Քրիստոնյա աշխարհի կաթոլիկ և բողոքական եկեղեցու առաջնորդները շատ վատ վիճակում են հայտնվել
«Ես շատ երջանիկ եմ, որ այդ խմբի մեջ էի: Առաջինը որ այն պատմական իրադարձություն էր, երկրորդը որ ես այն ֆիքսում էի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի մեջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատմական պատարագին ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Սարգսյանը նաև լուսանկարներ է արել, որոնք պահպանվելու են արխիվում:
Նա նկատեց, որ ամբողջ աշխարհում մի միլարդ երկու միլիոն կաթոլիկ կա և սա շատ մեծ իրադարձություն էր, քանի որ մենք ինչ էլ անեինք այս արդյունքին չէինք հասնի:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը իրադարձությունը գնահատում է մեկ բառով. «Գրանդիոզ միջոցառում էր, որը իսկապես պատմական իրադարձություն էր: Կա մի ենթատեքս, որի մասին չի կարելի մոռանալ:Սա զուտ հայկական իրադարձություն չէր: Եթե Հռոմի պապը նման վերաբերմունք է հանդես բերում մեր ազգային խնդիրների նկատմամբ և բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության խնդիրը, ուրեմն սա զուտ Հայոց ցեղասպանության խնդիր չէ այլ քույր եկեղեցիների համագործակցության` ընդգծված, արտահայտիչ դրսևորում:
Երբ որ դու հետևում ես ամբողջ քրիստոնյա աշխարհի տարաձայնությունների պայքարի շղթային, տեսնում ես, որ դրանք ի վերջո հանգեցրել են նաև պատերազմների ու ամբողջ աշխարհը բաժանվել է մի քանի մասերի: Հիշենք կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների բաժանումը ու նաև մեր բաժանումը քաղկեդոնից»,-նշեց պատմաբանը ու հավելեց, որ քրիստոնյա աշխարհը պետք է դիտել որպես մեկ ամբողջականություն:
Նրա դիտարկմամբ՝ շատերը թշնամաբար էին խոսում հայ կաթողիկե եկեղեցու մասին, սակայն պետք է ասել, որ կաթողիկե եկեղեցին իր ավանդը ունեցավ Հռոմի պապի այս որոշման մեջ:
«Առաջիկայում մենք կտեսնենք այն շղթայական ռեակցիան, որը կբերի հատկապես կաթոլիկ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը Հռոմի պապի ճանաչելուց հետո արդեն քրիստոնյա աշխարհի կաթոլիկ և բողոքական եկեղեցու առաջնորդները շատ վատ վիճակում են հայտնվել: Նկատի ունեմ ԱՄՆ-ը,նկատի ունեմ Անգլիան»,-ասաց Մելքոնյանը:
Մելքոնյանը նկատեց նաև, որ մի շարք երկրներում Հռոմի պապի նկատմամբ ուղղակի պաշտանմունք է գործում և սա բոլոր առումներով նպաստավոր գործոն կհանդիսանա Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
«Մենք պետք է հասկանաք, որ Հռոմի պապի խոսքը բնականաբար քաղաքական ենթատեքստ ուներ»,-հավելեց Աշոտ Մելքոնյանը: