Վարչապետն անդրադարձավ Փակ շուկայի խնդրին
“Այս պահի դրությամբ Փակ շուկայի շինարարությունը դադարեցված է եւ արգելված է շինարարական աշխատանքներն իրականացնել մինչեւ էսքիզային փաստաթղթերի հաստատումը”,-այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով Փակ շուկայի ճակատագրի եւ Երեւանի ճարտարապետական տեսքի մասին` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին :
Տիգրան Սարգսյանն ասաց, թե հասկանում է, որ հարցն ավելի լայն է եւ առնչվում է նաեւ “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի շենքին, կառավարության շենքում կառուցվող թմբուկին եւ այլ կարեւոր կառույցներին, որոնք գտնվում են Երեւանի փոքր կենտրոնում:
Վարչապետը շեշտեց, որ կառավարության գործունեության ծրագրում ներառված է Երեւանին վերադարձնելի նախկին ճարտարապետական շուքը վերադարձնելու եւ օրենքով բացառելու Երեւանի կենտրոնում մայրաքաղաքի պատմաությանն ու ոգուն անհարիր կառուցապատում իրականացնելու մասին կետը:
Տիգրան Սարգսյանը նշեց նաեւ, որ հասարակական կազմակերպությունների ու մասնագետների հետ խնդիրը քննարկվել է եւ ստեղծվել է աշխատանքային խումբ` քաղաքաշինության փոխնախարարի գլխավորոթյամբ: “Նպատակն է լինելու օրենքով սահմանել այն կանոնները, որոնք հնարավորություն են տալու լուծել այդ խնդիրները”,-նշեց Տիգրան Սարգսյանն ու հավելեց, որ կան շինություններ, այդ թվում նաեւ Փակ Շուկան, որոնց շուրջ հասարակության կարծիքները տարբեր են:
“Մենք ուզում ենք երաշխավորել, որ որոշումների ընդունումը լինելու է թափանցիկ: Եթե հանրության մեջ կան տարբեր տեսակետներ միեւնույն օբյեկտի նկատմամբ, որոշումները լինելու են թափանցիկ եւ կանոնները բոլորին հայտնի են լինելու”:
Տիգրան Սարգսյանը հավելեց, որ հանձնաժողովը քննարկելու է Փակ շուկայի եւ հանրային հնչեղություն ունեցող այլ համապատասխան օրինագծի ԱԺ ներկայացնելը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքելով վարչապետի պատասխանին, հայտարարեց, թե նրա խոսքից հասկացավ, որ կառավարությունն, ինչպես նախկինում, օրքենքով սսհմանված միջոցառումներ կիրականացնի, որից իրականությունը չի փոխվի: “Այսօր հանրության ուշադրության կենտրոնում է Փակ շուկայի իրավիճակը եւ հանրային ուշադրության պայմաններում կշարունակվի քանդվել հերթական հուշարձանը”,-հայտարարեց նա: