Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարում
Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, ցույցերը մատուցանվում են ոչ ամբողջական, գերակշռում են իրավապահ մարմինների հայտարարությունները, չեն ներկայացվում շարժման առաջնորդների ելույթները և այլն։
Հարկատուների հաշվին ֆինանսավարվող Հանրայինը հարկ չի համարել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ռեպորտաժներ պատրաստելու, բողոքող կամ նույնիսկ չբողոքող տավուշցիների հետ խոսելու և նրանց մտահոգությունը ներկայացնելու համար։
Ի՞նչ է հայտնում Հանրայինը
Առհասարակ, որևէ թողարկման մեջ Հանրայինը հստակ չի նշում Տավուշում օրեր շարունակ ընթացող ցույցերի մասին։
Դիտարկվող ժամանակահատվածի թողարկումներում միայն մեկ անգամ է նշվում, որ Տավուշում բողոքի ցույցերը համակարգում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մյուս դեպքերում քանիցս նշվում է, որ ցույցերը համակարգում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանցից որևէ մեկի հետ այս ընթացքում որևէ հարցազրույց չի եղել։