Քրիստոսը վերադառնալու և Իր հետ Երկինք է տանելու
Մարդկությունը բաժանված է երկու մասի` Եկեղեցու և անհավատների, երրորդ կամ միջին վիճակ չկա. կամ հավատացյալ ես, կամ` անհավատ, կամ Աստծո մեջ ես, կամ` չարի, կամ լույսի մեջ ես, կամ` խավարի, կամ օրհնության մեջ ես, կամ` անեծքի, կամ Դրախտի մեջ ես կամ դժոխքի, ուստի, եթե դու դեռ չես միացել Տիեզերական Եկեղեցուն, ապա Աստծո Խոսքը կօգնի քեզ` ընտրություն կատարելու և միանալու այն Եկեղեցուն, Ում Իր մոտ վերցնելու համար շուտով Հիսուսը կվերադառնա:
Ինչպիսին է Եկեղեցին ըստ Աստվածաշնչի.
1) Աստված է հիմնել Եկեղեցին և այն Իրեն է պատկանում, քանի որ Այն փրկագնված է Քրիստոսի Արյունով: Եկեղեցին ոչ թե մարդու վրա է կառուցված, այլ ա́յն հայտնության Վեմի վրա, թե` Հիսուսն է Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին` խոստացված Մեսիան: Եկեղեցին ոչ թե որևէ մարդու անունն է կրում, այլ` Քրիստոսի, Ով մեռավ և հարություն առավ Իր ժողովրդին` Իրեն հավատացողներին հավիտենական կյանք տալու համար (Մթ.16.18, Գործ. 20.28):
2) Եկեղեցին դեռևս աշխարհստեղծումից առաջ էր ծրագրվել Աստծո կողմից (Եփ.1.4–6): Հինկտակարանյան Եկեղեցին սկսվեց Ադամ–Եվայից, ովքեր ընդունեցին Բարի լուրը (Ծննդ. 3.15) և շարունակվեց կին–տղամարդ անհամար հերոսներով մինչև Հովհաննես Մկրտիչ:
Նորկտակարանյան` Քրիստոսի Արյունով փրկվածների Եկեղեցին ստեղծվեց Քրիստոսի հարությունից հիսուն օր անց, երբ Սուրբ Հոգին երկիր իջավ: Սուրբ Հոգին Քրիստոսի Հոգին է և Սուրբ Հոգին է Եկեղեցու Առաջնորդը, Ուսուցիչը և մինչև Տեր Հիսուսի վերադարձը մխիթարում, սրբացնում, զորացնում, “զարդարում” և պատրաստում է Եկեղեցուն:
3) Եկեղեցի բառն առաջացել է հունարեն «էկլեսիա» բառից, որը նշանակում է ժողովք, ժողովուրդ, հավաքույթ, ուրեմն` Եկեղեցին Հիսուսի Անունով հավաքվածների միությունն է երկու–երեք հոգուց սկսած (Մթ.18.20):
Եկեղեցի–ժողովուրդը նախ պետք է միաբանությամբ հավաքվի տաճարներում, բայց կարող է հավաքվել նաև “սուրբ” տարածքներում, դահլիճներում, բնության մեջ, և իհարկե տներում (Հռ.16.5, Կող.4.15, Փլմ.2), կարևորը` Աստծո ներկայությունն է:
4) Եկեղեցին Քրիստոսի կենդանի մարմինն է, այսինքն` կյանք ունեցող հոգևոր շինություն–կառույց է, որի Գլուխը Քրիստոսն է, հիմքը` առաքյալներն ու մարգարեները, կառույցի կենդանի քարերը քրիստոնյաներն են, իսկ նրանց միացնող շաղախը` Աստծո Սերը (Եփ.5.26, Կող. 1.8, 1Կոր. 3.9):
5) Եկեղեցին մեկն է` կազմված բոլոր ազգերից ու լեզուներից և չի կարող սեփականաշնորհվել որևէ պետության կամ ազգի կողմից (Գաղ.3.27–28): Իսկ իրարից անուններով ու ծեսերով տարբերվող բոլոր տեղական տեսանելի եկեղեցիները կազմում են միակ Տիեզերական Եկեղեցին` Քրիստոսի Մարմինը:
6) Եկեղեցին Աստծո Տունն է, աղոթքի տուն, սրբության տուն, ուստի չպետք է լինի առևտրի ու խաբեության վայր: Եկեղեցին Սուրբ Հոգու բնակարանն է, քրիստոնյաների Հոր տունն է, քրիստոնյան ինքը Աստծո տաճար է, ուրեմն քրիստոնյան ոչ մի առնչություն չպետք է ունենա մեղքի և պղծության հետ (1Տիմ.3.15, Մարկ.11.1, 7, 1Կոր. 6.19–20):
7) Եկեղեցին Աստծո Ընտանիքն է և քանի որ այդ ընտանիքի անդամները, անկախ ազգից, Երկնային Հոր որդիներն են, ուրեմն բոլորը քույր–եղբայր են և այդ ընտանիքի անդրանիկը Քրիստոսն է (Եփ.4.4–6, Հվ.1.12–13, Հռ. 3.29, Եբր.2.11–12, Մթ. 18.17):
8) Եկեղեցին սուրբ Կույս է, Աստծո նշանածն է, Գառի Հարսն է: Ինչպես հարսը, այդպես էլ Եկեղեցին պետք է պատրաստվի Քրիստոս–Փեսայի հետ հանդիպմանը (2Կոր.11.2, Ես.54.5, Հայտ.21.9,10):
9) Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, որի յուրաքանչյուր անդամ իր հատուկ դերն ու նշանակությունն ունի փրկության ծրագրում (1Կոր.10.32, 12.12–31, Հռ.12.5, Եփ. 4.11–13, Եփ. 5.25–27, Եբր. 12.23):
10) Եկեղեցին Աստծո Հոտն է, մենք գառնուկներ ենք, իսկ Հիսուսը` Բարի Հովիվը: Եկեղեցին ճանաչում է իր Հովվապետի ձայնը և Նրան է հետևում (1Պետ. 5.2–4, Հովհ.10.16):
11) Եկեղեցին Դպրոց է, որտեղ Ուսուցիչը Քրիստոսն է, դասագիրքը` Աստվածաշունչը, և այդ դպրոցում բոլորը աշակերտ են` անկախ տարիքից ու դիրքից (Մթ.23.8, Հովհ.8.31,32):
12) Եկեղեցին սպառազինված Բանակ է, ունի զենքեր և ռազմավարություն` պայքարել չարի դեմ ու հաղթել, գրավելով “Ավետյաց երկիրը” (2Տիմ. 2.3–4, Եփ. 6.11–18, Մրկ. 6.7,13, Հվ. 20.22–23):
13) Եկեղեցին խաղողի վազ է: Որթատունկը` Հիսուսն է, իսկ ճյուղերը` աշակերտները (Հովհ.15.1–5): Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է պտղաբեր լինի` բարի գործերով և հոգևոր պտուղներով:
14) Եկեղեցին աշխարհի լույսն է և երկրի աղը (Մթ. 5.13–16): Լույսը չպետք է մարի, աղը չպետք է անհամանա: Եկեղեցու ամեն քրիստոնյա պետք է լուսավորի իր շրջապատը` խոսքով և գործով:
15)Եկեղեցին շուտով վերցվելու է երկրից (1Կոր. 15.52, 1Թես. 4.12–16, 2Թես. 2.6–7): Քրիստոսը վերադառնալու և Իր հետ Երկինք է տանելու ո՜չ թե տարատեսակ անվանումներով, գժտված ու իրար բամբասող, իրար աղանդ համարող կրոնավորներին, այլ` միակ, ճշմարիտ ու կենդանի Եկեղեցուն, որը միությունն է այն քրիստոնյաների, ովքեր ապաշխարել են իրենց մեղքերից, ներվել և փրկվել են Քրիստոսի Արյամբ, հավատում են Հիսուսի հարությանը և գալստյանը, միացել են Աստծո ընտանիքին վերստին ծնունդով, մկրտությամբ և Հաղորդությամբ, ամեն օր Աստվածաշունչ են կարդում, աղոթում են, վկայում են, քրիստոնեական բարեգործ ու առաքինի կյանք են վարում, ուրախ են, գոհացող և սպասում են Քրիստոսի վերադարձին:
16) Եվ ամենակարևորը. Եկեղեցին առաքելական է` բառի սուրբգրային իմաստով ու գործունեությամբ, այսինքն` Եկեղեցին ուղարկված է, առաքված, միսիոներական, որի նպատակը` Քրիստոսի հարության և Նրա վերադարձի Բարի լուրը ոչ միայն իր երկրի, այլև աշխարհի բոլոր մարդկանց հասցնելն է (Մթ.28.19,20, Հռ.1.8, 1Թես.1.8–10):
Աստվածաշնչի ուսմունքներով առաջնորդվող քրիստոնեական բոլոր ճշմարիտ եկեղեցիները էությամբ առաքելական են: Տիեզերական Եկեղեցու անդամները Աստծուց օծված, ուղարկված–առաքված են աշխարհի մեջ ապրելու և գործելու Հիսուս Քրիստոսի պես, իրենց բնակավայրում քարոզելով Աստծո Խոսքը, ոչ թե մարդկային ծեսերը, ավանդույթներն ու կրոնական առաջնորդների գրքերը (Ղուկ.4.18–19, Գործ. 10.38):