Երևանում ցուցարարները բարիկադներ են կառուցել. միջազգային մամուլ
Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
«Երևանում վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Մայիսի 13-ի վաղ առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն աղբամաններով և փողոցային նստարաններով փակել են Երևանի մի շարք փողոցներ»,- գրում է Eurasia Daily-ն։ «Ցուցարարները փորձում են փակել Երևանի ծանրաբեռնված ճանապարհները, մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտան, Ազատության և Կոմիտասի պողոտան, Թբիլիսյան խճուղին»,- գրում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։
«Երևանում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մասին կառավարության որոշման: Ցուցարարները երթեր են կազմակերպում դեպի մայրաքաղաք և փակում գլխավոր մայրուղիները։ Բողոքի ակցիաների առաջնորդ, Տավուշի արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը սպառնում է Փաշինյանի կառավարությանը իմպիչմենտով։ Իրենց հերթին, իշխանություններն ասում են, որ պետական հեղաշրջում է նախապատրաստվում»,- նշում է ֆրանսիական RFI-ն։
«Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները Փաշինյանին որակում են որպես «կապիտուլյանտ» և սպառնալիք՝ Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը»,- ընդգծում է Eurasianet-ը։
«Ցուցարարների առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ «հողային համաձայնության» պատճառով, որի համաձայն՝ Հայաստանի տարածքի մի մասը հանձնվում է Ադրբեջանին»,- հայտնում է Radio Free Europe-ը։