ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն արեցին
Քիչ առաջ մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ հերթական նստաշրջանը: Գրանցվել է 104 պատգամավոր: Օրակարգի գլխավոր հարցը կառավարության ծրագրի հաստատումն է:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ընթերցեց “Ժառանգության” եւ ՀԱԿ-ի պատգամավորների համար ընթերցեց պատգամավորների երդման տեքստը:
ԱԺ անդրանիկ նիստին չներկայացած խմբակցությունների պատգամավորների երդումից հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է ստեղծվի Էթիկայի հանձնաժողով, որը ձեւավորվելու Է ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների հավասար համամասնությամբ, ուստի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պետք է հայտարարեն իրենց ընդդիմադիր լինելու մասին:
Ըստ այդմ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին իրենց ընդդիմադիր լինելու մասին: ՀՅԴ անունից նման հայտարարություն արեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ի անունից` խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք ընդդիմություն են եւ չեն մասնակցելու կառավարության ծրագրի քննարկմանը, իսկ “Ժառանգության” ընդդիմություն լինելու մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրանց խմբակցությունից որեւէ մեկը չհայտարարեց ընդդիմադիր լինելու մասին:
Այս պահին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը, որից հետո պատգամավորները հարցեր կուղղեն վարչապետին: