Տասը պատվիրանների համառոտ մեկնությունը
Ի՞նչ են իրենցից ներկայացնում տասը պատվիրանները:
Բոլոր մեծ ու փոքր օրենքների ամփոփումը:
Աստված տվեց պատվիրանների հերթականությունը, բայց չհամարակալեց դրանք:
Ինչպե՞ս Աստված սահմանեց Իր Օրենքը:
Երբ Աստված ստեղծեց մարդկանց, Նա Օրենքը գրեց նրանց սրտերում: Հետագայում Նա դասակարգեց Օրենքը՝ ըստ տասը պատվիրանների, այն գրել տվեց երկու քարե տախտակների վրա՝ երկու աղյուսակով և ամբողջական տեսքով հայտնեց Մովսեսի միջոցով:
Հռոմ. 2.14-15 «Երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի գործերը բնականորեն կատարեն, նրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք: Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված իրենց խղճմտանքի վկայությամբ, և իրենց խորհուրդների մեջ միմյանց ամբաստանելով կամ էլ արդարացնելով»:
Աստված իր պատվիրանները տվեց հատկապես իսրայելցիներին: Հին կտակարանում կա երեք տեսակի օրենք՝ բարոյական, որը բոլորին ներկայացնում է իրենց պարտականություններն Աստծո և մարդկանց առջև, արարողական, որը կանոնավորում է հոգևոր-ծիսական արարողությունները և քաղաքական, որը իսրայելցիների պետական օրենքն էր: Միայն բարոյական օրենքն է գրված մարդկային սրտերում:
Ո՞րն է 1-4-րդ պատվիրանների ամփոփագիրը (առաջին աղյուսակ):
«Հիսուսը նրանց պատասխանեց. »Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ, քո ամբողջ մտքով ու զորությամբ» (Մատթ. 22.37, Բ. Օր. 6.5):
Ո՞րն է 5-10-րդ պատվիրանների ամփոփագիրը (երկրորդ աղյուսակ):
«Երկրորդն էլ սրա նման՝ »Քո ընկերոջը քո անձի պե՛ս սիրիր» (Մատթ. 22.39, Ղևտ. 19.18):
Ո՞րն է բոլոր պատվիրանների ամփոփագիրը:
Բոլոր պատվիրանների ամփոփագիրը Սերն է:
Հռոմ. 13.10 «Սերն իր ընկերոջը չար բան չի անի, ուրեմն օրենքի լրումը սերն է»:
Ի՞նչ նկատի ունի Աստված՝ պատվիրաններում «դու» ասելով:
Նա նկատի ունի ինձ և բոլոր մարդկանց:
Մատթ.. 5.19 «Ով որ այս ամենափոքր պատվիրաններից մեկը քանդի և մարդկանց այդպես սովորեցնի, նա երկնքի արքայությունում ամենափոքրը կկոչվի: Բայց նա, ով կկատարի ու կսովորեցնի, նա երկնքի արքայությունում մեծ կկոչվի»:
Հռոմ. 3.19 «Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, նրանց է ասում, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծո առաջ դատապարտելի լինի»: