Զինվորականներին մերոնք-ձերոնք, նախկին-ներկա բաժանելու իշխանության վարքագիծն ունի մեկ նպատակ. Տիգրան Աբրահամյան

168.am-ը գրել է, որ գործող իշխանությունը սկսել է զինվորականությանը բաժանել «ձեր»-ի և «մեր»-ի, «նախկինների և ներկաների»: Մասնավորապես, Սու-30-ներով քաղաքական PR արած իշխանության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ դրանց ձեռքբերման «մեղքը» գցել է զինվորականության վրա և նրանց ոչ յուրային համարել, իսկ ավելի ուշ զինվորականներին մեղադրել է 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին սխալ տեղեկություններ հայտնելու, 5-րդ շարասյան տրամաբանության մեջ գործելու, ինչպես նաև՝ 2021 թվականի փետրվարին ռազմական հեղաշրջման փորձ կատարելու համար:
168.am-ն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ կա՞ն նախկինների և ներկաների զինվորականներ, ճի՞շտ է նման գնահատական տալը, երբ 7 տարի անց դեռ աշխատում ես նախկինների հետ աշխատած զինվորականների հետ, արդյո՞ք այս բաժանումը և 44-օրյա պատերազմի օրերին իրավիճակի վերաբերյալ սխալ զեկույցների համար մեղադրանքները խորքային այլ խնդրի մասին չեն հուշում:
– Զինվորականներին մերոնք-ձերոնք, նախկին-ներկա բաժանելու իշխանության վարքագիծն ունի մեկ նպատակ՝ զինված ուժերի նկատմամբ թիրախավորման ալիքը պահպանել, բարոյալքել զինվորականությանը, և հետագայում էլ ցանկացած պարտություն վերագրել նրանց: 7 տարի իշխանության մեջ գտնվող ուժը, երբ խոսում է կամայական շարասյուների, 5-րդ շարասյան և դավադրությունների մասին, կրկնում եմ, դա խոսում է մեկ բանի մասին՝ նպատակադրված սրբագրել կամ մաքրել սեփական տապալումները, սեփական ժողովրդի նկատմամբ դավաճանությունները, և դրանք վերագրել բանակին, զինվորականությանը:
– Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումից առաջ կարո՞ղ ենք այլ զարգացումների ականատես լինել վերը նշված տրամաբանության մեջ, ի՞նչ սպասել, այդ թվում՝ զեկույցի ներկայացումից հետո: Ի դեպ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ո՞ր դեպքում կմասնակցի փակ նիստին:
– Քննիչ հանձնաժողովի ստեղծումից ի վեր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով, և դրանք այս պահին էլ որևէ ձևով չեն փոխվել: Բացի այն, որ այս հանձնաժողովի գործունեությունը, աշխատանքը և նախատեսված զեկույցն օրենքի կոպիտ խախտումներով են եղել, ընթանում, դեռևս պարզ էլ չէ այն ձևաչափը, որով որոշակիորեն կհանրայնացվի այս զեկույցի այս կամ այն հատվածը: Ես սա չեմ ասում, որ որևէ սպասելիք ունեմ այդ զեկույցից, կամ՝ որևէ բան կա այնտեղ, որ պետք է իմանանք: Միակ բանը, որ կարելի է այնտեղ տեսնել, դա իշխանության քաղաքականության արտացոլումն է՝ 44-օրյա պատերազմը սեփական շրջանակներում շարադրելու, մեղավորներ և պատասխանատուներ նշանակելու հարցում, որտեղ, բնականաբար, քաղաքական իշխանությունը լինելու է ստվերում, պատասխանատվությունից դուրս:
– 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը՝ մտադիր են եղել զավթե՞լ իշխանությունը, ինչպես պնդում է ԱԺ նախագահը:
– 2021 թվականի Գլխավոր շտաբի գործողությունները, ինչն արտահայտվել է հանրայնացված հայտարարությամբ, պետք է առաջին հերթին պարզաբանեն այն մարդիկ, որոնք նախաձեռնել էին դա, և նրանք, որոնք դրա տակ ստորագրել էին: Այդ զինվորականների մի մասն այսօր հրապարակային և ոչ հրապարակային հրաժարվում է իր ստորագրությունից և փորձում է կատարվածը ներկայացնել որպես չիմացության արդյունք՝ դրանով իսկ ապահովելով իր պաշտոնական առաջխաղացումը, կամ՝ միգուցե կանխելով իշխանության կողմից իրենց նկատմամբ քրեական հետապնդումները:
Հաշվի առնելով, որ նախաձեռնությունը եղել է այդ ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանինը, ապա այս թեմայի հետ կապված պարզաբանում առաջին հերթին պետք է ակնկալել նրանից, իհարկե, նկատի ունենալով այն ազնիվ մղումները, որոնք դրված էին այդ հայտարարության հիմքում, և որի հետ դժվար է չհամաձայնել: Այսինքն, գործ ունեինք մի իրավիճակի հետ, որը նույնիսկ զինվորականներին էր մղել հանրային խոսք հնչեցնելու և հանրությանը սպասվող աղետների մասին զգուշացնելու:
– 1-1.5 ամիս է՝ սահմանագոտում, սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական կրակոցներ են լսվում, ինչը հաշվի առնելով՝ ռազմական վերլուծաբանները չեն բացառում էսկալացիայի հավանականությունը: Սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ կրակոցների առկայությունն անպայման չի հանգեցնի էսկալացիայի, և կարող է կրակոց չլինել և էսկալացիա լինել: Վերջերս էլ Ալիևն ասել էր՝ հրադադարը չի կանգնեցնում պատերազմը: Դուք ի՞նչ եք կարծում:
– Հրադադարի ռեժիմի խախտումները, որոնք վերջին 3-4 շաբաթներին արձանագրվում են սահմանագծի տարբեր ուղղություններով, արդեն իսկ իրենց վատ ազդեցությունը կամ ներազդեցությունն ունեցել են սահմանամերձ համայնքի բնակիչների վրա, որովհետև դրանք վախի մթնոլորտի և ահաբեկման առաջնային խնդիր են լուծել: Իհարկե, ադրբեջանական վարքագիծը միայն դրանով չի սահմանափակվում, սա հիշեցում է ՀՀ իշխանություններին, որ ցանկացած պահի կարող են «տաքացնել» առաջնագիծը, և իրենց խնդիրները լուծել՝ նաև այս գործելաոճը որպես ճնշման մեթոդ օգտագործելով: Թեպետ սա մինչև 2018 թվականը ևս կիրառված մոտեցում է Ադրբեջանի կողմից, սակայն նախորդ իշխանությունների ժամանակահատվածում այս սադրանքներին համարժեք պատասխանելը հնարավորություն է տվել ոչ միայն զսպել Ադրբեջանին, այլև թույլ չտալ, որ բանակցային գործընթացում այն ադրբեջանական կողմի համար ազդեցության էական լծակ դառնա:
Ավելին, հայկական կողմի գործողությունները շատ դեպքերում եղել են անհամաչափ, ստիպել են Ադրբեջանին հետ կանգնել ավելի մեծ մասշտաբի գործողություններից, իսկ բանակցային գործընթացում հնարավորություն են տվել մեզ ճիշտ դիրքավորում ապահովել:
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի պնդումներին, չեմ կարծում, որ մեր հանրությունն իրադրային գնահատականները և պատկերը կարող է ստանալ ՀՀ իշխանությունների հայտարարություններից, որոնք կա՛մ իրականությանը չհամապատասխանող են, կա՛մ նպատակ ունեն քողարկել այն իրականությունը, որն այսօր առկա է առաջնագծում:
Մարիամ Պետրոսյան
168.am