Զորավոր աղոթք` Տե’ր, գթա՜ մեղավորիս
Տեր, ինձ հաղորդ դարձրու Քո աստվածային
սիրուն` որ սիրեմ պատվիրաններդ և գնամ Քո
ճանապարհով, չարչարվեմ մինչ ի մահ Քո անվան
համար, մտնեմ Քո փառքի մեջ, դասվեմ սրբերիդ
շարքում և մշտապես ուրախանամ Քո կամարարների հետ:
Գթա, Տեր, մեղանչած ու եղկելի անձիս,
խափանիր անառակ ցանկություններս, բոլոր
մեղքերիս կեղտն ու քավիր իմ անօրինություններս,
բժշկիր վիրավորված իմ հոգին ու առողջացրու
հիվանդացած մարմինս, ցրիր ինձանից չարը,
ժողովիր բարին և լցրու պակասություններս:
Ընկնում եմ Քո առաջ, Տեր, և թողություն
հայցում մեղքերիս համար, ընդունիր
պաղատանքներս ու քավիր անթիվ հանցանքներս.
պայծառացրու միտս և լուսավորիր իմ
խորհուրդներս, կարող դարձրու
մարմինս անդադար մնալ Քո Սուրբ
Անվան փառաբանության մեջ:
-Տեր, կանգնեցրու մեղքով ընկածիս և
դարմանիր ինձ, որ խոցված եմ թշնամուց:
Վերցրու մեղքերիս ցավը և վերացրու
հանցանքներիս կսկիծը, հափշտակիր
դառը մահճից ու ազատիր անողորմ
տանջանքներից, հեռու տար մարմնական
ցանկություններից ու դասիր ճգնավորների կարգում:
Վերակացու և պահապան եղիր
անձիս, ով Տեր իմ Հիսուս, պահիր
ինձ դևերից ու փրկիր մարդկային փորձանքներից:
Հաղթիր հակառակվողներին և ինձ հաստատուն
դարձրու, որ պատերազմողների մեջ քաջ ու
ընտիր լինեմ. գործակցիր ինձ հետ,
որ լինեմ մեղքերի քավարան, համբերեմ
վշտերին և առաքինագործությամբ
մերձենամ Քո աստվածային շնորհներին:
Վայ ինձ, Տեր, վայ ինձ, քանզի կործանվեցի
մեղքերով ու կեղտոտվեցի իմ մտքերով,
ունայնացա բարիքներից ու ցամաքեցի
սիրուց, խավարեցի լալուց և դադարեցի [առաջ]
ընթանալուց: Չունեմ լացող և արտասվող աչքեր,
ծփում եմ տարակուսած, որովհետև չունեմ
բարու հույս և ակնկալություն: