24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պիտի»-ով խոսող ես՝ գնա՛ Ալիևի ու Էրդողանի հետ խոսի՛ր, ինչ կարողացել, խլել են. Տիգրան Աբրահամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվի բանտերում հայտնվելը բխում է Նիկոլ Փաշինյանի շահերից, ակնհայտ է, որովհետև սրանք այն մարդիկ էին, ովքեր առաջ էին մղում Արցախի ինքնորոշման իրավունքը։ Իսկ իր նպատակը հայոց պետականության մասին հիշատակումների ոչնչացումն է, որը սկսվում է Արցախից, ավարտվում Մասիս սարով…
Արցախի ղեկավարների՝ այստեղ արցախցիների գլխին լինելը որևէ կերպ չէր բխում Նիկոլ Փաշինյանի քաղաքական առաջնահերթություններից։ Եթե ուղիղ խոսենք, Նիկոլ Փաշինյանի անթաքույց հետաքրքրությունն է այդ մարդկանց հնարավորինս երկար Բաքվի բանտերում թողնելը։
Երբ նայում ես Հայաստանում քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի քեյսը, տեսնում ես, որ այս մարդիկ կարող են իրական խնդիրներ առաջացնել Նիկոլ Փաշինյանի համար։ Հետևաբար՝ օրինակ, Արմեն Աշոտյանին Նիկոլ Փաշինյանը այնքան ժամանակ կպահի փակի տակ, քանի դեռ, ըստ իրեն, Արմենը չի որոշել նահանջել իր դիրքից։ Տեղի է ունեցել ուղիղ հակառակը։ Արմեն Աշոտյանի վարկանիշը կտրուկ բարձրացել է, նա շարունակում է իր պայքարը կալանավայրից։ Նույն վտանգը տեսել է գեներալ Գրիգորի Խաչատուրովից։ Դրա համար «կարեցին գործ» ու 8.5 ամիս պահեցին կալանքի տակ։ Մարդկանց տարբեր խմբերի պահում են՝ ըստ նշանակության։
Նիկոլ Փաշինյանի համար կարևորը ոչ թե պետությունն ու պետականությունն են, այլ իր իշխանությունը, ու նա բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է պետությունը զոհաբերել իր իշխանությունը պահելու համար։ Գործ ունենք մի իշխանության հետ, որի գլխավոր չափանիշն ու առաջ մղողն անբարոյականության գործոնն է։
Ադրբեջանը 2025թ․ավարտելու է թուրքական բանակի, ՆԱՏՕ-ական մոդելի չափանիշներին համապատասխանող բանակի վերակառուցումը։ Իրականության մեջ Ադրբեջանն այսօր ոչ միայն խոսում է հիմնավոր ռազմական գործողությունների միջոցով իր հիմնական պլանի իրագործման մասին, այլև այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է տանում։
Եթե հայկական բանակի «բարեփոխումներն» իրենց նպատակին չեն ծառայում, էական չէ՝ որքան գումար ես ծախսել դրա վրա։ Եթե դու անընդհատ զոհեր ես ունենում, տարածքներ ես կորցնում, քեզ հետ խոսում են շանտաժի տեսքով, նշանակում է՝ փաստաթղթերում ամրագրվածն ունի զրոյական արժեք։
Այս իշխանությունն արդեն 6-րդ տարին է՝ իշխանության է, և արդեն վաղուց անցել է իր արածն ու չարածն ուրիշների վրա բարդելու ժամանակը։
Ելակ, անկեղծ ասած, չեմ հիշում, բանակում վերջին անգամ երբ եմ տեսել, իսկ զինծառայողների հարազատները «տուլիկներն» ինչպես ուղարկել էին, այնպես էլ հիմա շարունակում են ուղարկել։ Մի բան է՝ ինչ է ասում իշխանությունը, մեկ այլ բան՝ ինչպիսին է իրականությունը։
Մեծագույն հարվածներից մեկը, որը հասցվել է Զինված ուժերին, մարտական ոգուն հասցված հարվածն է։ Ինչ զենք ուզում ես՝ ունեցիր, եթե չկա մարտական ոգի, դու հաղթելու որևէ հնարավորություն չունես։
Պետության ու զինված ուժերի համար ողբերգություն է, երբ պետական դավաճանության կամ դասալքության մեղադրանքով հրապարակայնորեն ձերբակալվում են մարդիկ, բայց երբ այդ գործերը կարճվում են, որևէ մեկը ներողություն չի խնդրում դրա համար։
Հայաստանում եկել է մի իշխանություն, որն ինչ «պլանկա» դրել է, ամբողջությամբ ձախողել է։
Այս իշխանությունները մի դեր էլ ունեն՝ Ադրբեջանի պահանջածը ստորագրությամբ ամրագրել։
Մեր երկրում համազգեստը՝ և՛ արտաքին տեսքի, և՛ որակական առումով, Երրորդ Հանրապետության ողջ գոյության ընթացքում միշտ էլ փոփոխության ենթարկվել է, և չեմ կարծում, որ դա պետք է դառնա լայն քննարկման առարկա։ Համազգեստը միշտ էլ փոփոխվել է և երբեք դրա մասին առանձնապես չի խոսվել։ Բանակի ռեֆորմը շատ քիչ կապ ունի համազգեստի փոփոխության հետ։ Ներկայումս իշխանությունների այն մոտեցումը, որ համազգեստը պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, հակառուսականություն սպասարկելու համատեքստում է։
Պատերազմի առաջին օրն անգարներում տեխնիկաներ են խոցվել, որոնք որևէ պարագայում այդտեղ չպետք է գտնվեին։ Պատերազմական իրավիճակն ունի իր կանոնները։
Հայաստանում այսօր մեծ թիվ է կազմում ռուսական սպառազինությունը․ դա ենթադրում է և՛ սպասարկում, և՛ մատակարարում, այդ թվում՝ նաև տարբեր պահեստամասերի տեսքով։
Այս իշխանությանը պետք է, որ ֆրանսիական Բաստիոնները երևան երևանյան կամ մարզային փողոցներում, որ ժողովուրդը տեսնի, խոսեն, ասեն՝ այ տեսեք, ֆրանսիական զենքը բերեցին։
Այսինքն՝ դու երկիրը տալիս-ավերում ես, երկրի հեղինակությունը, դիրքը փոշիացնում ես, հետո միջազգային տարբեր դերակատարների հետ խոսում ես «պիտի»–ով։ «Պիտի»-ով խոսող ես՝ գնա՛ Ալիևի ու Էրդողանի հետ խոսի՛ր։ Ինչ կարողացել՝ խլել են, եկել-նստել եք համակարգիչների մոտ, «պիտի» եք ասում։ Նիկոլ Փաշինյանն անգամ իր կողմնակիցներին է զրկել որոշակի հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքից։
Իշխանությունները սահմանին էսկալացիան կանխելու համար բարձր ձայնով հեկեկում են, ուրիշ որևէ բան չեն անում։
Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթիկ Սեյրանյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ