22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչն է պաշտոնանկությունների պատճառը. 3 վարկած

Նոյեմբերի 17-ի երեկոյան և նոյեմբերի 18-ին լուրեր տարածվեցին, որ պաշտոնանկ են արվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Պաշտոնանկության մասին լուրերը հաստատեց նաև Նիկոլ Փաշինյանը, ցրելով լավատեսական կասկածները, թե բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականի դիմումները կամավոր են գրել։ «Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին իր խնդրանքն ըմբռնելու համար։

Ի՞նչն է պաշտոնանկությունների պատճառը։ Հանրային քննարկումներում շրջանառվում է 3 վարկած, գրում է ORAGIR.NEWS-ը:

Առաջինն առնչվում է դատաիրավական ոլորտում բարեփոխումների անբավարար արագությանն ու արդյունավետությանը։ Այս մասին ակնարկեց նաև Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում, խիստ քննադատելով ուժային կառույցներին, նրանց մեղադրելով անգործության մեջ, ասելով, թե իր համբերության բաժակը լցվել է։

Հայտնի է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումներին մեծապես աջակցում է ԱՄՆ-ն, տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար հատկացնելով։ Ուղղակի ֆինանսակա աջակցություն է տրամադրվում Արդարադատության համակարգին, ՆԳՆ-ին։ Ենթադրաբար՝ հայ-ամերիկյան մոնիթորինգը ցույց է տվել, որ միջոցները, մեղմ ասած՝ ոչ արդյունավետ են տնօրինվել։ Հետևաբար՝ Փաշինյանը պաշտոնանկ է արել թիմակիցներին որպես քավության նոխազների, որ չվտանգի հայ-ամերիկյան հարաբերություններն, ու շարունակվի ԱՄՆ ֆինանսական աջակցությունը ՀՀ իշխանություններին։ Լավատեսորեն ենթադրելի է նաև, որ նորընտիր Թրամփը նոյեմբերի 16-ին Փաշինյանից պահանջել է ավելի արդյունավետ և արմատական բարեփոխումներ իրականացնել, հակառակ դեպքում՝ փող չի տա։

Երկրորդ վարկածն առնչվում է առաջիկա ընտրություններին, որին արդեն նախապատրաստվում է ՔՊ-ն։ Պարտվելու ռիսկերը կառավարելու համար ուժայինների առաջ խնդիր է դրվել հալածել պոտենցիալ մրցակիցներին, որոնք «հանրային կարծիքով պատասխանատվության են ենթակա»։ Դրա համար ուժայինները պետք է գլխավորեն անամոթները, որոնք չեն քաշվի իրականացնել Փաշինյանի անարդար հրահանգները։ Նախընտրական տրամաբանության մեջ է նաև ՏԿԵ նախարարին փոխելը։ Ընտրությունների ժամանակ ՏԿԵՆ-ը մեծ ծավալի աշխատանք է կատարում տեղերում կազմակերպչական աշխատանքներ տանելու առումով։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ՏԿԵ նախարար է նշանակվելու հանրային հեղինակություն, կազմակերպչական մեծ կարողություններ ունեցող մեկը։

Երրորդ վարկածն ապաքաղաքական է։ Ուղղակի՝ փող է պետք։ Սափրված Փաշինյանի դեբյուտային բարկությունը Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում ուներ մեկ ուղերձ՝ «Փող է պետք, ընկերներ»։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ից, ԵՄ-ից ստացած փողերը չեն հերիքում կամ շուտով կտրվելու են։ Անհրաժեշտ է խստացնել հարկերը, ավելի շատ փող գանձել գործարարներից, հալածել սրճարանում ու ռեստորանում քեֆ անողներին, նրանց փողերն առգարվել։ Նույնիսկ՝ թոշակը չեն բարձրացնում, քանի որ եղած փողը չի հերիքում։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ տեղի չեն ունեցել պաշտոնանկություններ, ինչպես գրում է Փաշինյանն, այլ մարդիկ ազատման դիմումներ են գրել, հրաժարվելով անխիղճ, անազնիվ կերպով հալածել անմեղ մարդկանց, խլել նրանց աշխատած, վաստակած կամ ժառանգած փողերը։

Ամփոփելով, նկատենք, որ եթե ամերիկյան ճնշումներն են պաշտոնանկությունների պատճառն, ապա առաջիկայում դատաիրավական բարեփոխումները նոր որակ կստանան, կիրականացվի լյուստրացիա, ռուսական լրտեսներին կբռնեն և այլն։ Իսկ եթե քաղաքական պոտենցիալ մրցակիցներին հալածելու կամ փողի պակասը անազնիվ, անարդար ձևերով լրացնելու պահանջն է հանգեցրել հրաժարականների, ապա կարող ենք ասել, որ ՔՊ-ական կառավարությունում ինքնասիրություն ունեցող մարդիկ էլ կան, ոչ բոլորն են սրիկա։

Թաթուլ Մկրտչյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ