Կարգապահական տույժեր ԴԱՀԿ-ի եւ քրեակատարողականի աշխատակիցների նկատմամբ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում հունիսի 15-ին ՀՀ ԱՆ պաշտոնակատար Հրայր Թովմասյանը համապատասխան հրամաններով կարգապահական տույժեր է սահմանել դատական ակտերի հարկադիր կատարող Մհեր Մեժլումյանի եւ քրեակատարողական ծառայող Արման Բաղդասարյանի նկատմամբ: Ինչպես Henaran.am -ին տեղեկացրին նախարարությունից, Թովմասյանը հրամայել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու համար Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի դատախազության հայցերով եւ քրեական գործերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Մհեր Վարդանի Մեժլումյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ եւ հայտարարել խիստ նկատողություն։ Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քրեակատարողական ծառայողին ոչ հարիր եւ անթույլատրելի վարքագիծ դրսեւորելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետ Արման Էլֆիկի Բաղդասարյանի նկատմամբ հրամանի համաձայն կիրառել պաշտոնի իջեցում կարգապահական տույժը։
Հրայր Թովմասյանը հրամայել է նաեւ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ.Հարությունյանին կազմակերպել հրամանի իրազեկումը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ քրեակատարողական ծառայության անձնակազմերին։