

2.            Ճապոնական կողմը, ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական արդյունաբերության և փոքր ու միջին ձեռնարկությունների խթանումը կնպաստի երկրի կայուն տնտեսական զարգացմանը, հայտնեց իր մտադրությունը դյուրացնելու տեղական և արդյունաբերական ապրանքների առաջընթացը «Ապրանքանիշերի և տեղական ապրանքերի զարգացման նախագծիե միջոցով:

 

IV Տնտեսական հարաբերություններ

1.            Կողմերը նշեցին, որ երկու երկրների առևտրատնտեսական կապերը դեռևս ի վիճակի չեն լիովին արտացոլելու գույություն ունեցող ներուժը և շեշտեցին երկկողմ առևտրի և տնտեսական հարաբերությունների դյուրացմանը նպաստող միջավայրի ապահովման կարևորությունը: Այս կապակցությամբ կողմերը արժևորեցին գործարար սեմինարները, կազմակերպված ճապոնական ընկերությունների համար` Ճապոնիայի Արտաքին Առևտրի Կազմակերպության (JETRO) և Մոսկվայի  Ճապոնական ակումբի կողմից, ինչպես նաև` Տոկիոյում Հայաստանի դեսպանության կողմից: Կողմերը հաստատեցին իրենց մտադրությունը շարունակաբար ներգրավվելու երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման գործին:

2.            Կողմերն ընդգծեցին փոխադարձ շահավետ տնտեսական համագործակցությանն անցնելու համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ստեղծման կարևորությունը, հատկապես այնպիսի ոլորտներում, որպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, սեյսմիկ պաշտպանությունը, փոխադրումները, բանկային գործը, արդյունաբերությունը, առևտուրը և զբոսաշրջությունը:

3.            Կողմերը հաստատեցին տեղեկատվության և կարծիքների փոխանակման կարևորությունը վարվող ֆինանսական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ` ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցները:

4.            Կողմերն արտահայտեցին իրենց մտադրությունը` նպաստելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը և գոհունակությամբ արձանագրեցին, որ բանակցություններ են ընթանում մոտ ապագայում համապատասխան փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ:

 

V Գիտություն և տեխնոլոգիաներ, մշակութային փոխանակումներ

1.            Կողմերն արտահայտեցին իրենց մտադրությունը նպաստելու փոխադարձ փոխանակումներին այնպիսի բնագավառներում, որպիսիք են  գիտությունը, տեխնոլոգիաները, մշակույթը և զբոսաշրջությունը:

2.            Կողմերը փոխադարձաբար հավաստեցին իրենց համոզմունքը, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին նվիրված բազմազան մշակութային միջոցառումները կխթանեն երկու երկրների ժողովուրդների միջև փոխըմբռնումը:

 

VI  Համագործակցություն միջազգային կազմակերպություններում

 

1.            Կողմերն ընդգծեցին միջազգային կազմակերպություններում  համագործակցության խորացման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ աջակցության կարևորությունը:

2.            Կողմերն ընդգծեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման արդյունավետ և արագ իրականացմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Այս համատեքստում հայկական կողմը վերահաստատեց իր աջակցությունը Ճապոնիային` Անվտանգության Խորհրդի  մշտական անդամ դառնալու խնդրում:

3.            Կողմերը իրենց աջակցությունն են հայտնում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2012թ. ապրիլի 16-ի Նախագահական Հայտարարությանը, որով խստիվ դատապարտվում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը և պահանջվում է զերծ մնալ հետագա սադրանքներից: Կողմերը վճռականորեն  հորդորում են Հյուսիսային Կորեային  կատարել ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան  բանաձևերը և 2005թ. Վեցակողմ բանակցությունների համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:  Ճապոնական կողմն ընդգծեց առևանգումների խնդրի լուծման կարևորությունը և հայկական կողմն ի գիտություն ընդունեց Ճապոնիայի տեսակետը:

4.            Կողմերը բարձր գնահատեցին Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և վստահություն հայտնեցին, որ վերջնական կարգավորումը պետք է հենված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ