Ղարաբաղը կարելի է Մոսկվայի ենթակա հայտարարել. Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին, որում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ժիրինովսկին ասել է, որ Ղարաբաղը պետք է տալ Ռուսաստանի ենթակայությանը:
«Եթե Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին, հայերը կնեղանան: Եթե ճանաչել ներկայիս ստատուս-քվոն, դուք կնեղանաք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակը՝ կարելի է Ղարաբաղը Մոսկվայի ենթակա հայտարարել: Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը»,- ասել է նա` նշելով, որ Ղարաբաղում կարելի է ընդհանուր դրոշ կիրառել, օրինակ՝ ԱՊՀ դրոշը:
«Թող այնտեղ լինեն ռուսական, հայկական, ադրբեջանական դրոշների տարրեր: Մոսկվայի համար շատ բարդ է: Մեզ ոչ մի պատերազմ հարկավոր չէ: Պետք էր պահպանել ԽՍՀՄ-ը եւ ճնշել բոլոր հակամարտությունները»,- ասել է Ժիրինովսկին:
Ժիրինովսկին անդրադարձել է նաեւ շփման գծում տեղի ունեցող ընդհարումներին: «Քանի դեռ հարցը լուծված չէ, բանակները կանգնելու են իրար դեմ, պարբերաբար տեղի են ունենալու փոխհրաձգություններ, դիվերսիաներ, սադրանքներ: Ռուսական բանակ պետք է մտցնել, որպեսզի կողմերի միջեւ բախումները կանխվեն»,- ասել է նա: