Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց. Այսօր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է

Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լեռինք քեզ ապաստան, Անդրանիկ:
Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին, Շապին Գարահիսար (Նիկոպոլիս) քաղաքում, աշխատավորի ընտանիքում: Սովորել է տեղի Մուշեղյան վարժարանում: Երազում էր համբավավոր ատաղձագործ դառնալ, բայց չկարողացավ հանդարտեցնել ըմբոստ ոգին: Դառնությունը ծնվում էր հայրենիքի անապահովությունից, հայության ծանր վիճակից: Տրտմությունը խորացավ, երբ մահացավ կինը, ապա՝ որդին: Թուրքերի սանձարձակություններն անցնում էին բոլոր սահմանները: Ազատագրական առաջին դասերն առած Անդրանիկը՝ անկարող էր տանել հորը հասցված վիրավորանքը և արժանիորեն հատուցեց թուրքին ու բանտարկվեց: Կաշառելով բանտապահին, Անդրանիկը ընկերների օգնությամբ հեռացավ Պոլիս, որտեղ էլ ավելի խորացան նրա ազատագրական գաղափարները: Պոլիսից տեղավտխվեց Բաթում, ապա` Կարս, մեծ դժվարաթյամբ հասավ Մուշ, ծանոթացավ հեղափոխական գործիչների հետ, նրանցից ստացավ զենք, որն ավելի ոգևորեց ապագա հայդուկապետին; «Ինչ զենք որ հիմա ձեռքս առնեմ՝ չի տար այն սարսուռը և հափշտակությունը, ինչ-որ տվավ առաջին անգամ այդ հինցած զենքը…»,– հիշում էր Անդրանիկը:
1896թ. ընդգրկվելով Վարդգեսի ու Գուրգենի խմբում՝ ստացավ առաջին մկրտությունը և երեխայի պես, ինչպես վկայում են ժամանակակիցները, ստացավ քաղաքական հասունություն և ռազմական հմտություն: Այնուհետև Անդրանիկր դարձավ Աղբյուր Սերոբի զինվորը, ապա՝ տասնապետ, խմբապետ: «… Անզուգական առաջնորդ ու հրամանատար, նույնքան հանդուգն ու անվեհեր, որքան շրջահայաց ու հեռատես»,– այսպիսի գնահատական է տալիս նրան Մ. Վարանդյանը: Իսկ Սեբաստացի Մուրադը վստահեցնում էր. «Անդրանիկի հրամանի տակ կռվելը խաղ ու պար է…»:
Սերոբի մահից հետո, նույն Մ. Վարանդյանի վկայությամբ՝ «Սպանված առաջնորդին տեղը թափուր չմնաց: Սերոբի դերը ստանձնեց Անդրանիկը»:
Սիրելի խմբապետի վրեժը հանգիստ չէր տալիս Անդրանիկին: Դա միայն վրեժ չէր: Անդրանիկը ձգտում էր հաշվեհարդարով բռնապետությանը ևս մի անգամ հիշեցնել, որ հայությունը ունի թե՛ պայքարի կամք, թե՛ պատժիչ բազուկ: 1901թ. Անդրանիկը իրականացրեց իր վրեժը: Արյունարբու, գազան Խալիլը ոչ թե ավազակներին հատուկ դատաստանի ենթարկվեց, այլ գերելով նրան, Անդրանիկը իր գինվորների մասնակցությամբ դատական ատյան ստեղծեց, մեկիկ–մեկիկ սուլթանի կամակատարին թվարկեց կատարած հանցանքները և նոր միայն թույլ տվեց իրականացնել դատավճիռը:
Խալիլի հետ հաշվեհարդարը թեև ուրախության ալիք տարածեց հայության մեջ, սակայն անհրաժեշտ էր զգաստացնող, ոտքի հանող ևս մեկ անձնազոհ օրինակ: Ընտրվեց Առաքելոց վանքի տարբերակը: Այս գործողությամբ ֆիդայիները, ի լուր սուլթանի՝ հայտարարում էին, որ դեռ չի ավարտվել պայքարը, որ 1894–1896թթ. կոտորածներով հնարավոր չէ մոռացտթյան մատնել Հայկական հարցը, որ կա հայ ժողովուրդը, կան նրա անձնազոհ զավակները, որոնք սկսած ոգորումը հասցնելու էին ցանկալի ավարտի: Աներևակայելի է, որ 37 հոգուց բաղկացած խումբը, 24 օր մարտնչելով՝ հաղթող է դուրս գալիս 8000-ից ավելի ոստիկանների, գինվորների դեմ և ներկայացնում իր պահանջները, որոնք թեև կատարվեցին մասնակիորեն, սակայն ոգևորիչ մեծ դեր խաղացին ժողովրդական ապստամբության տարեգրության մեջ:
Հայակուլ սուլթանը, զանազան դավեր նյութելով, որոնք հայտնի են «զուլումի» քայլեր անունով, որոշեց մեկընդմիշտ ավերակի վերածել արծվաբույն Սասունը: Սկսվեց Սասունի հերոսամարտը: Անդրանիկի գլխավորությամբ՝ թուրքական 30 հազարանոց բանակի դեմ ելան 200 ֆիդայի և 1000 սասունցի: Հայկական բնակավայրերի վրա նետվեց 1500 ռումբ: Թվական մեծ առավելություն ունեցող թշնամին հասավ հաջոդության:
Բնական է, որ Սասունի հերոսամարտի կազմակերպիչն ու հրամանատարը պետք է ենթարկվեր հետապնդումների: Ապագա ժողովրդական հերոսը թողնում է հայրենիքը և 30 բախտակիցների հետ Վանից հասնում է Անդրկովկաս, այստեղից՝ Փարիզ, ապա՝ Ժնև: Այդ ժամանակ էլ Անդրանիկը հանդիպում է Սիամանթոյին: Բանաստեղծը, հայդուկապետի քաջագործություններով ոգևորված՝ նրան է նվիրում մի պոեմ: Թվարկելով Անղրանիկի հերոսացած կերպարի բարեմասնություններն ու ոգևորիչ մեծ ուժը՝ Սիամանթոն պոեմն ավարտում է այսպես. «Եվ ես այն ատեն՝ նախանձութեամբ ու տարփանքով հողին վրա ծնրադիր՝ իրենց հերոսի քայլերուն հետքրը երկյուղածորեն համբուրեցի…»:
Այսպես օր-օրի, ժամ առ ժամ հայությունը իր զավակին վերածեց ւսզատության կուռքի՝ նրան շնորհելով ժողովրդական հերոսի բարձր կոչումը:
Ժնևից Անդրանիկը գրող Դերենիկ Դեմիրճյանի հետ ճանապարհ է ընկնում դեպի Անդրկովկաս, որպեսզի մասնակցի հայ-թաթարական ընդհարումներին: Սակայն ճանապարհին նա ստանում է հեռագիր ու նոր հանձնարարություն և վերադառնում է Ժնև: 1912թ. Անդրանիկը որպես զորախմբի հրամանատար՝ մասնակցամ է թուրքական զավթիչներից Բուլղարիան ազատագրելու համար մղվող հերոսական մարտերին:
Նա Բուլղարիայում էր, երբ պայթեց Առաջին աշխարհամարտը: Եվ Դաշնակցության Բյուրոյից ստացավ հետևյալ հեռագիրը. «Պարույր, անմիջապես անցիր Ջրաբերդ, քու ներկայաթյունը անհրաժեշտ է այնտեղ» (Պարույրը Անդրանիկի ծածկանունն էր, Ջրաբերդը՝ Կարսը):
Անդրանիկը նշանակվեց առաջին կամավորական գնդի հրամանատար:
Առաջին աշխարհամարտը անլուր տառապանք պատճառեց հայ ժողովրդին: Ապա տեղի ունեցավ ռուսական հեղափոխությունը, Անդրկովկասը ալեկոծվեց, թուրքերը, օգտվելով ստեղծված վիճակից՝ 1918թ. գրավեցին Կարինը, Կարսը, Ալեքսանդրապոլը և մոտենում էին Երևանին: Անդրանիկը գլխավորում էր հայկական գումարտակը, պահպանում Լոռին: Սիաժամանակ, սկսվել ու շարանակվում էին Անդրանիկի և ՀՅ Դաշնակցաթյան տարաձայնությունները, ինչն էլ պատճառ դարձավ, որ 1919թ. Անդրանիկը զորքը հանձներ կաթողիկոսին ու հեռանար հայրենիքից:
Նախ գնաց Եգիպտոս, ապա՝ Ֆրանսիա: Փարիզամ ամուսնացավ, իսկ 1921թ. մեկնեց ԱՍՆ: 1927թ. օգոստոսի 31-ին Ֆրեզնոյամ վախճանվեց ժողովրդական հերոսը: Նրա վերջին խոսքերն էին. «Կմեռնիմ, կիսատ ձգած գործս» :
1928թ. Անդրանիկի մարմինը տեղափոխվեց Փարիզ և հողին հանձնվեց Պեր Լաշեզ գերեզմանատանը, իսկ 2000թ. ժողովրդական հերոսի աճյունը վերջնական հանգրվան գտավ Մայր Հայրենիքում:
Անդրանիկ Օզանյան –քաղվածքներ
Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ’ըլլար:
Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց եւ քնանալուց առաջ, յիշէք, թէ այդ օրը ինչ էք արել ձեր ազգի համար:
Իմ կուսակցութիւնն իմ ազգն է:
Իմ ազգը ճնշուածների ազգն է:
Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց:
Աղբյուր` gradaran.mskh.am