24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլն ամեն ինչ հանձնելու է, քանի դեռ նա կա՝ տարածքային ու մարդկային կորուստներ ենք ունենալու». Տիգրան Վարդանյան

«Տեղեկատվական դաշտում Ադրբեջանը պատրաստվում էր փետրվարի 13-ի՝ Ներքին Հանդում իրականացրած սադրանքին։ Օդում կախված լուրերի համաձայն՝ հայկական կողմից հրաման է իջեցվել զինվորներին, որպեսզի չկրակեն։ Այսինքն՝ կա երկու տարբերակ՝ կամ հայ զինվորը կրակում է ու դատվում Երևանում, կա՛մ չի կրակում ու հանձնում դիրքն ու գերեվարվում՝ կամ զոհվում, ինչը եղավ»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ խոսելով փետրվարի 13-ին Ներքին Հանդում Ադրբեջանի կողմից իրականացրած սադրանքի և հայկական կողմից եղած պաշտոնական արձագանքի մասին։

Նրա բնորոշմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, պատասխանն է այն բանի, որ մարդիկ ժամանակին ասում էին՝ «Արցախը տանք, հանգիստ ապրենք», Արցախը տվեցին, սակայն հանգիստ չեն ապրում։

«Վստահեցնում եմ՝ քանի դեռ Նիկոլն է իշխանության, իրենց մտերիմները, երեխաները կարժանանան այդ զոհված 4 հոգու ճակատագրին։

Բանակը մեզ պետք է, որովհետև այն մեր պետության հիմնասյուներից է։ Այն, որ այսօրվա կառավարիչները թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկողներ են, յուրաքանչյուր քաղաքացու համար ակնհայտ է։ Բայց, օրինակ, իմ ծառայության տարիներին մեզ երբեք նման հրաման չի եղել՝ թշնամու սադրանքներին չպատասխանել, կամ թշնամին կրակի, իսկ մենք, ներողություն՝ էշի ականջում քնած լինենք։

Ես կարծում եմ՝ ինձ նման նաև շատ քաղաքացիներ կարոտել են Պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, որը կար՝ «թշնամին լռեցվել է, կամ թշնամին պատժիչ գործողություների արդյունքում լռեցվել է»։ Հայկական կողմը ադրբեջանական սադրանքներին միշտ պատշաճ կերպով արձագանքել է։ Իսկ այսօր Նիկոլն ասում է, թե՝ այ, եթե պատերազմ չեք ուզում, ուրեմն՝ այսինչը պիտի հանձնենք, Սահմանադրությունը պիտի փոխենք։ Նիկոլն ամեն ինչ հանձնելու է, քանի դեռ նա կա՝ անդադար տարածքային ու մարդկային կորուստներ ենք ունենալու»,- շեշտեց Տիգրան Վարդանյանը։

Նրա համար ուրախալի է, որ Վարդենիսում այն մարդիկ, որոնք նախկինում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ գառ էին մատաղ անում, այսօր գիտակցում են ողջ իրականությունը։ Նրանք սկսել են բողոքի ակցիա իրականացնել ու զենք են պահանջում՝ պաշտպանվելու համար։

«Ժողովուրդն այսօր կամաց-կամաց գալիս է այն գիտակցության, որ սրանք վտանգ են, ինչքան շուտ սրանց հեռացնենք, այնքան ավելի մեծ շանսեր կունենանք պետություն ունենալու։

Այս իշխանությունը փորձելու է ժողովրդին մոլորեցնել, թե Սահմանադրությունը փոխելու ենք, որ պատերազմ չլինի, բայց Ադրբեջանի հետ երբեք խաղաղություն չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հակասում է։ Մեկ ասում է՝ գնում ենք խաղաղության, մեկ էլ ասում է՝ եթե ստորագրենք խաղաղության պայմանագիր, որևէ մեկը չի երաշխավորելու, որ հաջորդ օրը նոր էսկալացիա չի լինի։

2021 թվականից առաջ Նիկոլ Փաշինյանը խաբեց քաղաքացիներին, իրենց նախընտրական ծրագրում ասում էին՝ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա ենք անելու, անջատում հանուն փրկության է լինելու, սակայն որևէ բան էլ չեղավ։ Նա ուղղակի ընտրություններով լեգիտիմացավ, որպեսզի Արցախի մնացած հատվածը հանձնի։ Նիկոլը նույնիսկ առանց փաստաթուղթ ստորագրելու է՝ հանձնելու»,- հավելեց Տիգրան Վարդանյանը։

Նա նկատեց՝ Փաշինյանի և Ալիևի միջև նույնիսկ հանդիպում տեղի չի ունենում, այնտեղից հրահանգավորում են, այստեղ Նիկոլ Փաշինյանը դրանք կատարում է։

Այս ամենից դուրս գալու միակ ճանապարհը Տիգրան Վարդանյանը տեսնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։

«Ինքս՝ որպես շարքային քաղաքացի, մասնակցել եմ բոլոր պիկետներին, շարժումներին, եթե նոր շարժում ձևավորվի՝ կրկին մասնակցելու եմ։ Կան ավելի տեղեկացված մարդիկ, որոնք ունեն լծակ, անցած ճանապարհ ու ավելի լավ գնահատում են, թե երբ է գալու փողոց դուրս գալու պահը։ Կարծում եմ՝ ընդդիմությունն այդ պատմական շանսն իր ձեռքից բաց չի թողնելու։ Դուրս կգանք փողոց ու սրանց հարցերը կլուծվի՝ ինչ ճանապարհով էլ լինի։

Հանրապետական կուսակցության համար կարևորը պետությունն է, դրա մասին բազմիցս հայտարարել ենք Երրորդ նախագահի մակարդակով։ Մենք կկանգնենք բոլորի կողքին, ովքեր ի շահ Հայաստանի են պայքարում։

Ինչ վերաբերում է փողոց, թե՝ ընտրություններ, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ միանշանակ՝ փողոց, որովհետև ընտրություններով, օրենսդրական ու սահմանադրական ճանապարհով Նիկոլը մնալու է իշխանության։ Հետևաբար, միակ ելքը փողոցն է՝ հստակ քայլերով, գործողություններ, որին Հանրապետական կուսակցությունը պատրաստ է»,- նշեց նա։

Խոսելով Վահան Քերոբյանի հրաժարականի մասին, Տիգրան Վարդանյանն ասաց, որ նրա՝ Էկոնոմիկայի նախարար դառնալն աբսուրդի ժանրից էր։

«Ըստ օդում կախված լուրերի՝ չար լեզուներն ասում են, որ Վահան Քերոբյանի դեմ առաջիկայում հարուցվելու են քրեական գործեր և այդ գործերն արդեն պատրաստ են։ Այնպես չէ, որ ինքն է հրաժարական տվել, իր շեֆը զանգել է, իրեն ասել է, որ պետք է հրաժարական տա։

Եթե Վահան Քերոբյանը հրաժարականի մասին իր գրառման վերջում շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, դա չի նշանակում, որ այդպես պրծնելու է»,- եզրափակեց Տիգրան Վարդանյանը։

Հ. Գ. Հարցազրույցից րոպեներ անց տեղեկություն տարածվեց, որ Վահան Քերոբյանի աշխատասենյակը խուզարկվում է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ