Ի՞նչ է նշանակում՝ «Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր… »

Աստված, անշուշտ, բոլորիս է տալիս ամեն օրվա հացը առանց մեր աղոթքների, բայց մենք աղոթում ենք, որ Աստված օգնի մեզ հասկանալու Իր ամենօրյա խնամքը մեր հանդեպ՝ մեր հանապազօրյա հացն ստանալու շնորհակալ հոգով:
Ի՞նչ ենք հասկանում «ամեն օրվա հաց» ասելով:
«Ամեն օրվա հացն» այն ամենն է, ինչն առնչվում է մարմնի և հոգու կարիքների հետ, որոնք են՝ ամենից առաջ՝ հոգևոր հացը, ապա՝ սնունդը, խմիչքը, հագուստը, տունը, ընտանիքը, հողը, կենդանիները, փողը, ունեցվածքը, նվիրված ամուսինը, կինը, երեխաները, նվիրված աշխատողները, հավատարիմ կառավարողները, հաջողակ գործարքները, լավ եղանակը, խաղաղությունը, առողջությունը, ինքնատիրապետումը, լավ համբավը, լավ ընկերները, բարյացկամ հարևանները և այլն:
Ինչո՞ւ ենք աղոթում ամեն օրվա հացի համար:
Դա Աստծո կամքն է, նաև Քրիստոսն ուզում է.
Ա. Որ հասկանանք, որ մեր ամբողջ կյանքը կախված է Աստծուց:
Սաղմ. 145. 15-16 «Ամենի աչքերը Քեզ են սպասում, և Դու տալիս ես նրանց կերակուրը ժամանակին: Դու բաց ես անում Քո ձեռքը և կշտացնում ես ամեն կենդանին հաճությունով»:
Մատթ. 5.45 «Նա արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա ու անձրև է բերում արդարների և անիրավների վրա»:
Բ. Որ գոհությամբ ընդունենք մեր նյութական ու հոգևոր բոլոր պարգևները:
Սաղմ. 106.1 «Գոհացեք Տիրոջից, որ բարի է, որ Նրա ողորմությունը հավիտյան է»:
Եփես. 5.19-20 «Ձեր մեջ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով խոսեցեք, ձեր սրտերում Տիրոջը երգեցեք ու սաղմոս ասացեք: Ամեն ժամանակ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհացեք Աստծուց և Հորից»:
Գ. Որ հուսանք Աստծուն բոլոր տեսակ բարիքների համար:
Մատթ. 6.33 «Նախ Աստծո արքայությունն ու Նրա արդարությունը փնտրեցեք, և այդ բոլորը կտրվի ձեզ»:
Ինչպե՞ս է Աստված մեզ ապահովում ամենօրյա հացով:
Նա հողը պտղաբեր է դարձնում, իսկ մեզ օրհնում է աշխատելու ունակությամբ, որպեսզի ունենանք այն, ինչի կարիքն զգում ենք:
Սաղմ. 104.14 «Խոտ է աճեցնում անասունների համար և բանջար մարդու օգտի համար, որ նա հաց ստանա հողից»:
Ի՞նչ է Աստված պատվիրում մեզ. ինչպե՞ս վարվել նրանց հետ, ովքեր անկարող են վաստակել իրենց օրվա հացը:
Աստված չի կամենում, որ Իր զավակները՝ մենք, եսասեր լինենք, այլ ցանկանում է, որ մեր ունեցածը կիսենք անաշխատունակների, անդամալույծների, ծերերի ու որբերի հետ և մեր ամենօրյա հացը խնդրելիս նաև նրանց համար աղոթենք:
Ա Տիմոթ. 5.8 «Եթե մեկը յուրայինների ու մանավանդ ընտանիքի նկատմամբ խնամք չտանի, նա հավատուրաց է և անհավատից էլ վատն է»:
Եբր. 13-16 «Բարեգործությունն ու կարոտյալների կարիքներին հաղորդակցվելը մի մոռացեք, որովհետև այդպիսի զոհերին Աստված հավանում է»:
Ա Հովհ. 3. 17-18 «Ով որ այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը մի բանի կարոտ տեսնի ու իր գութը նրա առաջ փակի, նրա մեջ Աստծո սերն ինչպե՞ս բնակված կլինի: Որդյակնե՛ր, խոսքով չսիրեք և ոչ էլ լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ»:
Ինչո՞ւ ենք ասում «ամեն օրվա,» և ,«այսօր»:
Այս խոսքերը մեզ սովորեցնում են, որ չտարվենք անցյալով կամ ապագայով, չլինենք ժլատ, վատնող կամ ապագայի համար անհանգստացող, այլ գոհ սրտով, խաղաղ և վստահ ապրենք, իմանալով, որ Աստված կտա մեզ այն ամենը, ինչի կարիքն ունենք:
Առակ. 30. 8-9 «Աղքատություն կամ հարստություն ինձ մի տուր, ինձ համար որոշված հացով կերակրիր ինձ, որպեսզի չլինի թե կշտանամ և ուրանամ և ասեմ. Ո՞վ է Տերը, և չլինի որ չքավորանամ, գողանամ և զուր հիշեմ իմ Աստծո անունը»:
Ա Պետր. 5.7 «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա գցեցեք, որովհետև Նա ձեզ համար հոգ է անում»: