Սերունդն իրեն չի վերարտադրում. ժողովրդագիր
“Մենք չենք ունենա բնական հավելաճ, այլ կունենանք բնական նվազում: Արդեն դա ունենք երկու մարզերում, երկիրն ուղիղ գծով գնում է դեպի դա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը` անդրադառնալով Հայաստանի ժողովրդագրական պատկերին:
Ռուբեն Եգանյանի խոսքով, ծնելիության նվազման միտումները կշարունակվեն նաեւ գալիք եւ հաջորդ տարիներին: Սա, ըստ մասնագետի, բնականոն երեւույթ է, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում ծնող տարիք են մտնում 90-ականներին ծնված առավել սակավաթիվ երեխաները:
“Իրենք քիչ են եւ քիչ երեխաներ կունենան: Մահացությունը աճում է եւ շարունակելու է աճել: Կարծում եմ շատ արագ, 5-7 տարվա ընթացքում մենք բնակչության բնական աճի գծով կունենանք բացասական մնացորդ: Մի երեւույթ, որը տեւական ժամանակ տեղի է ունենում Ռուսաստանում”,-ասաց Ռուբեն Եգանյանը:
Նրա խոսքով, բավականաչափ արդյունավետ չեն ծնելիության խթանման ուղղությամբ տարվող ծրագրերը: “Մեզ մոտ տեղի չեն ունենում տնտեսական, սոցիալական, քաղաքական իրադրության դրական տեղաշարժեր”,-հավելեց ժողովրդագիրը:
Մասնագետը գտնում է,որ բացասական ցուցանիշների պատճառ է նաեւ 90-ականների արտագաղթը, որի ընթացքում խաթարվեց վերարտադրողական տարիքի բնակչության բաշխվածությունն ըստ սեռի, տարիքի, անհամամասնություններ առաջացան, որոնք բարդություններ առաջացրին ամուսնական գործընթացներում, խաթարվեց ծնելիության մակարդակը: Այսօր էլ արտագաղթը շարունակվում է:
Ժողովրդագրի խոսքով, մինչ օրս մենք ունեցել ենք ծնվածների եւ մահացածների դրական տարբերություն, բայց ժողովրդագրական առումով արդեն տեւական ժամանակ, սկսած 90-ականների կեսերից, սերունդն իրեն չի վերարտադրում:
“Մի կինը իր ծնելիության ժամկետում գոնե 1.1 աղջիկ երեխա պետք է ունենա, որ սերունդն իրեն վերարտադրի: Տասը կինը պետք է ունենա 11 աղջիկ երեխա: Սա արդեն վաղուց չկա, հիմա մենք մոտենում ենք հաջորդ սահմանագծին , երբ քողարկված թերվերարտադրությունը վերածվելու է բացարձակ ապաբնակեցման”,-նշեց ժողովրդագիրը:
Ստեղծված իրավիճակից, ըստ մասնագետի, խուսափել հնարավոր չէ. “Եթե կարողանայինք 90-ականններին չթողնել, որ ծնելիությունն այդ չափով անկում ապրի, բայց դա երեւի իրատեսական չէր”:
Ռուբեն Եգանյանի խոսքով, պարզ վերարտադրության ապահովման համար մեկ ընտանիքում միջին հաշվով պետք է ծնվի 2.1-2.3 երեխա երկուս ու երեք երեխա, որ պարզ վերարտադրությունն ապահովվի, եթե դրանից պակաս է, մենք ունենք նեղացող վերարտադրություն: Այն մեզ մոտ սկսել է 1993-94 թվականներին: Ռուբեն Եգանյանի խոսքով, անպտղության երեւույթն այս ցուցանիշների վրա էական ազդեցություն թողնել չի կարող: