«Էդմոն Մարուքյանի ասածները Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ հակահայկական եւ հակաարցախյան քաղաքականության հետեւանքն են». Էդուարդ Շարմազանով
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը զարմացած չէ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությունից: «Նիկոլի հատուկ դեսպանի ասածներում որեւէ զարմանալի բան չկա, որովհետեւ այս խմբակը՝ Նիկոլի գլխավորությամբ, իշխանության է բերվել արցախյան գործոնն իսպառ վերացնելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Զարմացեք, եթե Նիկոլ Փաշինյանը կամ իր հատուկ դեսպանները, իր այլ թիմակիցներ, արցախահաճո, հայաստանահաճո, հայ ժողովրդի շահերից բխող որոշում կայացնեն: Իրենք 2018 թվականին բերվել են իշխանության՝ Արցախի էջը փակելու, Հայաստանն էլ դնելու թուրքական տիրապետության տակ, Էրմենիստան սարքելու համար, ինչն էլ անում են: Այս մարդիկ դրա համար են փող ստանում»: Հիշեցնենք, օրերս, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, 24news-ի, «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ, պատասխանելով Արցախի պետական ինստիտուտների գործունեության հնարավորությունների մասին հարցին, հայտարարել էր. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»: «Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք է քո շեֆ Նիկոլ Փաշինյանն ու իր ողջ խմբակը»,- դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ դեռ 2018 թվականին տարածաշրջան, այդ թվում նաեւ Հայաստան այցելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությունը, որ պատմական կաղապարներից պետք է հրաժարվել. «Գործող իշխանության համար հայկական Արցախը, հայկական Շուշին, արցախյան հաղթանակն ազգային անվտանգության խնդիր է: Վաղն էլ՝ ցեղասպանության մասին խոսելն են ազգային անվտանգության սպառնալիք համարելու, մյուս օրը՝ Մասիս սարը՝ Հայաստանի զինանշանի վրա, էն մյուս օրն էլ՝ հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը: Եթե ԿԳՄՍ-ն, պատմության դասագրքերի հեղինակները կամ դրանց ղեկավարները Ուրարտուն հայկական չեն համարում, Ադրբեջանը համարում են Հայաստանի հազարամյա հարեւան. սրանցից էլ ի՞նչ ենք ուզում»:
Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրից, «Արցախի հանրապետություն» բառակապակցությունից հանել էր «հանրապետություն» բառը, իսկ Հայաստանի հանրապետության նպատակների հատվածից հանել էր «հայապահպանություն» բառը: «Այսինքն, իրենք անում են այն, ինչ պետք է անեն: Էդմոն Մարուքյանի ասածները Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ հակահայկական եւ հակաարցախյան քաղաքականության հետեւանքն են: Ու դեռ ավելի վատ բաների սպասեք, եթե այս մարդիկ մնան իշխանության ղեկին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am