Նոյեմբերի 7-ին Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին, ասացի՝ հետ վերցրեք. մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այսօր պարզաբանեց, թե ինչու պատրեազմը կանգ առավ նոյեմբերի 9-ին։ Ըստ նրա՝ այս հարցում շրջադարձային դեր է խաղացել Շուշիի անկման գործընթացը։
«Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա ու որ, ամենակարևորն է, շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վստանգի տակ»,- հայտարարեց նա։ Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն էր։
«Առաջին նման խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար զանգահարել էի ՌԴ նախագահին, ՌԴ նախագահը կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ կոմպրոմիսների ու, օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարեցման համար։ Ասացի, որ համաձայն եմ ՝ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը։ Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ։ Նույն օրը տեղի ուեցավ 2-րդ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ ու ասաց, թե խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման։ Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Ալիևի հետ։ Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի. ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին ու հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ ու նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով։ Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության ու մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել։ Ընդ որում, այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ՝ հումանիտար հրադադար՝ զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար»,- մանրամասնեց Փաշինյանը։
Վարչապետն ասել է, որ պայմանները հայկական կողմի համար ընդունելի չեն։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ խոսակցությունը տեղի է ունեցել կրկին հոկտեմբերի 8-ին։ ՌԴ նախագահն ասել է, թե Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերից հրադադար հաստատել, որի համար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հրավիրվում են Մոսկվա՝ խորհրդակցություն սկսելու համար։
Նա նշեց, թե պատերազմի թատերաբեմում իրադրությունը լավատեսություն չէր ներշնչում, միակ հնարվոր տարբերակը մնում էր ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը։
«Այլ տարբերակները իրատեսական չէին թվում, որովհետև անցնում էին օրեր ու հրադադար հաստատել չէր հաջողվում»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե հոկտեմբերի 13-ին Պուտինին խնդրել է ուղիղ պատասխանել՝ ինչ պետք է անի հայկական կոմղը, որ հրադադար հաստատվի ու որ պատերազմը կանգնեցվի։ Նույն հարցի շուրջ Պուտինի հետ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին։ Նա ասաց, թե կարելի է փորձել հինգ շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման։
«Հոկտեմբերի 17-ին Մակրոնն ասաց, թե Ալիևը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից։ Ես, բնականաբար, համաձայնեցի դրան, հոկտեմբերի 18-ին, սակայն, հրադադար չհաստատվեց»,- ասաց վարչապետը։
Հոկտեմբերի 19-ի կեսօրին նա հեռախոսազույց է ունեցել Պուտինի հետ ու վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանով կարելի է փորձել կանգնեցնել պատերազմը, իսկ պայմանը հետևյալն էր՝ 7 շրջանները վերադարձվում են 5+2 ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով ԼՂ ու ՀՀ կապի հարցը, տեղակայվում են ռուս խաղաղապահներ, ԼՂ կարգավիճակը մնում է անորոշ ապագային։
«Երեկոյան Պուտինին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն։ Նա ասաց, թե կխոսի Ալիևի հետ։ Այդ պահին Ֆիզուլին ու Ջաբրայիլը արդեն գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պուտինը զանգեց հոկտեմբերի 20-ի առավոտյան, ասաց՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանան բոլոր 7 շրջանները։ Այս օրն էր, որ ի հայտ եկավ, թե, իբր, եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել։ Հոկտեմբերի 19-ին Պուտինն ինձ ասաց, որ Ադրբեջանն ակնկալում է երաշխիքներ, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի, ռուսական կողմի համար սա ընկալելի առաջարկ էր»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց՝ պարզվեց, որ ինքը պետք է հայտարարի, թե համաձայն է, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի ու ԼՂ մյուս բնակավայրեր։
«Այդ օրը հնչեց մի նոր գաղափար ևս. խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում, այլև՝ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ, ես չհամաձայնեցի, ասելով՝ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,- նշեց վարչապետը։
Պատերազմը կանգնեցնելու փորձերը շարունակվում էին. հոկտեմբերի 26-ի առավոտյան ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է հրադադար հաստատվեր, Ադրբեջանը, սակայն, չպահեց խոստումը։
«Առաջնագծի 90 տոկոսում մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիր ուենիքն 9-րդ պաշտպանական շրջանում, որի դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել Ջաբրայիլի մատույցներին։ Բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհները, թույլ չտալ նրա առաջխաղացումը, որովհետև պատերազմը կանգնեցնելու վերը նկարագրված փորձերը ցույց էին տալիս, որ, մինչև ի վիճակի չլինենք կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու բոլոր փորձերը անարդյունք են լինելու, կամ էլ պիտի գնանք ցավոտ զիջումների։ Պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին ու դա էր պատճառը, որ հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իմ էջում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին, բայց ինձ համար կարմիր գիծ էր Շուշին ու խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, թե ԼՂ նախագահն իրեն ասել է, որ Ադրբեջանը Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, Զինված ուժերի գլխավոր շտաբը, սակայն, չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Նման դեպքեր, ըստ Փաշինյանի, շատ է եղել, երբ Արցախի նախագահը լուր է հաղորդել, սակայն ԳՇ-ն չի հաստատել։
«Լուր եկավ, թե ադրբեջանղցիները կրակել են Ստեփանակերտ -Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական մեքենայի վրա, այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից անընդհատ ահագնոցող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո 2-րդ ու այդպես շարունակ։ Ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար։ Ասել էի՝ Շուշին պետք է պահվի ու ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Ասացի՝ պահեք Շուշին, ետ վերցրեք։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ որ մենք Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը՝ ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ-ի վերահսկողության տակ է, հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, հետո՝ հարձակումը կառավարության շենքի վրա ու, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք։ Շուշիի անկման դրվագի հետ կապված քրեական գործեր են հարուցված ու հանգամանքները պետք է արժանանան մանրամասն պարզաբանման»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, թե ԼՂ նախագահն ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին։ Փաշինյանն ու Պուտինը նոյեմբերի 8-ին ու 9-ին ունեցել են շուրջ 20 հեռախոսազրույց։
«Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի եռակողմ հայտարարության տեքստը։ Պարզվեց, որ Ադրբեջանը չի ստորագրում այդ տեքստն ու առաջ է քաշում մի շարք պահանջներ։ Օրվա ընթացքում անընդհատ տարբեր քննարկումներ էին, օրվա վերջում պարզվեց, որ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում, ինչը նշաակում էր, որ առավոտյան ստորագրված իմ տեքստն էլ ուժի մեջ չէ։ ՌԴ նախագահն ասաց, թե Ադրբեջանը տեքստում առաջարկում է ավելացնել Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին կետ, ես ասացի՝ բացառվում է։ Հետո հանվեց այդ կետը, իսկ հետո լուրեր եկան մարտական գործողությունների ակտիվացման մասին ու, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով ԱԹՍ-ներ կան։ Ի վերջո, ես ստորագրեցի փաստաթուղթը, որը ավելի վատն էր, քան առավոյան ստորագրածը, բայց ավելի լավն էր, քան առաջարկվող մյուս տարբերակները, որոնցով մեկով նախատեսվում էր Մեղրիի միջանցք, մյուսով՝ Տավուշի անկլավների վերադարձ»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը։