03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տատս պինդ գրկել էր բոլորիս՝ փորձելով իր մարմի վերջին ջերմությունը տալ անբախտ թոռներին

Տիգրանուհի Ֆարհադյանի պատմությունը

1906 թ., Իգդիր

Գոհար Սարիբեկյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Վերջինս մանրամասն ներկայացրել է գաղթի ճանապարհը, թե ինչպես են թաքնվել ձիու փորի տակ՝ պաշտպանվելով ցրտից ու թուրքերից, ինչպես են կորցրել տատին, եղբորն ու մորը և միայն հրաշքով փրկվել՝ հայտնվելովորբանոցում:

«-Տա՛տ, դե պատմի՛ր: 

-Ի՞նչ պատմեմ, ձագուկ… հասանք Իգդիր: Էլ ուժ չէր մնացել:Մայրս ձիուց իջեցրեց մեզ՝ ինձ, քրոջս, եղբորս: Եղբորս՝Գագիկի մեջ ուժ չկար շարժվելու: Երկինքն ամպել էր, սև ու մութ ամպերը պատել էին երկնակամարը. ուր որ է կսկսվեր տեղատարափը: Սկզբում խոշոր կաթիլներով, այնուհետև կարծես դույլերով շուռ տվեցին երկնքից: Տեղատարափը փոխվեց կարկուտի: Գաղթականների ծայրը չէր երևում: Մայրս մեզ մտցրեց ձիու փորի տակ ու վերմակը փռեց ձիու գավակին: Կուչ էինք եկել խեղճ անասունի փորի տակ ու վախից դողում էինք: Ինձ թվում էր, թե ձին ոտքը կբարձրացնի ու կճզմի մեզ: Ամպերի ահռելի որոտը խառնվել էր գաղթականների լացուկոծին, հառաչանքներին ու գոռգոռոցներին: Բնության արհավիրքը եկավ լրացնելու այն մեծ «զուլումին» , որ եկել էր հայերիս գլխին: Գետինը սպիտակեց: 

-Ձունը մաղեց գլխներուս, ամա~ն, փրկե՛ք մատաղներիս: 

Մի ծեր կնոջ ձայն էր…դեռ հնչում է ականջներումս: Նա երեք մանուկների քաշել էր փեշերի տակ ու չգիտեր՝ ում ինչպես ծածկի: Ձիու փորի ջերմությունը մեզ փրկություն էր թվում: Մայրս, կանգնած ձիու կողքին, աշխատում էր ծածկել ճեղքերը՝ անասելի ցուրտ , կտրող քամու ճանապարհը փակելու համար: Ես վերմակի արանքից նայում էի մորս տառապած ու գունատ դեմքին:Մի ամբողջ հավիտենություն թվաց այդ մի քանի ժամը: Հետո վերմակը ետ քաշվեց, մայրս տատիկիս տանջահար մարմինը հրեց ներքև: Տատս գրկեց եղբորս, փորձեց մտցնել շալի տակ: Ջուրը հոսում էր, թրջվել էինք, քրոջս ոտքերը փայտացել էր: Տատս նստեց գետնին՝ ջրի մեջ, ու բոլորիս առավ իր գիրկը: Ես ու քույրս չգիտեինք՝ ուր թաքցնենք մեր ոտքերը, ձեռքերը:Եղբայրս ջերմության մեջ զառանցում էր: Տատս գլուխն էր ծեծում ու աղոթք մրմնջում եղբորս ականջին:

 

Թուրքերի մի ջոկատ չթողեց մեզ Իգդիր մտնել և մենք թափվել էինք քաղաքամերձ դաշտերում: Ճանապարհին կորցրել էինք տատիկիս, թե ինպես նա հետո գտել էր մեզ, չկարողացա հարցնել, որովհետև առավոտյան տատս չկար այլևս: Նա պինդ գրկել էր բոլորիս ու իր մարմի վերջին ջերմությունը փորձել էր տալ անբախտ թոռներին: Մայրս մեզ բարձրացրեց ձիու գավակին, եղբորս մտցրեց խուրջինի մի աչքը, մյուս աչքում տեղավորել էր մթերքը: Թաց վերմակը մի կերպ քամեց ու տեղավորեց մեզնից հեռու: 

Գաղթականների թափորն առաջ էր շարժվվում: Զինված թուրքերի մի ջոկատ ուղեկցում էր մեզ. ասում էին՝ քրդերից պաշտպանելու համար…Ծաղր էր: Բա իրենցից ո՞վ պետք է պաշտպաներ: Տատս մնաց այնտեղ, նստած… 

Քույրս լաց էր լինում ու ձեռքը պարզում տատիկիս ուղղությամբ: Գաղթականների ալիքի մեջ կորավ տատս և նրա հետ քանի~ քանիսները: Մայրս ոտքերը քարշ էր տալիս: Հենվել էր ձիուն, ու խեղճ անասունը, կարծես զգալով օգնության կարիք, դանդաղ առաջ էր շարժվում: Գաղթականների մի մասը վաղուց առաջ էր անցել, մի մասն էլ կանգ առավ որտեղ պատահեր: Մայրս մի ծառի տակ իջեցրեց մեզ. Եղբորս պառկեցրեց խուրջինի վրա՝ խուրջինի աչքից հանելով մեր ուտելիքը: Յուղի ամանը կոտրվել էր, և թափվել էր մի մասը: Մայրս լաց էր լինում: Մեզ մոտեցավ մի տարիքավոր մարդ և խորհուրդ տվեց յուղը ալյուրով շաղախել. այդպես գոնե կկարողանայինք պահպանել: Մայրս մի ամանի մեջ լցրեց այդ շաղախած յուղով ալյուրը, իսկ ես ու քույրս ճյուղեր ու փայտեր հավաքեցինք: Տարիքավուր մարդը օգնեց կրակ վառել: Բոված յուղով ալյուրի վրա ջուր լցրեց և մի քիչ եփելուց հետո տվեց մեզ ուտելու:Մայրս հենվել էր ծառին ու տնքում էր. եղբայրս անընդհատ ջուր էր ուզում:Մայրս մեջքից հանեց գոտին ու գոտու միջից մի ոսկի տվեց իմ ձեռքը: Քրոջս ձեռքից բռնած գնում էի դիմացի գյուղը: 

Սկզբում շատ մոտ էր թվում, բայց գնա~,գնա~, որ հասնես: Մի մարդ ,կովն առաջ գցած, գյուղ էր գնում: Մեզ տեսնելով՝ քրդերեն ինչ-որ բան հարցրեց: Իսկ ես ձեռքս պարզեցի նրան ու խնդրեցի այդ փողով մեզ ուտելիք ու ջուր տա: Քրդի աչքերը փայլեցին, և նա հայերեն հանգստացրեց մեզ ու պատվիրեց սպասել, իր հետ գյուղ չգնալ: Նստած հանդում՝ սպասում էինք: Քուրդը երևաց՝ ձեռքին մի մեծ կապոց ու մի դույլ: 

Ձեռքիս մեջ լցրեց արծաթե դրամներ. երևի մանրն էր վերադարձնում: Նա մեզ հետ եկավ մինչև մեր հանգրվանած տեղը, հետո հետ գնաց: Քրոջս հետ քարշ տալով՝ բերում էինք մեր «փրկությունը»: Մայրս մի կերպ առաջ եկավ ու վերցրեց բեռը մեր ձեռքից: Մեր կողքի ընտանիքը մորիցս հաց խնդրեց: Մայրս մեր բերածից բաժին հանեց նաև նրանց: Մեր տարած փողը երևի շատ-շատ էր, որ քուրդը հետ չպահանջեց այն մեծ շալը, որի մեջ փաթաթել էր հացը, ձվերը, պանիրն ու ալյուրը: Դույլի մեջ փոքրիկ կուժ կար ջրով: Այդ ջրից մայրս անընդհատ խմեցնում էր եղբորս…
Թե ինչպես էի քնել՝ չգիտեմ: Քրդի տված մեծ շալը մայրս գցել էր մեր վրա. եղբորս պառկեցրել էր մեր մեջտեղում, որ տաքացնենք, իսկ ինքը թիկն էր տվել ծառի բնին: Առավոտյան արթնացա մորս ձայնից: Ողբում ու գլուխն էր ծեծում: Եղբորս սառած մարմինը գրկած համբուրում ու կուրծքն էր ծեծում: Մորս անփարատելի վշտին միացանք նաև մենք: Քրոջս հետ դառը լաց էինք լինում: Գաղթականների մի մասը առաջ էր շարժվել, մի մասն էլ կորուստներն էր սգում: Մի քանի տղամարդ փոս էին փորում՝ իրենց մեռելներին հողին հանձնելու: Քրոջս հետ դեռ չէինք հասկանում կատարվածը: Մայրս օգնություն էր խնդրում, բայց ոչ ոք չէր արձագանքում մորս աղաչանքներին: Թե ինչքան ժամանակ էր անցել, չեմ կարող ասել: Մայրս սառած ու անթարթ հայացքով նայում էր եղբորս անշնչացած դիակին: Լացից ու տանջանքից գլուխս ցավում էր: Նորանոր գաղթականներ էին գալիս ու անցնում: Մայրս խնդրում էր եղբորս մարմինը հողին հանձնել՝ խոստանալով ոսկի տալ: Բայց նրա գոտին ոսկիներով հանդերձ անհետացել էր: Մայրս ճանկռելով հող էր փորում, իսկ ես ու քույրս մեր ուժից վեր մեծ-մեծ քարեր էինք բերում ու կիտում իրար վրա: Մայրս փոքրիկ փոսի մեջ տեղավորեց եղբորս ու քարերը շարեց նրա վրա: Ես երբեք-երբեք չեմ մոռանա այդ սահմռկեցուցիչ տեսարանը, մորս ողբը ու մեր անհույս ու անօգնական վիճակը:

Գաղթականների նոր ալիք էր մոտենում: Սայլեր, ձիեր, մարդիկ՝ տանջահար ու սարսափած դեմքերով: Տղամարդիկ շատ քիչ էին, մեծ մասը երեխաներ ու կանայք էին: Ծերերը, չդիմանալով ճանապարհի դժվարություններին, հերթով ընկնում էին: Քույրս դողում ու հազում էր: Մայրս հանեց իր գլխի շալը ու փաթաթեց քրոջս մեջքին, իսկ քրդի տված շալն էլ ինձ փաթաթեց: Քայլում էինք մի կերպ: Մայրս դողում էր, նրա առատ մազերը ցրիվ էին եկել մեջքին: Ճանապարհին հանդիպում էին դիակներ, անթիվ դիակներ… կիսաթաղ, անթաղ… Չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, ապշահար ու անորոշ հայացքով նայում էինք այդ դիակներին: 

Ամբողջ օրը քայլել էինք առանց դադարի: Տաք օր էր: Գաղթականները կանգ առան հանգստանալու, մայրս մեզ ջուր ու հաց տվեց: Դեռ լույսը չբացված շարունակեցինք ճանապարհը, տղամարդիկ շտապեցնում էին: Ճանապարհին քրդերն ու թուրքերը հարձակվում էին գաղթականների խմբերի վրա, թալանում ու սպանում էին: Մայրս փորձեց վեր կենալ, բայց ապարդյուն: Մեր մոտով անցնող մարդկանցից մեկին մայրս ճանաչեց ու ձայն տվեց: Արտամետցի էր՝ իր հայրենակիցը, խնդրեց մեզ իրենց հետ վերցնել: Մայրս կորավ մեր տեսադաշտից: Քաշում ու թափ էինք տալիս ձեռքներս ազատելու ու մայրիկիս մոտ վազելու համար, բայց ամուր ձեռքերը մեզ առաջ էին մղում: Թե ինչքան էինք քայլել , չգիտեմ, միայն հիշում եմ, որ ամուր ձեռքեր ինձ բարձրացրին… մշուշ էր: 

Երբ աչքերս բացեցի, տեսա քրոջս հետ պառկած եմ սայլի վրա, իսկ կողքիս քայլում էր Միհրան քեռին: Նա ոտքից կաղ էր, հազիվ էր քարշ տալիս ոտքերը: Սայլը կանգ առավ: 

-Համբերե՛ք, շուտով ռուսի հողը կհասնենք: Քեռիս ինձ գցեց մեջքին ու դանդաղ առաջ շարժվեց: Նա հերթով շալակում էր ինձ ու քրոջս: Հետո ոչինչ չեմ հիշում: Աչքերս բացեցի մաքուր ու լուսավոր մի սենյակում: Սպիտակ խալաթով կանայք էին դուրս ու ներս անում: Սկսեցի դառը լաց լինել, մայրիկիս էի կանչում: Եղբայրս աչքիս առաջ էր: Ես զգացի անասելի մեծ ցավը: Փակեցի աչքերս ամուր-ամուր, ուզում էի, որ այդ ամենը երազ լինել, ու երբ բացեի աչքերս տատիկս նորից ինձ սեղմեր իր տաք կրծքին ու հանգստացներ, ինչպես միշտ անում էր, երբ վատ երազ էի տեսնում: Երբ կրկին աչքերս բացեցի, քեռի Միհրանի գրկում էի: Ես պինդ-պինդ փաթաթվեցի նրան ու ստապատառ լաց եղա, քույրս միացավ ինձ: 

Լաց էր լինում նաև քեռին: Եկան ցուցակագրեցին և շատ երեխաների հետ մեզ տեղափոխեցին Բաթումի, որտեղից շոգենավով պետք է տանեին Ամերիկա: Երբ շոգենավ էինք բարձրանում, տեսա քեռուն, որին կաղ լինելու պատճառով արգելել էին Ամերիկա մեկնել. նա եկել էր մեզ ճանապարհելու: Քեռուն տեսանք թե չէ, մի անասելի ողբ կապեցինք, մեզ ոչ մի կերպ չկարողացան շոգենավ հանել: Քեռին ստիպված մեզ հետ բերեց Ալեքսանդրապոլ… 

-Հետո տա՛տ, դե պատմիր, էլի՛ պատմիր: 

-Է~, լաո՛… ի~նչ պատմեմ: 

-Էդ սասունցիներից միայն «լաո» բա՞ռը ժառանգեցիր, տա՛տ, իրենց լեզուն այդպես էլ չսովորեցիր: 

-Սասունցիները լավ մարդիկ են, լաո՛, բայց մի քիչ կոպիտ են: 

-Դե լավ, տա՛տ, պատմիր: 

-Քեռին մեզ մանկատուն հանձնեց, բայց միշտ գալիս էր տեսակցության: Դպրոց տվեցին մեզ, լավ կսովորեինք: Մի օր էլ լսեցինք Անդրանիկը ելույթ պետք է ունենա: Դպրոցից աղջիկներով դուրս եկանք ու մոտեցանք էն բազմությանը, որ սպասում էր.տարբեր տեղերից մարդիկ էին հավաքվում: Տներից մեկի պատշգամբում երևաց Անդրանիկը: Շատ էինք լսել նրա մասին: Մի սրտառուչ ճառ արտասանեց: Կռվի էր կանչում բոլորին… Մեզ հավաքեցին ու տարան մանկատուն, չթողեցին մինչև վերջ լսենք: 

-Բա պապիկին ո՞նց ես հանդիպել: 

-Պատահաբաար, քեռու հետ եկել էր դպրոց, ինձ քրոջս վերցրին ու գնացինք վանեցի մի ընտանիքի հյուր: Մի քանի տարի էր անցել բայց հիշեցի պապիկիդ. նա այն ժամանակ Անդրանիկի կողքին էր կանգնած, երբ պատշգամբից ելույթ էր ունենում Անդրանիկը: Հետո իմացա, որ սասունցիների մի մասը տեղավորվել է Արագածի փեշերին. Սասունի նման քարքարոտ տեղեր էին ընտրել: Քեռին մեզ ամուսնացրեց: Շուտ ամուսնացա: Ես տասնչորս տարեկան էի: Քեռին մտածում էր, որ Ղազարը լավ տղա է (նա քսանյոթ տարեկան էր), հասուն, կռված, կկարողանա ընտանիք պահել: Մի տարի հետո ամուսնացրեց քրոջս: Էլի սասունցի էին, Թալինում էին ապրում: 

-Բա ինչի՞ էին աքսորել ձեզ: 

-Պապիկիդ մի քանի անգամ բանտարկել էին, ասում էին Անդրանիկի զորքում է կռվել, դաշնակ է: Բոլշևիկներն Անդրանիկին չէին ընդունում: Բայց պապդ ընդամենը թուրքի դեմ էր կռվել: Քանի~ անգամ երեխաների էր փրկել, բերել հասցրել էր Էջմիածին ու նորից գնացել էր նոր երեխաների փրկելու. Ի~նչ ասեմ, լաո՛, երեսունյոթ թվին բռնեցին պապիդ, տարան գլուխը կերան: Հինգ երեխայի մի կերպ ոտքի կանգնեցրի…Մտածում էի՝ կապրենք, կաշխատեն երեխաներս, բայց պատերազմ… պատերազմից հետո քառասունինը թվին աքսորեցին: Յոթը տարի աքսորում ենք եղել, Ալթայի երկրամասում… 

-Տատ, դե մի քիչ էլ աքսորից պատմիր: 

-Չէ՛, լաո՛, չեմ ուզում բան պատմել, թող էդ էլ մի ուրիշ անգամ մնա»:

Աղբյուր` ArmenianGenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ