18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Հիմա մեր ռազմաճակատը տնտեսությունն է: Եթե պարտվենք, մեր հաղթանակները չեղյալ կարելի է համարել». Վ. Մանուկյան

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի ունեցած «Հայաստանի արդյունաբերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ, ողջունելով ներկաներին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով տնտեսության զարգացման անհրաժեշտությանն ու դրա խոչընդոտներին:

Նա նշեց, որ երկրում առկա բազմաթիվ խնդիրներից որով էլ փորձես զբաղվել, վերջիվերջո կգաս այն եզրակացության, որ եթե տնտեսությունը մեծ արագությամբ թռիչք չգործի, և մի քանի տարում մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը մի քանի անգամ չաճի, ապա այդ խնդիրները երբևէ վերջնական լուծում չեն ստանա: «Մենք հաղթեցինք ռազմի դաշտում, հիմա մեր ռազմաճակատը տնտեսությունն է: Եթե մենք այդտեղ պարտվենք, մեր հաղթանակները չեղյալ կարելի է համարել»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նրա դիտարկմամբ՝ այսօրվա աշխարհում տնտեսության մեջ բավականին լարված տեմպ կա, և միայն տեղումդ կանգուն մնալու համար պետք է մեծ արագությամբ վազել, սակայն Վազգեն Մանուկյանը չի նկատում, որ Հայաստանը տնտեսության առումով վազքի մեջ է. «Մենք շատ առոք-փառոք կյանքով ենք ապրում: Կան չքավորներ, որոնք դժգոհ են Հայաստանից ու գնում են, և կան ունևորներ, որոնց մեծ մասին կարող ես տեսնել ռեստորաններում զվարճանալիս: Սա երկար տևել չի կարող»,-ասաց նա:ՀԽ ղեկավարը հիշեց, թե ինչպես մի քանի տարի առաջ, երբ հրավիրված էր Սինգապուր, հյուրանոցի սրահներից մեկում նկատեց, թե այն որքան լի է երիտասարդներով, որոնք համակարգիչներով ակտիվ բիզնես ծրագրեր են քննարկում.

«Քաղաքով ման էիր գալիս ու զգում էիր, որ այդ քաղաքն ապրում է տնտեսությամբ, բոլորը դրա մեջ են: Մեզ մոտ այդպես չի, մինչդեռ դա մեզ համար շատ ավելի կարևոր է»:Մյուս կողմից, Վազգեն Մանուկյանը չի կարծում, որ դա ժողովրդից է գալիս, ընդհակառակը, ժողովուրդն ունակ է ու աշխատասեր, և ՀԽ եկավարը ենթադրում է, որ դրա համար կան խոչընդոտներ. «Այո, կան որոշ օբյեկտիվ խոչընդոտներ՝ շրջափակում և այլն և այլն, որոնք մենք հիմա վերացնել չենք կարող, բայց կան նաև ներքին խոչընդոտներ. մենք պետք է նստենք ու քննարկենք, թե որոնք են այդ խոչընդոտները, որ խանգարում են մեր տնտեսության զարգացմանը, և ինչ է պետք անել, որ տնտեսությունը զարգանա»:

Ըստ Մանուկյանի, տնտեսության զարգացման համար առաջին հերթին կարևոր է հստակեցնել, թե որ ճանապարհով ես գնում, երկրորդ՝ պետք է ստեղծել խաղի գրված ու չգրված կանոններ, որոնք համապատասխանում են այդ ճանապարհին, երրորդ՝ բոլորի մոտ պետք է լինի ներքին համոզմունք, որ խաղի կանոնները երկարատև են և տարածվում են անխտիր բոլորի վրա:Վերլուծելով տարբեր երկրների տնտեսությունների զարգացման ընթացքը՝ Վազգեն Մանուկյանը խոսեց Հայաստանի տնտեսական ուղու մասին: Նախ հիշեցրեց, որ անկախության հռչակումից Հայաստանն ընտրեց լիբերալ ճանապարհը. «Գրվեցին օրենքներ, որոնք քիչ թե շատ համապատասխանում են լիբերալ ճանապարհին, բայց իրականում չգրված օրենքներն ի չիք են դարձնում այդ գրված օրենքները: Հայաստանում տեղեր կային, որտեղ ռազմաֆեոդալական համակարգ էր, հիմա դա չեմ տեսնում, բայց կա ֆեոդալական համակարգ, կան ճյուղեր, որտեղ բավականին ազատ զարգացում է տեղի ունենում, օրինակ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը: Կան տեղեր, որտեղ լրիվ մոնոպոլիա է, շուկան բաժանված է մի քանի հոգու միջև, և ոչ ոք չի համարձակվի խցկվել այդտեղ. այդպիսի երկիրը չի կարող զարգանալ: Մենք մի օր էլ, հավանաբար, կկազմակերպենք քննարկում տեսական ոլորտի մասնագետների հետ՝ հասկանալու, թե Հայաստանին ո՞ր մոդելը կտա զարգացման հնարավորություն: Սակայն ներկայումս գործող օրենքներն ու պրակտիկան շատ անգամ հակասում են մեր տնտեսության զարգացմանը»:Կարևորելով տնտեսության մեջ արդյունաբերության դերը՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ չարժե արդյունաբերությունը թերագնահատել, ինչպես որ թերագանահատված է Հայաստանում, բայց միաժամանակ չարժե գերագնահատել, ինչպես Խորհրդային միությունում էր: Այնուամենայնիվ, մեկ բան հստակ է. «Առանց արդյունաբերության Հայաստանը շնչել չի կարող»:

Վազգեն Մանուկյանն այնքան էլ համամիտ չէ այն տեսակետին, թե երկրի խնդիրները կլուծվեն ազատ մրցակցության շնորհիվ. «Ազատ տնտեսական մրցակցությունն օգտակար բան է, և շատ խնդիրներ կարող է լուծել, սակայն դա չի բերի նրան, որ Հայաստանում օլիգարխներից որևէ մեկը կառուցի գործարան: «Այն երկրները, որ թռիչք են ունեցել, պետությունը տնտեսության որոշակի հատվածներում միջամտել է: Ես, օրինակ, տնտեսության կառուցվածքը պատկերացնում եմ այսպես. պետությունը 5-6 ոլորտ վերցնում է իր հոգածության տակ և զարգացնում է, մյուս ոլորտները զարգանում են ազատ մրցակցային պայմաններում»:Խոսելով տնտեսության ներկա վիճակի մասին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ Հայաստանն այսօր մտել է խիստ վտանգավոր շրջափուլ, քանի որ պետության եկամուտները նվազում են, որի հետևանքով պետությունը ճնշող հարկային-մաքսային քաղաքականություն է իրականացնում, որ գումար հավաքի, սակայն դրանից տնտեսությունն է՛լ ավելի է նվազում. «Պետությունը պետք է դիմի ժողովրդին և ասի, որ մենք գտնվում ենք ծանր վիճակի մեջ, մենք չենք ապրում այնպես, ինչպես որ աշխատում ենք, այսինքն՝ ավելի լավ ենք ապրում, քան աշխատում ենք, եկեք նախագահից մինչև վերջին մուրացկանը նույնչափ գոտիներս ձգենք, փոխարենը արտոնյալ պայմաններ ստեղծենք տնտեսության այն ոլորտներում, որը 3-4 տարի հետո կկրկնապատկի մեր համախառն ներքին արդյունքը:

Միգուցե ես ծայրահեղացված եմ ասում, բայց պետք է շատ ազնիվ ներկայացվի վիճակը, և ստեղծվի փոխադարձ վստահության մթնոլորտ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին խոշոր գործարանների տնօրեններ, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Հայրենական ապրանք արտադրողների միության և մի շարք այլ կազմակերպությունների, պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ