22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ինչո՞ւ են լռում հատկապես գերտերությունները և կամ եվրոպական այն պետությունները»

Henaran.am-ի հետ զրույցում Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն անդրադառնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագին:

Աստված օգնական Սրբազան Հայր. հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը Վատիկանում մատուցված Սբ Պատարագին: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցածը՝ նախ հոգևոր ու նաև քաղաքական տեսանկյունից:

 –Աստված պահապան.

ՀՀ նախագահի, զույգ կաթողիկոսների և հայ ուխտավորների մասնակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն Վատիկանում, Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի ձեռամբ մատուցված Սբ Պատարագը ինքնին դարակազմիկ երևույթ էր: Պետք է երախտագիտություն հայտնել կաթոլիկ եկեղեցուն հոգևոր եղբայրական այս անկեղծ վերաբերմունքի համար: Հատկապես ներկա պապին, որ իրավացիորեն աշխարհում հայտնի է իբրև արդարության, ազնվության և խաղաղության պաշտպան:  Նա պայքարում է սոցիալական անարդարության և աղքատության դեմ:  

Մեր օրերում ինչպես տեսնում ենք աշխարհն առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Հոգևոր, քաղաքական ու բարոյական արժեքները կարևոր են և առաջնային, եթե ազգերը անվերապահ առաջնորդվում են այդ արժեքներով, սակայն, տեսեք, հայոց ցեղասպանությունից արդեն 100 տարի է անցել և միայն վերջին 20-30 տարիներին է, որ որոշ պետություններ համարձակություն ունեցան իրենց բարոյական ու քաղաքական կեցվածքն արտահայտել ու ճանաչել հայոց Ցեղասպանությունը: Այս դեպքում իրավացիորեն կարող ենք հարցնել. ինչո՞ւ են լռում հատկապես այն գերտերությունները և կամ եվրոպական այն պետությունները, ովքեր ներկա էին ցեղասպանությանը…ինչու բարոյական ուժ, համարձակություն չեն գտնում խոստովանելու ճշմարտությունը:

Ճշմարիտ է, որ բարոյականությունը գոյություն ունի նրանց համար, ովքեր այն կրում են, իսկ ոճրագործների համար բարոյականություն հասկացություն գոյություն չունի: Ուստի այս օրերին Վատիկանի և Եվրախորհրդարանի կողմից հայոց Ցեղասպանության ճանաչմանը միտված բոլոր քայլերն էլ իրենց մեջ կրում են բարոյական, քաղաքական և իրավական բնույթ:

Ի՞նչ կասեք Սբ Գրիգոր Նարեկացուն` որպես տիեզերական վարդապետ հռչակելու մասին: Ի՞նչու հիմա կատարվեց այդ, արդյո՞ք մինչ այս նրանց համար անհայտ էր Նարեկացին: Եվ արդյո՞ք կաթոլիկ եկեղեցին ևս չէր կարող նրան հռչակել որպես սուրբ:

Սբ Գրիգոր Նարեկացին ինքնին մեծություն է: Այդ մենք ենք, որ փոքր ենք և մինչև հիմա չենք տեսնում նրա մեծությունը: Մեծերը միշտ էլ մեծ են լինում, նրանք մեծարվելու կարիք չունեն: Բայց այս պարագային Սբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակելը նույնպես մեր ազգային ինքնասիրությունը շոյող քայլ է և սակայն, ի պատիվ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Նարեկացին ավելի մեծ ճանաչման արժանացավ: Հույսով եմ, տարբեր ազգերի հավատացյալների և գիտնականների լայն շրջանակների կողմից այն ավելի շատ կընթերցվի և կուսումնասիրվի: Եվ կարծում եմ թե կաթոլիկ և թե ուղղափառ եկեղեցիների կողմից մի գեղեցիկ օր Նարեկացին էլ, ինչպես Սբ Գրիգոր Լուսավորիչը, կընդգրկվի իրենց եկեղեցական օրացույցներում` իբրև տոնելի և պաշտելի սուրբ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ