26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիևն ամբողջն է ուզում. ժողովուրդը պետք է հավաքվի, ասի՝ քեզ 24 ժամ ժամանակ՝ անցնցում հեռանալու համար

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Եթե 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին՝ նկարի քո ուզած լուծումը, հաստատ նման պատկեր չէր ստանա, և ոչ էլ Սյունիքով ճանապարհների, Քարվաճառի և Քաշաթաղի մասին խոսք կարող էր լինել:
Էլ ո՞նց ասի Իլհամ Ալիևը, որ Նիկոլը դավաճանել է իր պետության շահերին։ Նույնիսկ իրենք են զարմացած։ Տարիների ընթացքում դեռ շատ բաներ են ջրի երես դուրս գալու, իսկ իշխանափոխությունից հետո կոնկրետ մարդկանց շուրթերով պատասխաններ են հնչելու, թե ո՞վ էր մեղավոր այն բանում, որ հայ ժողովուրդն իր պետական ծաղկման շրջանում կանգնեց նման ողբերգության առաջ..․Ո՞վ էր մեղավոր, ո՞վ էր պատվիրատուն ու իրականացնողը։
Փաշինյանն է այս ամբողջ ողբերգությունների միակ և բացառիկ հեղինակը։ Ես Շուշիի օպերացիայի մանրամասներին տեղյակ չեմ, բայց Շուշին այդպես մակերեսային պատերազմով հնարավոր կլիներ վերցնել միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը Շուշին հանձնելու խորքային որոշում ունենար։ Շուշիից հետո ադրբեջանցիները պահանջեցին Քարվաճառն ու Քաշաթաղը, Արցախը հայաթափելու ծրագիրը կազմեցին ու հիմա էլ նկրտումներ ունեն Հայաստանի տարածքների նկատմամբ։
Ալիևն ու Նիկոլը մեկ դարպասի վրա ֆուտբոլ են խաղում․ երկուսն էլ գոլ են խփում մեկ դարպասի, և այդ դարպասը Հայաստանն է, որը դարպասապահ էլ չունի։

Ալիևի ձեռքերը լրիվ ազատ են։ Ինչո՞ւ ստորագրել մի բան, եթե այն կարելի է չստորագրել, ինչո՞ւ ստորագրել, հետո բացատրել, թե ինչո՞ւ խախտեց դրա պայմանները։
Նոյեմբերի 9-ից հետո մի քանի անգամ ավելի վատ պայմանների մեջ է դրել այսօր Նիկոլը Հայաստանը։
Նիկոլն առանց որևէ կրակոցի ավելի շատ տարածք հանձնեց, քան պատերազմի ժամանակ մեր Զինված ուժերն էին ստիպված եղել նահանջել։ Փոխարենը՝ մեր գերիները մինչ այսօր Ադրբեջանում են։ Մինչև Ադրբեջանից վերջին մարդը դուրս չգար, Նիկոլը պետք է ո՛չ Քարվաճառից դուրս գար, ո՛չ Քաշաթաղից, ո՛չ Ակնայից։ Մինչդեռ նա շտապով հանձնեց ամեն ինչ։
Եթե 2021թ․ընտրվեր այլ կառավարություն, Ադրբեջանը կտեսներ, որ իրավիճակ է փոխվել։ Զանգեզուրի միջանցքն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ձևակերպված պահանջ է։ Այդ պահանջը ներկայացվում է մեկին, ով իր աթոռը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, բավարարել բոլորին, բացի իր պետության կենսական շահը։ Միջանցքի հարցը Նիկոլի լուծելու հարցը չէ։ Նա այդ հարցի լուծումը ձախողել է։ Նույնիսկ իրենց կառավարության նիստերից դա երևում է։
Ալիևն ամբողջն է ուզում։ Մեկ էլ ե՞րբ նա նման հնարավորություն կունենա։ Հնարավոր է՝ 500 տարի Հայաստանն այլևս նման ղեկավար չունենա, բա ե՞րբ ուզի։ Ադրբեջանն ինքը գործիք է Թուրքիայի ձեռքում, բայց ամենացավալին այն է, որ մեզ այդ գործիքն է թելադրում՝ ինչ անենք, այնքան որ թույլ ենք հիմա։
Միակ լուծումն իշխանափոխությունն է․ այլ ռեսուրսի վրա հնարավոր չէ հույս դնել։ Մեր հույսը մեր ներքին ռեսուրսը պետք է լինի։ Ես վստահ եմ՝ և՛ մեր զինված ուժերի, և՛ պետական ինստիտուտների, և՛ դիվանագիտական ներուժի ռեսուրսով մենք կարող ենք ոտքի կանգնել։ Խելոք մարդու կարիք կա։
Մարդիկ արդարացիորեն հարց են տալիս՝ ի՞նչ է լինելու սրա վերջը։ Չունի այս մարդը պատասխան։
Միակ լուծումը կառավարության փոփոխությունն է․ Պառլամենտի մասին չէ խոսքը։ Նոր աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի ազգային նոր կառավարությունը լինելու է մարգարտի հատիկ, որը շատ ու շատ բարձր գնով կարելի է դուրս բերել։
Ես չեմ հավատում, որ սրանք ասում են՝ փողը տվել ենք, Ռուսաստանը զենքը չի տվել։ Իսկ առհասարակ չի կարելի նման բան ասել, եթե նույնիսկ քո հիմնական մատակարարը, ինչ-որ խնդիրներով պայմանավորված, ուշացրել է մատակարարումը։ Կարելի է գնալ, նրանց կաբինետներում կռիվ անել, բայց հրապարակային հայտարարություններ չի կարելի անել։
Անգամ մեծ ցանկության դեպքում, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը անվտանգային հարցում չեն կարող Ռուսաստանին փոխարինել։
Պատերազմն այնքան լուրջ բան է, որ դրանով պետք է քաղաքական գործիչները զբաղվեն: 44-օրյա պատերազմում ո՛չ մեր բանակն է պարտվել, ո՛չ ժողովուրդը․ պարտվել է քաղաքական իշխանությունը։
Մեկ միավոր ուժ չի կարող իշխանափոխություն իրականացնել։ Հանրապետականի օրակարգը մաքսիմալ պարզ է եղել միշտ․ պատրաստ ենք միանալ բոլոր ազգային օրակարգ ունեցող ուժերին։ Եթե հերթը մեզ է հասել, ապա մենք պետք է վստահ լինենք, որ հաջողելու ենք։ Նախապատրաստական մեծ աշխատանքներ ենք իրականացնում, օրակարգը կներկայացվի: Հասարակությանը ևս մեկ անգամ հիասթափեցնել չենք կարող։
Հիմա մենք մի իրավիճակում ենք, որտեղ լուծումը մեր տանը պետք է կայացնենք։ Չենք ասում՝ գնալ նոր ընտրությունների։ Ժողովուրդը պետք է հավաքվի՝ առանց իրար քաշքշելու, առանց լարվածությունների, ու ասի՝ մենք ենք քեզ բերել, քեզ 24 ժամ ժամանակ… Խորհրդարանի մեծամասնությունը վերջապես պիտի հասկանա, որ ինքը քաղաքական պատասխանատու մարմին է։ Նիկոլին պետք է ասեն՝ դու հո մեր թշնամին չե՞ս։ Չես կարող բանակցել, ամեն ինչ ձախողել ես, ոչ մի հաջողության օրինակ չունես, այսօր մի բան ես ասում, 3 օր հետո՝ այլ բան։ Գնա՛։ Սա պետք է անել հանգիստ, առանց ցնցումների։ Երկիրը չպետք է ցնցումների ենթարկվի: Նիկոլը շահարկելու է սա, բնականաբար։ Իրավիճակն այնպիսին է, որ լավագույն լուծումը սա է։ Դրանից հետո ամբողջ աշխարհում մեր ժողովրդին կսկսեն հարգել։
Հանրապետականն այն քիչ ուժերից է, որը շատ լավ պատկերացնում է՝ ինչ են ուզում ռուսները, ամերիկացիները, մյուսները։
Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը Հայաստանի համար առաջիկա տարիների համար անփոխարինելի դաշնակիցներ են։
Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթիկ Սեյրանյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ