“Հարսնաքար”-ի զոռբաները կպատժվեն. Հայաստանի ոստիկանություն
“Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հունիսի 19-ից շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս կապակցությամբ Հայաստանի ոստիկանությունը տարածել է հայտարարություն. “Դեպքին մասնակից անձանց ամբողջ շրջանակը ճշտվում է, հանգամանքները` որոշակիացվում են, կատարվել ու կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները, այդ թվում եւ` ձերբակալություններ:
Իրավամբ հասարակական հնչողություն ստացած այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ կարվի ամեն ինչ` քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար:
Բայց զարմանալի է, որ անհիմն կասկածամտություն արտահայտվեց այս միջադեպի բացահայտման վերաբերյալ: Ոստիկանությունը հատկապես վերջին շրջանում օպերատիվ եւ իրավաչափ գործողությունների բազմաթիվ օրինակներ է տվել, ինչը շատ հստակ բանաձեւել է ոստիկանության պետը` ոստիկանությունը գնում է ոչ թե անձերի, այլ երեւույթների հետեւից, եւ տվյալ դեպքում ոչինչ չի կարող եւ չի կաշկանդելու ոստիկանությանը:
Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երեւույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Այս պարագայում անտեղի են նաեւ օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար եւ` թափանցիկ:
Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը:
Նախաքննության ընթացքի եւ արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հասարակությանը”: